Ով է մեղավոր, որ բանակն ընկալվում է՝ որպես каторга. 25-օրյա վարժական հավաքներին մասնակցության «հրավերներն» ընդդիմադիրներին քաղաքակա՞ն են, թե՞…

Հունիսի 4-ին լուրեր էին տարածվել, որ Ռազմական ոստիկանության աշխատակիցները ՀՀ սահմանային անցակետերում վարժական հավաքներին մասնակցելու  ծանուցագրեր են տրամադրում  Ռուսաստանից  Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիներին։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում անմիջապես արձագանքել էր, որ ծանուցման համար սահմանված կարգ կա, և այն իրականացվում է այդ ընթացակարգերին համապատասխան։

«Ծանուցման համար կա կարգ։ Ծանուցումը սովորաբար լինում է՝ ըստ այդ կարգի։ Այնտեղ ծանուցում տալ ֆիզիկապես հնարավոր չէ։ Ուղիղ օդանավակայանում ոչ մեկին չեն կարող ծանուցագիր տալ: Ռազմական ոստիկանությունն իրականացնում է իրեն վերապահված գործառույթները, իսկ տարբեր պետական կառույցներ անհրաժեշտության դեպքում կարող են իրականացնել համապատասխան գործողություններ»,- նշել էր Պապիկյանը։

Հակադարձմանը՝ արդյո՞ք կարող է բացառել, որ Ռուսաստանից ժամանած քաղաքացիները կարող են ուղարկվել 25-օրյա վարժական հավաքների, պաշտպանության նախարարն արձագանքել էր.

Կարդացեք նաև

«Ինչպե՞ս կարող եմ բացառել դա։ Ռուսաստանից եկող Հայաստանի Հանրապետության քաղաքացին զինապարտ է, հայրենիքի առաջ պարտականություններ չունի՞։ Բնականաբար, չեմ կարող բացառել։ Ոչ միայն ՌԴ-ից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, և այլն, և այլն»:

Նույն միտքը Պապիկյանը լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրել էր հենց ԱԺ ընտրությունների օրը:

«Կարծում եմ՝ օրինաչափ է, երբ ՀՀ քաղաքացիները, որոնք զինապարտ են, իրենց պարտականությունները կատարեն նաև հայրենիքի առաջ, այսինքն՝ իրավունքներն իրացնելուց զատ՝  նաև հայրենիքի առաջ ունեցած պարտականությունը կատարեն»,- շեշտել էր նա՝ համոզելով, որ վարժական հավաքների մասնակցելու մասին ծանուցումները չեն տրամադրվում իր  և Նիկոլ Փաշինյանի հրահանգով, որովհետև արձակուրդում են եղել, և ոչինչ, որ որպես վարչապետ լինելով արձակուրդում, նախընտրական շրջանում առնվազն Փաշինյանն իրավապահներին հրահանգներ տվել է: Առհասարակ, այսօր էլ ապրում ենք չգրված օրենքների ժամանակահատվածում, եթե չասենք՝ օրենքների պահանջների ոտնահարման:

Հունիսի 9-ին էլ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն է լրագրողներին ասել՝  ճիշտ է, որ պահեստազորում հաշվառվածները բոլորն էլ հերթականությամբ պետք է գնան վարժական հավաքների՝ չհամաձայնելով, բնականաբար, որ ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ ընտրողաբար մոտեցում կա:

Այո, օրենքի սահմաններում, պահեստազորում հաշվառված ՀՀ քաղաքացիները պետք է մասնակցեն վարժական հավաքի, և, այո, առանց խտրականության,  ընտրողականության և ոչ  քաղաքական պահի թելադրանքի: Բայց խնդիրը հենց վերջին մտքի տիրույթում է, այսինքն, բանակն ու վարժական հավաքները որպես պատժիչ գործողություն դիտարկելուն հենց գործող իշխանություններն են մղում:

Արդյո՞ք  NEWS.am-ի լրագրող Նարեկ Խաչատրյանի՝ ընտրության հենց հաջորդ օրը վարժական հավաքներին մասնակցելու ծանուցման ստացումը չի տեղավորվում վերը նշված տրամաբանության մեջ, երբ քվեարկության օրը նա Սոթքում արձանագրել է ընտրատեղամասում հարյուրավոր զինծառայողների կուտակումը քվեարկության ավարտից րոպեներ առաջ, ինչպես նաև՝ զինծառայողների հետ ընտրատեղամաս մտած ու նրանցից ոչ մի կերպ չհեռացող քաղաքացիական հագուստով անձանց, ովքեր չունեին որևէ կարգավիճակ, որը նրանց թույլ կտար այդ պահին գտնվել ընտրատեղամասում։

Չի բացառվում, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այստեղ որևէ դիտավորություն չի տեսնի և կասի, որ այլ լրատվամիջոցների աշխատակիցներ էլ են ստանում նման ծանուցումներ, այդ թվում՝ իշխանական, որ Նարեկ Խաչատրյանը, օրինակ, հունիսի 23-ից է մեկնելու վարժական հավաքի, և այլն: Գուցե, ենթադրենք՝ հավատացինք, որ ամեն ինչ պատահականություն է և ոչ դիտավորություն:

Բայց սրա կողքին նաև տեղեկություններ կան, որ այլ երկրից եկած արական սեռի ՀՀ քաղաքացիների «սեկտը» փակել են, թեև նրանք ոչ մի բանում չեն մեղադրվում, ոչ էլ վարժական հավաքի ծանուցում են ստացել, պահել են, որ հերթով ծանուցումները տան: Այստեղ, իհարկե, պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը կասի այն, ինչ վերևում արդեն հիշատակել ենք: Իսկ սրանից առաջ ունենք  իշխանության ներկայացուցիչների գրառումներն ու կոչերը:

Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն ընտրություններից օրեր առաջ «Ռուսաստանից 100․000 ընտրողների» ժամանելու վերաբերյալ հարցին պատասխանել էր. 

«Ես շատ ուրախ եմ, որովհետև Ա) այդ մարդկանց մեծ մասը, մեր հարցումները ցույց են տալիս, որ մեզ են ընտրելու, Բ) այդ մարդիկ մեզ պետք են, որովհետև հիմա հավաքներ են անցկացվում՝ մեկամսյա, (վարժական)․․․ այո, և շատ լավ կլինի, եթե էդ 100000 մարդուց, ասենք մի 30-40 հազարը կմնա էստեղ՝ կուղարկենք վարժական հավաքների։ Մի երկու ամիս վարժական հավաքի կմասնակցեն, հետո կվերադառնան Կալուգա։ Ի՞նչ է, ի՞նչ խնդիր կա»։

Նշենք, որ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը բանակում չի ծառայել, հարցն այստեղ այն չէ, թե որքանով է օրինական կամ ոչ օրինական ազատվել ծառայությունից, այլ, որ չծառայած մարդը կարող է իրեն նման կոչի իրավունք վերապահել:

Ավելի ուշ նույնաբովանդակ հայտարարություն էր արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նշելով.

«Ռուսաստանից ընտրակաշառքով կալուգացի Սամոյի համար Հայաստան ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին։ Երեկվանից ինչ-որ անհասկանալի քննարկումներ են սկսվել՝ արդյո՞ք պետք է էդ մարդիկ ներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին, թե ոչ։ Պատասխան՝ միանշանակ այո, պետք է ներգրավվեն։ Մի պարզ պատճառով՝ եթե էդ մարդիկ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ունեն Հայաստանում ընտրելու իրավունք, բնականաբար նաև ունեն պարտականություններ՝ Հայաստանի Հանրապետության հանդեպ և պետք է ներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կխուսափեն 25-օրյա վարժական հավաքներից՝ բնականաբար կենթարկվեն քրեական պատասխանատվության»։

Չախոյանի կենսագրության մեջ զինվորական ծառայության մասին ևս ոչինչ չկա:

Բանակում այս չծառայած անձինք պաշտպանության նախարա՞ր են, որ որոշում են՝ ով պիտի հավաքի տարվի: Ի դեպ, իշխանության ներկայացուցիչների նման գործելաոճը նորություն չէ:

Ժամանակին դիմադրության շարժման օրերին՝ 2022 թվականին,  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կոչ էր արել ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը հավաքագրել ընդդիմության քաղաքական միջոցառումներին և ակցիաներին մասնակցող քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որը, ըստ նրա, «կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով»:

Նույն ժամանակում մամուլում  տեղեկություն տարածվեցին, որ ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկվել  ընդդիմադիրներին, այդ թվում՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն՝ Տարոն  Մանուկյանին,  որն այդ ժամանակ  կալանքի տակ էր:

Ի դեպ, այդ ժամանակ Քոչարյանը նման կոչ նաև լրագրողներին էր հասցեագրել։

Այսինքն, վարժական հավաքներին ընդդիմադիրներին տանելն այսքան չէր շահարկվի, եթե իշխանություններն իրենք նման միջավայր և մթնոլորտ չստեղծեին, ի վերջո, քաղաքական պասիվ շրջաններում էլ են նրանք մեկնում հավաքների: Սա՝ առաջին: Երկրորդ, վարժական հավաքների ծանուցումներ ուղարկվեին նաև իշխանության ներկայացուցիչների ծառայած որդիներին: Օրինակ, այս տարվա ապրիլին հերթական անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունից փորձել ենք պարզել՝ ինչո՞ւ Աշոտ Փաշինյանը գոնե մեկ անգամ չի կանչվել վարժական հավաքների պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելուց հետո, ինչին ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունից մեզ հայտնել էին.

«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված 18.03.2026 թ. Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ պահեստազորայինների վարժական հավաքներն իրականացվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով և ժամկետներում: Պահեստազորայինների ընտրությունն իրականացվում է համաձայն ժամանակացույցի և զինվորական հաշվառման մասնագիտության:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2023-2026թթ. ընթացքում Աշոտ Փաշինյանի զինվորական հաշվառման մասնագիտությամբ պահեստազորում հաշվառվածներից վարժական հավաքներին ներգրավվել է ընդամենը 4.7 տոկոսը, իսկ Աշոտ Փաշինյանը դեռևս չի ներգրավվել»:

Պաշտպանության նախարարությունը գաղտնի է պահել  Աշոտ Փաշինյանի պահեստազորում զինվորական հաշվառման մասնագիտությունը կամ մասնագիտացումը, շրջանցել է  վարժական հավաքներին մասնակցությանն առնչվող օրենսդրական հիմնավորումներ ներկայացնելու մեր հարցադրումները:

Կարծես թե  ԱԺ պաշտպանության  և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ծառայած որդին ևս այս տարիներին վարժական հավաքի չի կանչվել, մենք կփորձենք ՀՀ պաշտպանության նախարարությունից պաշտոնական պարզաբանում ստանալ նաև նրա որդու հետ կապված:

168.amգրել էր, որ Քոչարյանի կրտսեր որդին ծառայել է Արցախում՝ Հայկազովում, 44-օրյա պատերազմից հետո ծառայությունը շարունակել է Վանաձորում:

Վարժական հավաքների հետ կապված ևս խնդիր ունենք, որ դրա մասնակիցներն ըստ զինվորական մասնագիտացման՝ ճիշտ տեղաբաշխվեն: Խնդիր, որ ունեցել ենք նաև 44-օրյա պատերազմի ժամանակ:

Իսկ 2026 թվականին, ինչպես նախապես հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, վարժական հավաքներին կզորակոչվի 20 հազար պահեստազորային՝ 2025 թվականի 16.000-ի փոխարեն:

Նշենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հոդված 59-ը սահմանում է, որ «զինվորական կոմիսարիատները վարժական հավաքի հայտարարման օրվան նախորդող առնվազն եռամսյա ժամկետում իրականացնում են վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստական գործընթաց` հայտարարվող վարժական հավաքին սույն հոդվածի 5-րդ և սույն մասերով նախատեսված վարժական հավաքին կանչվելու ոչ ենթակա հանգամանքներն ու պայմանները և քաղաքացու առողջական վիճակը հստակեցնելու միջոցով վարժական հավաքին քաղաքացու մասնակցությունն ապահովելու նպատակով, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացին պարտավոր է զինվորական կոմիսարիատի համապատասխան ծանուցման հիման վրա ներկայանալ իր զինվորական հաշվառման մարմին»:

Այսինքն, այստեղ ևս ունենք օրենքում բացեր, որ հստակ չի նշվում՝ ե՞րբ  պետք է ստանա ծանուցումը ՀՀ քաղաքացին և ի՞նչ ժամկետում պետք է մեկնի վարժական հավաքի, այլ կերպ՝ մանևրելու տեղ կա: Իսկ թե պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին ովքեր կարող են կանչվել, մի առիթով մանրամասն ներկայացրել ենք։ 

Իսկ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածն էլ սահմանում է.

«1. Զորահավաքի ժամանակ պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչն իրականացվում է զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պլաններով նախատեսված ժամկետներում՝ զինվորական կոմիսարիատների կողմից:

2. Զորահավաքային զորակոչի ենթակա չէ այն քաղաքացին, որը`

1) ամրագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

2) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի.

3) ունի չորս և ավելի երեխա.

4) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է»:

Իհարկե, կեսկատակ-կեսլուրջ, կարող ենք առաջարկել, որ օրենսդրական արտոնությունը վերանա, և մատների վրա հաշված զինվորական ծառայություն անցած պատգամավորներին և կառավարության անդամներին ևս հնարավորություն տրվեր՝ 25 օր մասնակցելու վարժական հավաքներին և մի 2 շաբաթ պահել իրենց հռչակած 29743 քկմ-անոց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանը: Նման քայլի չեն գնա, չէ՞, բանակը պատժիչ վայր կընկալե՞ն…

Մարիամ Պետրոսյան

Հ.Գ. 2017 թվականին  Ազգային ժողովում Կառավարության կողմից ներկայացված՝ «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց էր ուղղել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ «ինչպես բանակը կատըռգայից (պատժիչ հիմնարկ-Մ.Պ.) դարձնել առավել գրավիչ»: Այսինքն, բոլոր ժամանակներում բանակի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունք արտահայտվել է, և գուցե դրանում իր մեղքի բաժինն է ունեցել իշխանությունը: Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ ակտիվ է աշխատում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930