Բաքուն երբեմնի արցախյան Ազատ գյուղում փառատոն է անում, իսկ 2 տարի առաջ Ալիևը խոստացել էր «արևմտյան ադրբեջանցիներին» Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղ վերադարձնել

20 օր առաջ «Ալիևը չի փակել «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի դուռը. Հայաստանի դեմ «իրավաքաղաքական», «պատմագիտական» բազա է ստեղծվում, փոխհատուցման չափ է որոշվում» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որից հետո մեր այս պնդումը հաստատող մի շարք դրվագներ են եղել:

Նախ՝ հունիսի 18-19-ին Նախիջևանի Օրդուբադ քաղաքում տեղի է ունեցել «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողով-փառատոնը, որի կազմակերպիչներն էին Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը, Կրթության և գիտության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը: Այս մասին, իհարկե, վերը նշված հոդվածում նախապես տեղեկացրել ենք:

Իսկ նշված համաժողովի շրջանակում «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար։

Երկրորդ, ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկացանք, որ շվեդ ռեժիսորին վավերագրական ֆիլմ է պատվիրվել՝  նվիրված «արևմտյան Ադրբեջանի մշակութային ժառանգությանը՝ The Homeland in Memory, որն արդեն իսկ սկսել են ներկայացնել ադրբեջանական հանրությանը:

Կարդացեք նաև

Երրորդ, Ադրբեջանի Գյոլգյոլի շրջանի Ենի Զոդ գյուղի «Խան Յուրդու» էթնոհամայնքում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը․ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոնը, որի մասին պատմող ադրբեջանական նյութերում կարելի է տեսնել ՀՀ քարտեզը, մեր երգն ու երաժշտությունը, հայկական լավաշը, և այլն: Ավելին, այդ նյութերում Երևանն անվանվում է «Իրեվան»:

Ոչ մի դետալ հենց այնպես չի ընտրվել, ամեն ինչում հստակ քաղաքական մեսիջ-պահանջ կա, այդ թվում՝ փառատոնի վայրը հենց այնպես չի ընտրվել: Բացատրենք: Այսօր Ադրբեջանի Գյոլգյոլի շրջանի (նախկին Խանլար) մեջ մտնող Ենի Զոդ գյուղը նախկինում կոչվել է Ազատ, երբ հայաշատ է եղել (Հյուսիսային Արցախ): Այստեղ, ըստ ադրբեջանական աղբյուրների, մեծամասամբ բնակվում են ՀՀ Գեղարքունիքի մարզից դուրս եկած ադրբեջանցիներ, և Ենի Զոդ կամ Սոթքը պատահաբար չեն կոչում երբեմնի Ազատ անունը կրած գյուղը: Ավելին, «խորհուրդ» կա նաև, թե ինչու են հենց այս գյուղում վերաբնակեցվել և «արևմտյան Ադրբեջանին» նվիրված փառատոն կազմակերպել:

Ուրեմն՝ 2025 թվականին Ադրբեջանի իշխանությունները որոշում էր կայացրել, որ 2026-2027 թվականներին միջոցառումներ են լինելու աշուղ Ալեսկերի մահվան 100-ամյակին նվիրված, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում, և նա, ըստ ադրբեջանական պնդումների, ծնվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում, որն Ադրբեջանն անվանում է Աղքիլիսա: Եվ 2024 թվականին, երբ Բաքվում բացվում էր իրենց այդ աշուղի հուշարձանը, Ադրբեջանի նախագահ Ալիևն իր ելույթում, մասնավորապես, շեշտել էր, որ մի օր «մեծ վերադարձ» են նշելու նաև «արևմտյան ադրբեջանցիների» դեպքում, ինչպես դա եղավ Ղարաբաղից դուրս եկածների դեպքում:

«Վստահ եմ, որ նույն պատկերը մենք կտեսնենք նաև «արևմտյան Ադրբեջան» վերադառնալու ժամանակ: Նույնիսկ օկուպացիայի ժամանակ իմ որոշ ելույթներում ես մտքեր եմ հայտնել՝ կապված «արևմտյան Ադրբեջանի» հետ։ Մենք ամեն անգամ մեր առջև պետք է նպատակներ դնենք՝ ինչպես ռազմավարական, այնպես էլ՝ մարտավարական, ինչպես՝ կարճաժամկետ, այնպես էլ՝ երկարաժամկետ։ Բայց եթե նպատակները սխալ ընտրվեն, որևէ արդյունքի չի հաջողվի հասնել։ Նպատակները պետք է արտացոլեն՝ ինչպես ճշմարտությունն ու արդարությունը, այնպես էլ՝ իրական իրավիճակը, մեր իրական ուժը:

Մեր գործն արդար է, և ադրբեջանական ժողովուրդը պաշտպանում է մեր գործը։ Ըստ էության, սա ադրբեջանական ժողովրդի գործն է: Այսօր «արևմտյան ադրբեջանցիների» ականավոր ներկայացուցչի հուշարձանի կանգնեցումը, բնականաբար, առաջին հերթին աշուղ Ալեսկերի հիշատակի հանդեպ ադրբեջանական ժողովրդի հարգանքի նշանն է, բայց միևնույն ժամանակ այս հուշարձանն իրադարձություն է, որը բոլոր «արևմտյան ադրբեջանցիներին» և ողջ ադրբեջանական ժողովրդին հանուն մեկ միասնական նպատակի կրկին համախմբվելու կոչ է:

Մենք անհամբերությամբ ենք սպասում այդ օրվան, հավատում ենք։ Ես հավատում եմ, և դուք եք հավատում։ Կգա մի օր, երբ մենք կվերականգնենք հայերի կողմից ավերված աշուղ Ալեսկերի հուշարձանը և նմանատիպ արարողություն կանցկացնենք Աղքիլսա (ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում.- Մ.Պ.) գյուղում»,- 2024 թվականի սեպտեմբերին խոստացել է Ալիևը: Այսինքն, այն, ինչ այսօր տեսնում են, «արևմտյան Ադրբեջան» պետական քաղաքական ծրագրից բխող ռազմավարա-մարտավարական քայլեր են:

Մենք, բնավ, ադրբեջանական թեզեր տարածող չենք, հենց դրա համար վերապահումով ենք մոտեցել «300.000 ադրբեջանցի» ձևակերպմանը, քանի որ այդքան ադրբեջանցի չի ապրել ՀՀ-ում, ինչպես բազմիցս գրել ենք, բայց չենք կարող չարձանագրել ակնհայտ փաստերը, Ալիևի հետևողականությունն այս հարցում, ով, ըստ էության, սպասում է ճիշտ ժամանակին գործելուն, ինչպես դա արեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին:

Չենք կարող չնկատել, որ Ադրբեջանի նախկին զինվորականը, ով այսօր ռազմական փորձագետ է, Դիլիջանը համարում է իրենցը, և նշում, որ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը տիրոջ իրավունքով է ոտք դրել այդտեղ:

Կրկնում ենք՝ այստեղ ոչ մի հայելային լուծում չկա, որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի նման տպավորություն ստեղծել: Ի վերջո, ինքը վերադարձի ոչ մի ծրագիր չի ֆինանսավորում և հովանավորում, ինչն անում է Ալիևը, ուստի հայելայնության մասին պնդումները լուրջ չեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930