Բաժիններ՝

Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն ամերիկյան Real American Freestyle (RAF) կազմակերպությունում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի, հաղորդում է ArmSport.am-ը։

Հայ ըմբիշը հնարավորություն է ստացել պայքարելու թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական տիտղոսի համար։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Տիտղոսային այս դիմակայությունը կկայանա սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում նախատեսված RAF 13 մրցաշարի շրջանակում։ Օլիմպիական խաղերի կրկնակի մասնակցի մրցակիցը կլինի կազմակերպության գործող չեմպիոն, ամերիկացի Օսթին Դեսանտոն։ Վերջինս մինչ օրս անպարտելի է RAF-ում՝ իր ակտիվում ունենալով երեք անընդմեջ հաղթանակ, ինչպես նաև հանդիսանում է 2026 թվականի Պանամերիկյան առաջնության հաղթող։

Արսեն Հարությունյանն այս իրավունքը վաստակել է լիգայում ունեցած վստահ ու տպավորիչ ելույթների շնորհիվ։ Նա RAF-ում հասցրել է անցկացնել երկու գոտեմարտ՝ տոնելով նույնքան հաղթանակ։ Նորամուտի գոտեմարտում հայ մարզիկը բացահայտ առավելությամբ հաղթել էր Քեյլեբ Սմիթին, իսկ դրանից հետո Միլուոքիում կայացած RAF 11-ի ժամանակ ծանր դիմակայությունում պարտության էր մատնել Բեն Դավինոյին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի այս շաբաթավերջը խոստանում է չափազանց հագեցած լինել հայ երկրպագուների համար։ Հարությունյանի տիտղոսային գոտեմարտի հաջորդ օրը՝ Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարի համահիմնական իրադարձության շրջանակում, հայ մարտիկ Արման Ծառուկյանը կմենամարտի Մաուրիսիո Ռուֆիի դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930