Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները տասնյակ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են Սաուդյան Արաբիայի Աբհա, Նաջրան, Ջիզան շրջաններում, ինչպես նաև Տնտեսական քաղաքում «Արամկո» նավթային ընկերությանը պատկանող օբյեկտները, ինչպես նաև Խամիս Մուշաիթ ավիաբազան՝ զգալի վնասներ պատճառելով։ Այս մասին հաղորդում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Մինչ այդ հութիները սաուդական ուժերին մեղադրել են լարվածության սրման համար՝ նշելով, որ Եմենի և նրա ժողովրդի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական պատասխանի։
Ըստ տեղեկությունների՝ Սաուդյան Արաբիան չորս ավիահարված է հասցրել Եմենի հյուսիս-արևելքում գտնվող Մարիբի նահանգի ալ-Ջուբայի շրջանին, որը վերահսկվում է հութիների կողմից։
Հութիների հայտարարության մեջ նշվում է, որ վերջին երեք օրվա ընթացքում Սաուդյան Արաբիան 121 ավիահարված է հասցրել իրենց հսկողության տակ գտնվող շրջաններին։
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հաստատել է, որ մի շարք նավթային օբյեկտներ և կայանքներ թիրախավորվել են Եմենի հութիների կողմից՝ նշելով, որ հարվածների հետևանքով կան վիրավորներ։
«Թագավորության հարավային շրջանի մի շարք էներգետիկ ոլորտի օբյեկտներ և կայանքներ թիրախավորվել են։ Համապատասխան մարմինները սկսել են կարգավորել իրավիճակը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ», – նշված է X-ում նախարարության գրառման մեջ։
Նաև նշվում է, որ հարձակումները հրդեհներ են առաջացրել մի քանի վայրում։
Գերատեսչությունը հավելել է, որ ներկայում ընթանում է վնասի չափի գնահատում, և որ վիրավորները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։

