Պատմաբան և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը. Ինչո՞ւ է պատմաբանը պարտվում «իրական Հայաստանին»
1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի էր ունեցել հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ էր արտահայտվել ԼՂՀ անկախության օգտին։
Հաշվի առնելով այս պատմական փաստը և գործող իշխանությունների կողմից արցախցիների վերադարձի իրավունքի հարցը փակելու քաղաքականությունը, որ դրա մասին չխոսվի նաև միջազգային հարթակներում, 168.am-ը հարկ է համարում ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա. այն է՝ ի՞նչ դիրքորոշում ուներ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրանտ Սուրեն Պապիկյանը, ով այսօր ՀՀ պաշտպանության նախարարն է:
Ընդ որում, նա ժամանակին այն կարծիքին էր, որ Արցախի ինքնորոշումն օրինական էր, չէր հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին, և Կոսովոյի նախադեպը կիրառելի էր նաև Լեռնային Ղարաբաղի համար։ Ավելին, մագիստրանտ Սուրեն Պապիկյանը հիմնավորել է, որ միայն առաջին հայացքից են «ինքնորոշման իրավունքի» և «տարածքային ամբողջականության» սկզբունքներն իրարամերժ, իսկ «իրականում դրանք չեն պարունակում տարրեր, որոնցով, որևէ կերպ հնարավոր կլիներ «տարածքային ամբողջականությունը» ներկայացնել որպես ինքնորոշման իրավունքի սահմանափակում»:
«1970թ. ընդունված ՄԱԿ-ի՝ պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագիրը հաստատեց այն սկզբունքը, ըստ որի՝ ինքնորոշումը բոլոր ժողովուրդներին վերաբերող իրավունք է և նրա կենսագործումը պահանջվում է ՄԱԿ-ի կանոնակարգով.
«Ըստ իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի, որը ներառված է միավորված ազգերի կանոնակարգի մեջ, բոլոր ժողովուրդներն էլ իրավունք ունեն ազատորեն, առանց արտաքին միջամտության որոշել իրենց քաղաքական կարգավիճակր, հետամուտ լինել իրենց տնտեսական, հասարակական և մշակութային զարգացմանր և ամեն պետություն համաձայն կանոնակարգի դրույթների պարտավոր է հարգել սույն իրավունքը»:
ՄԱԿ-ի փաստաթղթերում արտահայտված է ինքնորոշման սկզբունքի նորմատիվային գլխավոր բովանդակությունը։ Այսպես, միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում ընդգծվում է, որ «ինքնիշխան և անկախ պետության ստեղծումը, անկախ պետությանը միանալը կամ նրա հետ միավորվելը, կամ ժողովրդի կողմից ազատորեն որոշված ցանկացած այլ քաղաքական կարգավիճակի սահմանումը՝ այդ ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ձևերն են»:
Ինքնորոշման իրավունքը չի վերանում, եթե ժողովուրդը կազմավորել է ինքնուրույն պետություն կամ մտել դաշնության կազմի մեջ։ Ինքնորոշման իրավունքը այսպիսով պատկանում է բոլոր ժողովուրդներին, և նրանք շարունակում են կրել այդ իրավունքը՝ անկախ որևէ հանգամանքից։
Իր հերթին՝ տարածքային ամբողջականության հայեցակարգը ի հայտ է եկել առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Ազգերի լիգայի 10-րդ հոդվածը հռչակում է. Ազգերի Լիգայի անդամները պարտավորվում են հարգել և պահպանել Ազգերի Լիգայի բոլոր անդամների տարածքային ամբողջականությունն արտաքին ներխուժումից։ Այս ուղղությամբ կարևոր միջազգային փաստաթուղթ է Հելսինկիի եզրափակիչ ակտը՝ 1975 թ. օգոստոսի 1։ «Մասնակից պետությունները հարգելու են մասնակից պետություններից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությունը։ Դրան համապատասխան նրանք ձեռնպահ կմնան ցանկացած մասնակից պետության տարածքային ամբողջականության քաղաքական անկախության կամ միասնության դեմ ուղղված՝ միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակների և սկզբունքների հետ անհամատեղելի ցանկացած գործողություններից և մասնավորապես ցանկացած նման գործողություններից, որոնք ուժի գործադրում կամ ուժի սպառնալիք են»։
Միաժամանակ Հելսինկիի եզրափակիչ ակտը (գլուխ 1) նշում է. «Սահմանները կարող են փոփոխվել համաձայն միջազգային իրավունքի, խաղաղ միջոցներով և համաձայնությամբ»:
Տարածքային ամբողջականության սկզբունքը բացառում է այլ պետության շրջանակներում որևէ ազգի բռնությամբ պահելը։ Ինչպես նաև կարգավորում է պետությունների միջև գոյություն ունեցող հարաբերությունները և չի վերաբերում այն դեպքերին, երբ ժողովուրդը ինքնորոշվելով ստեղծում է իր պետությունը:
…Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը իրավական տեսանկյունից, գրեթե չի տարբերվում Լեռնային Ղարաբաղի խնդրից, ավելին, շատ դեպքերում Լեռնային Ղարաբաղն ավելի շահեկան դիրքերում է, քան առաջին երեքը։ Սակայն, ի տարբերություն նրանց, Լեռնային Ղարաբաղը շարունակում է մնալ չճանաչված, և ադրբեջանական մշտական սպառնալիքի ներքո։ Այս փաստը խոսում է այն մասին, որ միջազգային իրավունքի նորմերը կամ չեն գործում, կամ գործում են ըստ պատեհության»,- 2012 թվականին, մասնավորապես, գրել է Սուրեն Պապիկյանն իր պատմագիտական հոդվածում:
Ավելին, ուսումնասիրելով Սուրեն Պապիկյանի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջը, մենք ուրախությամբ պարզել ենք, որ դպրոցների ավագ դասարաններում (2010-2016թթ. աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011-2018թթ. դասավանդել է «Քվանտ» վարժարանում) նա որպես պատմաբան՝ ճիշտ շեշտադրումներով է ներկայացրել, թե ովքեր են ադրբեջանցիները, կամ, ինչպես ինքն է որակել՝ կովկասյան թաթարները, ինչպես են ներթափանցել մեր տարածաշրջան:
Նշենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ 2012-2016 թթ. նա եղել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Պատմության ինստիտուտի ԱՊՀ երկրների պատմության ամբիոնի ասպիրանտ, և այդ շրջանում նա գիտական հոդված է գրել Հայոց ցեղասպանության տնտեսական պատճառների վերաբերյալ:
Արդյո՞ք այսօր արդեն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գտնում է, որ սխալ գաղափարախոսություն է կրել, ավելին, սխալ պատմական փաստեր և թեզեր է սովորեցրել աշակերտներին, որոնց սիրելի պատմության ուսուցիչն է եղել: Իր քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հաճախ է կրկնում, որ մինչև իշխանության գալը սխալ գաղափարախոսության ազդեցության տակ է եղել, թեպետ Փաշինյանին լավ ճանաչողները կվկայեն, որ նա այսօր ասում է այն, ինչի կրողն է եղել միշտ, մնացածը քաղաքական շահեկան ֆոն ապահովելու համար են եղել, մանիպուլյացիաներ:
Ի դեպ, 168.am-ը գրել էր, որ 2022թ. դեկտեմբերին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին պաշտոնական գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ տարածքային կորուստների վերաբերյալ: Արդյունքում պարզել էր, որ 2022թ. դեկտեմբերի դրությամբ ՀՀ տարածքից օկուպացված է 139.24 քկմ տարածք:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից ընդդիմադիր պատգամավորին ուղարկված պատասխան գրության մեջ 168.am-ը մի ուշագրավ փաստ-արտահայտություն էր արձանագրել՝ «Թշնամու կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացված է…»:
Սա այն դեպքում, որ 2021 թվականին արդեն Փաշինյանը համոզում էր, որ չպետք է թուրքին, ադրբեջանցուն թշնամի համարել:
Ոչ ոք չի ասում, որ չպետք է գնալ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման, բայց սա բնավ չի նշանակում ջնջել պատմությունը՝ որտեղից ենք մենք և որտեղից են 44-օրյա պատերազմում հաղթած «կովկասյան թաթարները», ինչպես կասեր նույն ինքը՝ պատմաբան Սուրեն Պապիկյանը:
Ի դեպ, պատմաբան և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այս ընթացքում ևս մի սխալ է գործել՝ մասնակցելով կարգալույծ քահանայի մատուցած կեղծ պատարագին: Ով ով, բայց տարիներ շարունակ Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն և, առավել ևս, Հայոց եկեղեցու պատմություն դասավանդած պատմաբան Սուրեն Պապիկյանը շատ լավ պետք է իմանար, որ դա ոչ թե պատարագ է, այլ եկեղեցու պղծման ակտ, և, որ այս հարձակումներն ուղղված են Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Պատմաբան Պապիկյանը, վստահ ենք, նույնիսկ հասկանում է Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների և Փաշազադեների հայտարարությունների ենթատեքստն ու պատմական նկրտումները, որոնց իրականացմանը ձգտում են նրանք այսօր:
Այս որոշման վտանգներին մենք անդրադարձել ենք, չանտեսելով նաև փաստը, որ ՀՀ զինված ուժերում կա հոգևոր ծառայություն:

Սուրբ Գիրքն ասում է՝ ում շատ է տրված, նրանից շատ էլ պահանջվելու է…




