Նիկոլ Փաշինյանի «պարտքը»՝ ադրբեջանցիներին. Հադրութը և Շուշին պետք էր կորցնել

2022թ․հունվարի 24-ին Նիկոլ Փաշինյանը, հերթական առցանց ասուլիսի ժամանակ, հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ-ն Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների վերաբերյալ՝ նկատի ունենալով այն, որ Հադրութը, Շուշին և Մարտակերտի որոշ բնակավայրեր նախկին ԼՂԻՄ սահմաններում են եղել՝ ի համեմատ, օրինակ, Քարվաճառի, Քաշաթաղի և մյուս տարածքների, որոնց կարգավիճակն իրավական տեսանկյունից վիճարկելի է, կրկնել է արդեն ասված միտքը՝ «բանակցային գործընթացում մինչև 2018թ․ և դրանից հետո էլ երբեք ԼՂԻՄ-ը չի դիտարկվել միայն հայկական տարածք», և այս համատեքստում շարունակել.

«Ես հենց դա էի ասում ոչ էդքան ուղիղ նախորդ անգամ։ Շուշիի հարց եղել ա՞ բանակցություններում, թե՞ չի եղել, հետո խոսեցի Մադրիդյան սկզբունքներում առկա սկզբունքի մասին, ըստ որի՝ ենթադրվող հանրաքվեին պետք է մասնակցեին ցանկացած ազգության ներկայացուցիչներ այն համամասնությամբ, որով եղել են 1988թ․։ Սա թարգմանաբար նշանակում է, որ և հայերը պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի ապագա ճակատագրի որոշմանը, և ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները»:

2021-ի դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսի ժամանակ հարցին, թե Հայաստանը պաշտոնական դիրքորոշում ունի՞, թե որոնք են Լեռնային Ղարաբաղի սահմանները, և եթե բանակցությունները մեկնարկեն՝ Հայաստանը բարձրացնելո՞ւ է Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի հարցը, Փաշինյանը, մասնավորապես շեշտել էր.

«ԼՂ ինքնավար մարզը երբեք բանակցային գործընթացում չի դիտարկվել՝ որպես զուտ և միայն հայկական միավորում, որովհետև այնտեղ այն փաստի բերումով, ամեն դեպքում դա բանակցություններում արձանագրված է, որ ԼՂ ինքնավար մարզում ապրել են նաև ադրբեջանցիներ, և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ»:

Ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանելով իր այս հայտարարությունից հետո իր ընդդիմախոսների արձագանքներին, Փաշինյանը, մասնավորապես, հիշեցրել էր.

«Հիշում եք, որ նոյեմբերի 9-ից հետո թեմա ծագեց, թե եղել է հնարավորություն 44-օրյա պատերազմը կանգնեցնել ԼՂԻՄ-ի ժամանակ Շուշիում բնակված ադրբեջանցիների և/կամ նրանց ընտանիքի անդամների՝ Շուշի վերադառնալու իրավունքը երաշխավորելու դիմաց: Այսօրվա նույն շրջանակները 2020-ի աշնանն ասում էին, թե այդպիսով Շուշին հայկական պահելու շանս է եղել, և ես չեմ գնացել դրան, ինչին հակադարձեցի, թե ԼՂԻՄում Շուշիի բնակչության 90 տոկոսը ադրբեջանցի է եղել, ո՞նց եք պատկերացնում 90 տոկոսով ադրբեջանցի բնակչությամբ հայկական բնակավայր: Էդ ժամանակ էլ ինձ մեղադրեցին, թե ասում եմ՝ Շուշին հայկական չէ: Հիմա այդ նույն մարդիկ ինչո՞ւ են նեղսրտած, երբ խոսվում է մինչև իմ վարչապետ դառնալը գոյություն ունեցած բանակցային բովանդակության մասին: 2020-ի աշնանը նրանք կողմ էին Շուշիում ապրած ադրբեջանցիների վերադարձին, հիմա դե՞մ: 2007-ին կողմ էին, հիմա՝ դե՞մ»:

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ բացատրելու, թե ինչու չի համաձայնել հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնել:

«ՌԴ նախագահը պայմանավորվածության համաձայն զանգեց: Ասաց, որ Ալիևը համաձայն է, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ, քանի որ Հադրութն ու Թալիշը իրենց հսկողության տակ են, ադրբեջանցիները համաձայն չեն այդ բնագծերից ետ գնալ, և նախկին ԼՂԻՄ տարածքում պետք է խաղաղապահներ տեղակայվեն՝ ըստ փաստացի շփման գծի:

Նաև՝ պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի: Այսպես՝ հրադադարը դարձավ անհնարին, որովհետև ասացի, որ եթե անգամ Հադրութի հարցով համաձայնեմ, չեմ պատկերացնում Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը: ՌԴ նախագահը զարմացավ, թե ինչո՞ւ եմ դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Երբ ներկայացրի փաստարկներս՝ ասաց, որ տրամաբանական է, և ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը:

Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի:

Այսպես՝ պայմանավորվածությունը չկայացավ: Այդ ժամանակ կորսված էին Ջեբրաիլը, Հադրութը և հարակից մի քանի գյուղեր, Ֆիզուլին, Թալիշը»:

Նիկոլ Փաշինյանը սկզբում չհամաձայնելով Շուշիի՝ հայկական հսկողության տակ մնալուն, թեկուզև ադրբեջանցիների վերադարձով, թերևս, ամեն ինչ արեց, որ Շուշին անցնի Ադրբեջանին: Եվ եթե առաջին դեպքում ադրբեջանցիները երկար մտածելուց հետո կվերադառնային և կլինեին հայկական հսկողության տակ, հիմա, ըստ էության, Արցախի՝ հայկական մնացած հատվածի միակ ճանապարհն անցնում է Շուշիի տակով:

Մի առիթով 168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ, պատմաբան, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը նշել էր, որ Շուշին Ստեփանակերտի գլխին կախված ռազմական հենակետ է:

«Բացի այս, պետք է հաշվի առնել, որ Արցախի՝ հայկական մնացած հատվածի միակ ճանապարհն անցնում է Շուշիի տակով: Այսինքն, մի բարակ «թելիկ» է: Պատկերացրեք, որ ռազմական գործողությունների սկսման դեպքում անհնարին է դառնալու այդ ճանապարհով շարժը: Եթե այս պահին որոշակի երաշխիքներ կան ռուս խաղաղապահների ներկայության պարագայում, ապա, եթե իրավիճակ փոխվի, և խաղաղապահները դուրս գան, կամ չհարգվի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, և ռազմական գործողություններ սկսվեն, ստացվում է՝ Արցախի հայկական մնացած հատվածն իր բնակչությամբ, կարելի է ասել, գերու վիճակում է հայտնվելու»,- ասել էր Եղիազարյանը:

Նիկոլ Փաշինյանը սա չի՞ գիտակցել, թե՞ ամեն ինչ ծրագրել է այնպես, որ և՛ քաղաքական մանիպուլյացիաների համար տեղ թողնի, և՛ Ադրբեջանի համար ընդունելի քայլ անի, բայց պատերազմական գործողություններում պարտության քողի տակ:

Հիշեցնենք, որ հարցազրույցների մեկում ադրբեջանցի գնդապետ Թեհրան Մենսիմովը, որը Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավարն էր, պատմել էր, որ «Շուշին «ազատագրելու» օպերացիա սկսելու հրաման տրվել է հոկտեմբերի կեսերին, երբ մարտեր էին ընթանում Հադրութում և Ջաբրայիլում: Այսինքն, նախ պետք էր Հադրութը կորցնեինք և ճանապարհ բացեինք Շուշիի կորստի համար:

«Հադրութը և նրա շուրջ լեռները ելակետային էին Շուշիի վրա հարձակման գործում: 4 բնակավայրերը և ռազմավարական նշանակության բարձունքները վերցրել ենք 4 օրվա ընթացքում: Կար նաև մեզնից աջ ուղղությունը: Այս ուղղությամբ գործող խումբը գրավեց Գարակոլլու գյուղը, Էդիլլուն (Ուխտաձոր), Դյուդյուքչուն, Ախուլլուն (Հարթաշեն), Գորազիլլին, Պիրախմեդլին: Սրա համար պահանջվեց 4-5 օր, եթե չեմ սխալվում»,- ասել էր ադրբեջանցի գնդապետ Թեհրան Մենսիմովը:

Ի դեպ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ինքն էր գրել, որ «Հադրութը վերցրել են բառացիորեն իր աչքի առջև՝ առանց «Բայրաքթարների», զրահատեխնիկայի, ինքնաթիռների ու առանց քանակական առավելության»:

Ալիևն ինքն էր ասել, որ Հադրութի գործողությունը հատուկ նշանակություն ունի իրենց համար, դրա հաջող ավարտը թույլ տվեց իրենց հասնել Ղարաբաղի «ազատագրմանը»:

Շուշիի և Հադրութի կորստի առեղծվածին դեռ առիթներ լինելու է անդրադառնալու, մինչ այդ ներկայացնենք որոշակի թվային փաստեր:

Շուշիի բնակչությունը

1886-ին Շուշի քաղաքի բնակչության 56.7 տոկոսը կազմել են հայերը, 43.3 տոկոսը՝ թաթարները: Արդեն 1926-ին հայերի թիվը Շուշի քաղաքում կազմում է 1.8 տոկոս, թյուրքերինը՝ 96 տոկոս:

Հիշեցնենք, որ 1920 թ. մարտի 23-26-ը Ադրբեջանի զինված ստորաբաժանումները Շուշիի թաթարական հրոսակախմբերի հետ կազմակերպեցին և իրականացրին տեղի հայկական բնակչության ջարդ։

Տարբեր աղբյուրներում նշվում է մինչև 8-10 հազար սպանվածի մասին: Բնականաբար, սա հանգեցրել է հայաթափման:

Ըստ Ethno-kavkaz.narod.ru կայքի, 1939-ին արդեն Շուշիի շրջանի բնակչության 38.6 տոկոսն էին կազմում հայերը, ադրբեջանցիները՝ 58. 3 տոկոս, 1959-ին հայերի թիվը փոքր-ինչ նվազում է, ադրբեջանցիներինը՝ բարձրանում:

1970 թվականին Շուշիի շրջանում ապրում էր արդեն 26.2 տոկոս հայ և 72.4 տոկոս ադրբեջանցի, իսկ 1979-ին, համեմատաբար, 18 և 80.9 տոկոս:

Հադրութի շրջանի բնակչությունը

1939-ին հայերը կազմել են բնակչության 95.7 տոկոսը, ադրբեջանցիները՝ 2.7: 1959-ին այստեղ բնակվող հայերի թիվը հասնում է 93.3 տոկոսի, ադրբեջանցիներինը՝ 6.1 տոկոսի: 1970-ին հայերի թիվը մի քանի տոկոսով նվազում է՝ 87.5, ադրբեջանցիներինը՝ ավելանում՝ 10.4: 1979-ի տվյալով Հադրութի շրջանում հայերը կազմում էին բնակչության 84.4 տոկոսը, ադրբեջանցիները՝ 15.1:

Ինչ վերաբերում է ԼՂԻՄ-ում ընդհանուր բնակչության թվին, ապա 1989-ի մարդահամարով հայերը կազմում էին բնակչության 76.9 տոկոսը կամ 145.450 մարդ, իսկ ադրբեջանցիները՝ 21.5 տոկոս կամ 40.688 մարդ:

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, ինչպես վերևում նշեցինք, Հադրութի կորստին առանց մտածելու համաձսյնել է, այլ կերպ՝ չի վիճարկել: Իսկ Շուշիի հանձնման համար նպաստավոր իրավիճակ է եղել, երբ Շուշին երբեք բանակցությունների մեջ հրատապ, առանցքային հարց չի եղել:

Նիկոլ Փաշինյանի «պարտքը»՝ ադրբեջանցիներին

Ըստ էության, ԼՂԻՄ-ի մեջ եղած Շուշին և Հադրութի շրջանը հանձնելով, կամ դրա հանձնումը ծրագրելով, Փաշինյանը նպաստել է, որ Ադրբեջանը բավարար մարդկային ռեսուրս ունենա հանրաքվե անցկացնելու:

2021-ի ամռանը Ալիևը հայտարարել էր, որ այդ պահին «Ղարաբաղում ապրում է առավելագույնը 25.000 հայ»:

«Ամեն օր հեռացող մեքենաների թիվն ավելի մեծ է, քան մուտք գործողների քանակը: Որտե՞ղ է տրամաբանությունը, որ 25.000 մարդու համար կարգավիճակ ստեղծվի»,- ասել էր նա:

Այսինքն, եթե պետք լինի, հնարավոր է՝ Ադրբեջանը ինքն ասի՝ եկեք հանրաքվե անենք:

Եվ շատ հնարավոր է՝ Ալիևը մարդկանցով վերաբնակեցնի Հադրութի շրջանը, Շուշին, ապահովի այնտեղ մոտ 30.000 բնակիչ և հանրաքվե անի:

Ըստ Արցախի կառավարության կայքի, Հադրութի շրջանի տարածքը 1 876.8 քառ. կմ է:

Շուշի քաղաքը՝ 5.5 քառակուսի կմ: Նշենք, որ ԼՂԻՄ-ի տարածքը 4.4 հազար քառակուսի կիլոմետր է:

Կրկնենք, որ 1989-ի մարդահամարի տվյալներով՝ ԼՂԻՄ-ի տարածքում ապրում էր մոտ 40.000 ադրբեջանցի:

Հետաքրքիր է նաև, որ 90 տոկոսը, Նիկոլ Փաշինյանի դեպքում, ասես, տարածքների հանձնման արդարացման թիվ է. 90 տոկոս ադրբեջանցիներ Շուշիում, կամ «քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո», ուրեմն բանավոր ըմբռնում համատեքստում պետք է սահմանային կետերի ճշգրտում իրականացվի: Այսինքն, գալիս ենք այն վիճակին, որ 10, 20, 30 տոկոսի համար չպետք է պատերազմենք:

Այս ամենը հանրագումարի բերելով, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ասես պարտքի զգացում ունի Ադրբեջանի ժողովրդի հանդեպ, ավելի, քան ՀՀ-ի և Արցախի:

Ինչպես ասում են՝ ничего личного, только факты:

Տեսանյութեր

Լրահոս