44-օրյա պատերազմում ի՞նչ դերակատարում է ունեցել Աննա Հակոբյանը, ի՞նչ «օպերատիվ հետախուզական» հարցեր լուծել, տեղեկատվական ի՞նչ բազայի է տիրապետում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար, գնդապետ-հետախույզ Արթուր Ավանեսյանը (Կանդազ) մարտի 31-ին հիշեցրել է Աննա Հակոբյանի՝ 2023 թվականի ապրիլի 1-ին Տավուշ կատարած այցի ժամանակ արված հայտարարությունը, որ 11.000 դասալիք է եղել 44-օրյա պատերազմի ընթացքում:

«Իրականությունն այն է, որ մենք 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք, ես այլ կերպ չեմ արտահայտվում, դուք հասկացեք, թե ինչի մասին է խոսքը։ 11 հազար զինվորական, կամավոր, սպա և այլն, պատկերացնում եք, չէ՞, դա ինչ թիվ է»,- պնդել էր Հակոբյանը:

Բացի այն, որ Արթուր Ավանեսյանը հիշեցրել է Աննա Հակոբյանի այս հայտարարության մասին, նաև շեշտել. «Մեր զինվորները դասալիք չեն, նրանք կռվում էին առյուծի նման, իսկ ձեր ամուսինը թողեց մեր զինվորին անպաշտպան, առանց զենքի»:

Աննա Հակոբյանը որոշել է անարձագանք չթողնել հետախույզի տեսանյութ-հիշեցումը:

Կարդացեք նաև

«Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությանը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Աչքովս ընկած կլիներ անպայման, և, իհարկե, տպավորված կլիներ, դժվար թե մոռանայի։ Իսկ պատերազմի մասին նրա ինֆորմացվածության աստիճանն ու ներհայաստանյան ընդամենը մեկամսյա վաղեմության սենսացիոն նորության մասին ինֆորմացվածության աստիճանը ուղիղ համեմատական են։ Ակնհայտորեն երկուսից էլ գաղափար (լուր) չունի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Հետաքրքիր է՝ ի՞նչն էր ամենից շատ Աննա Հակոբյանին վրդովվեցրել այստեղ՝ իր հայտարարության հիշեցումը և դրան հակադրվե՞լը, կանոնավոր բանակի զինվորի պատիվը պահե՞լը, թե՞ առնվազն հրապարակավ նախկին ամուսնուն հասցեագրված մեղադրանքը: Ամեն դեպքում այս արձագանքը նոր հարցեր առաջացրեց և հաստատեց արդեն եղածների արդարացի լինելը:

Օրինակ, ինչո՞ւ պետք է պարտադիր Աննա Հակոբյանի աչքով ընկած լիներ Կանդազը, որտե՞ղ էր հնարավոր նրան տեսնել և չի տեսել, արդյո՞ք պատերազմի բոլոր մասնակիցներին, հրամանատարությանը հնարավոր է տեսնել, և հետո՝ Աննա Հակոբյանը ռազմական ղեկավար պաշտո՞ն է զբաղեցրել, մի՞թե այդ ժամանակ երկրի ղեկավարի կին լինելը թույլ է տվել լինել հրամանատարական կետում, հասանելիություն ունենալ գաղտնիության տարրեր պարունակող տեղեկություններին և գործողություններին: Աննա Հակոբյանը լրջագույն պատասխանատվություն ունի պատերազմի օրերին հրամանատարական կետում լինելու համատեքստում, հատկապես, երբ, ինչպես 168.am-ին հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ««ղեկավար փաստաթղթերի համաձայն, հրամանատարական կետերում գործառութային պարտականություններ կատարող համապատասխան պաշտոնատար անձանց մուտք գործելու համար տրվում են մշտական կամ ժամանակավոր թույլտվություններ»:

Արդյոք Հակոբյանի այդ ժամանակ եղած կարգավիճակի վրա տարածվո՞ւմ է ղեկավար փաստաթղթերով սահմանված այս պահանջը, արդյո՞ք Աննա Հակոբյանն իրավունք ուներ լինելու բունկերում և հեռակա հետևել այդ ժամանակ ընթացող մարտական թեժ գործողություններին, ինչպես մի առիթով պատմել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:

Այստեղ այլ հարց է նաև առաջանում՝ ո՞վ էր օրենքից դուրս նման թույլտվություն տվել՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պե՞տը, ՊԲ հրամանատա՞րը, Արցախի այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյա՞նը, թե՞…

Չմոռանանք, որ 44-օրյա պատերազմի օրերին Աննա Հակոբյանը նաև կարևոր քննարկումներ է ունեցել Բաքվում ցմահ դատապարտված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի սենյակում:

Ընդ որում, դա եղել է այն օրերին, երբ առաջին անգամ Բաքուն սկսեց Հայաստանին և ՀՀ զինված ուժերին մեղադրել Գյանջայի խաղաղ բնակչությանը թիրախավորելու համար, ինչո՞ւ չէ, նաև՝ երբ մշակվում կամ հաստաստվում էր հակահարվածի հայտնի օպերացիան, որի ձախողման համար նախ մեղադրվեց Ջալալ Հարությունյանը, այնուհետև արդարացվեց: Իհարկե, 44-օրյա պատերազմի համատեքստում Աննա Հակոբյանին և նրա մասնակցությանն առնչվող այլ հարցեր ևս կան, որոնց ոչ մեկ անգամ անդրադարձել ենք, վերջին անգամ՝ այս տարվա փետրվարի 27-ին՝ «Բաց և գաղտնի պահվող փաստեր. 44-օրյա պատերազմին առնչվող Աննա Հակոբյանի պատասխանատվությունը չեղարկման և սակարկման ենթակա չէ» վերտառությամբ հոդվածում, ուստի տվյալ դեպքում շատ մանրամասնությունների մեջ չենք մտնի:

Ի դեպ, մենք նույնիսկ մի առիթով գրել ենք՝ ինչո՞ւ Աննա Հակոբյանին չեն կանչել Քննիչ հանձնաժողով, կամ՝ ինչո՞ւ կոնկրետ գործերով նա չի հարցաքննվել:

Եթե նույն Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի հետ կապված 44-օրյա համատեքստում կասկածներ ունեին իշխանական շրջանակները կամ Աննա Հակոբյանը, և չէին հավատում մամուլում հրապարակված տվյալներին, ինչո՞ւ ավելի վաղ այդ մասին չեն խոսել և միայն հիմա են հիշել: Լավ կլիներ, որ նույնն արվի նաև ՔՊ-ական կամ ՔՊ-ամերձ կամավորների մասով, որոնց 44-օրյա պատերազմում արվածի և չարվածի հետ կապված բազում հարցեր կան, և ոչինչ, որ պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանը նրանց բրիֆինգների էր հրավիրում:

Իսկ մենք 44-օրյային առնչվող մեզ հուզող հարցերն այս տարիներին բարձրացրել ենք ոչ ըստ քաղաքական հարմարության և նախասիրության, և մշտապես փորձել ենք պատկան մարմիններից ևս տեղեկություն կամ պարզաբանում ստանալ: Այլ հարց է՝ որքանով են նրանք թաքցնում կամ չթաքցնում իրենց ունեցած տեղեկությունը:

Օրինակ, Պաշտպանության նախարարությունից հայտնել էին՝ որտեղ է եղել Աշոտ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ, բայց ե՞րբ և որքա՞ն ժամանակով, խուսափել էին պատասխանել, համաձայնե՛ք, որ սա առանցքային դրվագ է, կամ՝ ե՞րբ է նրա ջոկատը նահանջել Ալփաշա բարձունքից, և այլն:

Ի դեպ, մեզ չի հաջողվել այս տարիներին նաև պարզել՝ ինչո՞ւ է 44-օրյա պատերազմի ընթացքում ԱԱԾ բարձրաստիճան 4 պաշտոնյա ազատվել աշխատանքից, այդ թվում՝ ԱԱԾ տնօրեն, ռազմական հետախուզության պետ, պատճառը հայտնի չէ:

Մասնավորապես, 2020-ի հոկտեմբերին 7-ին, ինչպես իշխանական աղբյուրները հաղորդել էին, զբաղեցրած պաշտոնից հեռացրել էին ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանին: «Հայկական ժամանակը» դա ներկայացրել էր լրտեսական ցանցի բացահայտման գործողությունների համատեքստում, արդյո՞ք պատճառն այստեղ է: Իսկ մեկ օր հետո՝ 2020 թ. հոկտեմբերի 8-ին, ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել էր Արգիշտի Քյարամյանը, ով հոկտեմբերի 5-ին մասնակցել էր նշված օպերացիայի մշակմանը կամ դրա քննարկմանը, Աննա Հակոբյանը գիտի՞, թե ինչու: Չնայած դրան, պաշտոնանկությունից հետո Քյարամյանը մինչև վերջ մնացել է Արցախում, իսկ հետո ավելի ուշ ղեկավարել է ՀՀ քննչական կոմիտեն:

Ինչ վերաբերում է 2020 թվականի պատերազմի ժամանակ դասալքության դեպքերին, ապա նման դեպքեր, իհարկե, եղել են, բայց հարց է՝ որքա՞ն, կանոնավոր բանակի՞ց, թե՞ պատահական պատերազմի դաշտում հայտնված պահեստազորից և կամավորականներից, և ի՞նչն է մղել դրան:

Աննա Հակոբյանը կարծես թե կասկածի տակ է դնում զինվորի դասալիք չլինելու փաստը, այլոց իրազեկվածության աստիճանը նման նուրբ հարցերի վերաբերյալ, չենք կասկածում, որ նա տեղեկատվական լուրջ բազայի է տիրապետում:

Ավելին, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի օրինակով նրա ձեռքի տակ եղած շատ տեղեկություններ չունեն ո՛չ 44-օրյայի քննիչ հանձնաժողովը, ո՛չ էլ իրավապահ մարմինները, ինչո՞ւ:

Արդյո՞ք նման ծավալի տեղեկատվական բազային տիրապետելը և այն լիովին չփոխանցելը համապատասխան մարմիններին չի ենթադրում կոնկրետ պատասխանատվություն:

Իսկ մենք դասալքության հետ կապված թարմ տվյալներ ստանալու նպատակով գրավոր հարցումներ ենք ուղարկել ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ պաշտպանության նախարարություն, պատասխանները ստանալուն պես՝ կհրապարակենք: Գուցե Աննա Հակոբյանը ճիշտ է՝ մեր ունեցածը հին է, թարմացման կարիք ունի, թեև այն մեկ տարվա վաղեմության է:

Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեն 2025 թվականի հունիսի 9-ի մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էր, որ 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողությունների ընթացքում զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործության դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում 11.000 և ավելի զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է շուրջ 1500 քրեական վարույթ, որոնցով իրականացվել է նախաքննություն և օրենքով սահմանված կարգով լուծվել է բազմաթիվ քրեական վարույթների ընթացքը:

Իր հերթին՝ նույն ժամանակում ՀՀ գլխավոր դատախազությունն էլ հայտնել էր հետևյալը.

«Ի պատասխան 2025 թվականի հունիսի 9-ի հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ զինվորական դատախազության սպասարկման տարածքում 2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը) և 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), ինչպես նաև նշված հոդվածների համակցությամբ նախաձեռնված քրեական վարույթներով 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ մինչդատական վարույթում քննություն է իրականացվում 8240 անձանց վերաբերյալ: Նշված հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարած 352 անձանց վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Մինչդատական և դատական քննությունների ընթացքով պայմանավորված՝ նշված թվային տվյալները մշտապես փոփոխվում են»:

2025 թվականի հունիսին փորձել էինք գրավոր հարցման միջոցով նաև Սուրեն Պապիկյանից ճշտել՝ դասալիքների 11.000 թիվը համապատասխանո՞ւմ է իրականությանը, ենթադրյալ դասալիքներից քանի՞սն է կանոնավոր բանակից, քանի՞սը՝ ոչ, ինչին ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել էր.

«Ձեր կողմից բարձրացված հարցը դուրս է ՀՀ պաշտպանության նախարարության շրջանակներից»:

Իսկ 168.am-ը 2025 թվականին «44-օրյա պատերազմի ընթացքում 11.000 դասալքության մասին Աննա Հակոբյանի հնչեցրած թիվը սո՞ւտ է, թե՞ արտահոսք» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ հարցադրում ենք արել՝ արդյո՞ք Աննա Հակոբյանի նշած դասալիքների 11.000 թիվը հնարավոր է արտահոսք լինի, և եթե այդպես է, ո՞ւմ ձեռքով է դա դուրս հանվել Քննիչ հանձնաժողովի պատերից, թեպետ Անդրանիկ Քոչարյանն ավելի ուշ չի հերքել այդ թվի իսկությունը: Բայց այստեղ հարց է, կրկնում ենք՝ արդյո՞ք կանոնավոր բանակից դասալիքներ եղել են, և ի՞նչ թվի մասին է խոսքը:

Եվ հենց այս և այլ հարցերի պատասխանն իմանալու համար է, որ գտնում ենք՝ 44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը պետք է հրապարակվի, այս դեպքում պարզ կդառնա՝ ռազմական ղեկավարությունն իրենց հարցաքննությունների ժամանակ պատերազմում պարտության ի՞նչ պատճառներ են նշել, որքանո՞վ են այդ հարցում անկաշկանդ եղել, որտե՞ղ է իրենց պատասխանատվությունը և որտե՞ղ՝ քաղաքական ղեկավարությանը:

Ի վերջո, պետք է նաև իմանալ՝ պատերազմի պարտության մեջ որքան է ժամանակակից սպառազինության պակասի խնդրի մասնաբաժինը, որքան՝ եղած սպառազինության որակի և սխալ կիրառման, որքանով են հրամանատարական որոշումները հանգեցրել պարտության, որքանով՝ փաշինյանական կառավարման համակարգը, հենց ինքը, նաև վերևում հիշատակված կանոնադրական խախտումները, այսինքն, կազմակերպված անկազմակերպվածությունը կամ «բարդակ» վիճակը որքանով է պարտության մեջ դերակատարումն օրենսդրական բացերի և վերջապես որքանով այն, որ մեր դեմ միայն Ադրբեջանը չէր կռվում:

Ի դեպ, հետաքրքիր է, որ ռազմական նախկին ղեկավարությունը հենց այս հարցերի պատասխանների տրման և հանրայնացման հարցում պետք է պահանջատեր լինի, հատկապես, երբ ամբողջ պատասխանատվությունը բանակի վրա է դրվում, եթե, իհարկե, 44-օրյայի զեկույցը համապարփակ անդրադառնում է դրանց: Բայց սա չենք իմանա, եթե զեկույցը զմռսված պահվի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930