1920 թվականի Շուշիի կոտորածի կազմակերպումն ու ողբերգական օրերի մասին հուշերը

1920 թվականի մարտի 23-26-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Շուշի քաղաքում տեղի ունեցավ հայերի կոտորածը։ Սակայն, մինչև բուն գործողությունները, հետաքրքիր դեպքեր և իրադարձություններ տեղի ունեցան Արցախում։ Նախքան կոտորածներն ամեն ինչ արվում էր, որպեսզի Շուշին մեկուսացման մեջ հայտնվի, և փակվեն քաղաքը սնուցող ճանապարհները։ Նախ հայերի համար փակվեց Շուշի-Աղդամ ճանապարհը, և քաղաքի հայ բնակչությունը հայտնվեց տնտեսական շրջափակման մեջ։ Այդ ամենին հաջորդեց Արցախահայության բռնի զինաթափումը։ Պետք է ընդգծել, որ զինաթափման տակտիկան թուրքերն օգտագործել էին նաև Շուշիի դեպքերից առաջ՝ 1915 թվականի կոտորածների ժամանակ։

Թուրքերը լավ գիտակցում էին, որ հայերը լավ մարտիկներ են, այդ իսկ պատճառով նրանք նախ զինաթափեցին հայերին, այնուհետև կարողացան իրականացնել իրենց սարսափելի ոճիրը։ Նույն ձեռագիրը գործեց նաև Շուշիի կոտորածի դեպքում։ Մի շարք վարկածների համաձայն, Շուշիի կոտորածների կազմակերպիչ Սուլթանովին հայերի զինաթափման մասին հուշել են թուրքերը, քանի որ նրանք մեկ անգամ արդեն իսկ այդ մեթոդով հասել էին իրենց համար ցանկալի հաջողության։ 3 օրվա ընթացքում Արցախի հայությունը հանձնեց զենքերը։ Ինքնապաշտպանության տարբերակը վերացնելուց առաջ, Բաքվից Արցախ էր ուղարկվել մի քանի տասնյակ վագոն զենք և զինամթերք։

Արդեն իսկ մարտի 22-ին Սուլթանովի հրամանով Արցախում գտնվող թուրք-թաթարական զորքերը սկսեցին խուզարկություններ իրականացնել նաև Շուշիում։ Խուզարկություններն իրականացվում էին բացառապես հայկական թաղամասերում։ Խուզարկության անվան տակ նրանք բռնի զինաթափեցին նաև Շուշիի բնակչությանը, իսկ արդեն հաջորդ օրը՝ մարտի 23-ին, Սուլթանովի և մի շարք թուրք սպաների ղեկավարությամբ զորքերը մտան Շուշի, և սկսվեց հայերի կոտորածը։ Այդ օրերի մասին բացառիկ ու հետաքրքիր հուշեր է ներկայացնում հայ ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանը։ Աճառյանն իր «Կյանքիս հուշերից» գրքում մասնավորապես նշում է․

«…Ազգամիջյան կռիվների ժամանակ ադրբեջանցի ազգայնամոլները գիշերային հանկարծական հարձակում գործեցին հայոց վրա և կրակ տվին։ Այդ գիշերը ուժեղ քամի էր։ Քամին տարածեց հրդեհը, չոր թախթափուշերը հեշտությամբ վառվեցին, և ամբողջ քաղաքը հրո ճարակ դարձավ։…Այսպես դատարկվեց Շուշին ու մեռավ։․․․ Ղարաբաղցիք, ինչպես հայտնի է, լավ կռվողներ են եղել միշտ, և այդ օրն էլ կարող էին դիմադրել, բայց, ինչպես ասացի, հարձակումը բոլորովին հանկարծական եղավ, և հայերն էլ ոչ մի պատրաստություն չունեին»։

(Հատվածը վերցված է Հրաչյա Աճառյանի «Կյանքիս հուշերից» գրքից։ Երևան, 1967 թվական, էջ 255)։

Շուշիի դժոխային օրերի մասին խոսել է նաև խորհրդային պետական գործիչ Սերգո Օրջոնիկիձեն․

«Հազարավոր այրված գյուղեր, քարուքանդ եղած քաղաքներ, երեխաների և կանանց հափշտակում։ Անցյալ տարի, նախքան խորհրդային իշխանությունների հաստատվելը, հայկական Շուշի քաղաքը խայտառակ ձևով ոչնչացնելը, բռնաբարություն, կոտորած, երեխաներին ու կանանց հորերն ու անդունդները գցելը,- այս է Անդրկովկասում նացիոնալիզմի տիրապետության անփառունակ շրջանը։ Կանցնի ժամանակ, կրքերը կմեղմանան, և մեր սերունդները անեծքով կհիշեն նրանց, ովքեր եղել են այս նողկալիության հանցավորները»։

(Հատվածը վերցված է Գ․Կ․Օրջոնիկիձեի «Ընտիր հոդվածներ և ճառեր» գրքից։ Երևան, 1950 թվական, էջ 75)։

Շուշիում տեղի ունեցած վայրագություններն անարձագանք չմնացին և մի շարք թերթեր ու պարբերականներ գրեցին հայերի կոտորածների մասին։ Մասնավորապես մամուլի անդրադարձի մասին մենք հանդիպում ենք Վլադիմիր Սևյանի «Շուշի» գրքում․

«Բաքվի «Կոմունիստ» թերթը 1920-ի հունիսի 2-ի համարում գրում է․ «Ղարաբաղում արյունալի կռիվներ են տեղի ունեցել։․․․ Շուշիում հազարավոր հայեր են կոտորվել,․․․  ինտելիգենցիան զգալի զոհեր է տվել,․․․ Կոմունիստները կորցրել են Ծատուրյանին, Ֆիրջանյանին, Ջանումյանին»։

(Հատվածը վերցված է Վլադիմիր Սևյանի «Շուշի» գրքից։ Երևան, 1991 թվական, էջ 82)։

Մեկ այլ մեջբերում արվում է վրացական թերթերից մեկի արձագանքի մասին․

«Շուշվա կործանման առթիվ վրացական մի թերթ գրել էր․ «Կովկասում մի ադամանդ կար, թուրքերը փշրեցին այդ ադամանդը հազարի»։ (Նույն տեղում՝ էջ 80)։

Շուշիի մոտ 47 հազար հայ բնակչության  20 հազարը կոտորվեց։ Տեղ-տեղ նշվում է նաև 30 հազար թիվը։ Կոտորածներից փրկված մոտ 25 հազար մարդ կարողացան ապաստան գտնել Վարանդայում, Դիզակում։ Մի մասը տեղափոխվեց նաև Զանգեզուրի գյուղերն ու բնակավայրերը։ Կոտորածներից զատ, թալանվում էին նաև տները, ապա այրվում էին տներն ու ամբողջական թաղամասեր։ Ըստ որոշ տեղեկությունների՝ կոտորածներից ու թալանից հետո քաղաքի հայկական թաղամասերում թողնվեց ընդամենը 2 տասնյակ տուն, որն էլ օգտագործվելու էր թաթարական բանակի համար։ Շուշիում տեղի ունեցած ցեղասպանությունը ցավալիորեն երբեմն մոռացության է մատնվում։

Այդ օրերի խոսուն վկաներն են այն  բացառիկ լուսանկարները, որոնցում երևում է հայկական գեղեցիկ ու հզոր քաղաքի ողբերգական վիճակը։ Թերևս, պատմությունը ցույց է տվել, որ թուրք մարդն իր վերաբերմունքը, պետական նպատակներն ու տակտիկան չի փոխել։ Սակայն պատմության կրկնվող ընթացքի մեջ գրեթե նույնությամբ կրկնվում է նաև հայ մարդու վարքագիծը։ Արդյունքում սերունդները սպանվում են, զոհվում, մահանում մարտի դաշտում, իսկ մենք դասեր չքաղելով՝ հող ենք նախապատրաստում մեր դեմ կատարվելիք ապագա կոտորածների համար։

Զ․ Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս