Բյուջեի հերն անիծում են
Հայաստանում շատ վաղուց արդեն իշխանությունները պետական բյուջեին վերաբերվում են՝ ինչպես սեփական դրամապանակի։ Մի թեզ են հորինել, թե բյուջեն բոլորիս գրպանն է ու ոնց ուզում՝ ծախսում են «բոլորիս գրպանի» փողը։
Մասնագետ պետք չէ լինել հասկանալու համար, թե ինչպես է կառավարությունը քոռ ու փուչ անում պետական բյուջեի փողերը։ Ծախսում է՝ առանց իրեն հաշիվ տալու։
Այդ փողերի հաշվին, քիչ է՝ Նիկոլ Փաշինյանն իր անվան հետ ասոցացվող հազար ու մի մրցաշար է հորինել, հիմա էլ «վարչաֆեստեր» է անում։ Պետական ֆինանսավորմամբ երաժշտական փառատոն է կազմակերպում, որ իր «երաժշտական տաղանդը» մեկ անգամ էլ ի ցույց դնի։ Ու դրա համար հարկատուների վճարած հարկերից հսկայական գումար է ծախսում՝ շուրջ 179 մլն դրամ։
Խոսքը կես միլիոն դոլարի մասին է, որը բյուջեից վճարում են, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները գնան՝ մի քանի ժամ Սևանի ափին զվարճանան։
Դա էլ քիչ է, մտադիր են այն մշտական դարձնել։ Պատրաստվում են ամեն տարի բյուջեից հարյուրավոր միլիոն դրամներ վճարել, որ Նիկոլ Փաշինյանն ինքնագովազդով զբաղվի, իր «երաժշտական ունակություններով» զարմացնի «վարչաֆեստի» մասնակիցներին, որոնք հիմնականում պետական հիմնարկներից պարտադրաբար բերված աշխատակիցներն են։
Իսկ այն պարզ հարցին, թե ի՞նչ տվեց այդ միջոցառումը, որի կազմակերպման համար հարկատուի վճարած հարկերից ծախսվեց 179 մլն դրամ, քանի՞ նոր զբոսաշրջիկ եկավ Հայաստան, քանի՞ երաժիշտական խումբ բարձրացրեց իր մասնագիտական կարողությունը, ի՞նչ տվեց ու ստացավ, ոչ մեկին չի հուզում։ Այս ամենից մնաց այն, որ միջոցառման ընթացքում, կարևոր չէ, թե ինչ կարգավիճակով, ելույթ ունեցավ նաև «Վարչաբենդը», որի կազմում Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում։
Բյուջեից 179 մլն դրամ տալու ամբողջ նպատակը հենց Նիկոլ Փաշինյանի թմբուկ խփելու մեջ էր։
Բայց սա ընդամենը մի միջոցառում է։ Իսկ թե ընդհանրապես տարեկան ինչքա՞ն գումար են ծախսում բյուջեից ֆեստիվառներ, համերգներ, երաժշտական փառատոներ, վարչապետական խաղեր, տարբեր միջոցառումներ, ճոխ քեֆ-ուրախություններ կազմակերպելու վրա, դժվար է նույնիսկ հաշվել։ Բայց խոսքը հաստատապես միլիարդների հասնող գումարների մասին է։
Ոչ մեկը չի ասում, թե մշակութային կամ սպորտային միջոցառումներ չպետք է կազմակերպել։ Այլ բան, արդյո՞ք Հայաստանում չկան ավելի հրատապ ու կարևոր խնդիրներ, քան ֆեստիվառներն ու վարչաֆեստերն են, որոնց համար գումարներ չեն խնայում։ Տարբեր պատրվակներով անապահով ընտանիքներին մի քանի հազար դրամ նպաստից զրկում են, իսկ նման միջոցառումների վրա կարող են հարյուրավոր միլիոն դրամներ ծախսել։
Մեկ այլ հարց է, թե ի՞նչ են դրանք տալիս։ Շատ դեպքերում փորձում են այդ ծախսերն արդարացնել զբոսաշրջությունը խթանելու անվան տակ։ Բայց զբոսաշրջությունն ինչ-որ չի խթանվում։ Տարիներ առաջ Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկ էր եկել, քան, օրինակ՝ այս տարի, չնայած այս ընթացքում զբոսաշրջությունը խթանելու նպատակով բազմաթիվ միջոցառումներ են ֆինանսավորել ու կազմակերպել։ Հիմա էլ շարունակում են նույնն անել ու այդ նպատակով բյուջեից բավական խոշոր գումարներ դուրս հանել։
Միայն վերջերս Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու ակնկալիքով՝ բազմօրյա խմբային հեծանվաերթի կազմակերպման և անցկացման համար պետական բյուջեից գրեթե 1 մլրդ դրամ հատկացրեցին։ Եվ քանի որ բյուջեում այդ փողը չէին նախատեսել, վերցրեցին պահուստային ֆոնդից։ Չկարծեք, թե պահուստային ֆոնդի միջոցներն օդից են ընկնում։ Պահուստային ֆոնդը պետական բյուջեի մի մասն է, ու դրա գումարներն էլ ձևավորվում են հարկատուների վճարած հարկերից։
Վերջին տարիներին, անկախ բյուջեի խնդիրներից ու անկախ նրանից, թե տարեկան ինչքան նոր պարտքեր են վերցնում՝ բյուջեի ճեղքերը փակելու համար, այսպիսի ծախսերը մշտական են դարձել։ Օրինակ՝ անցած տարի վարչապետի հովանու ներքո դպրոցականների վոլեյբոլի լիգայի և «Վարչապետի գավաթ» դպրոցականների լողի համար միջոցառումների կազմակերպման նպատակով հատկացված բյուջետային գումարը կազմեց գրեթե 147 մլն դրամ։
Այս տարվա հուլիսին վարչապետի հովանու ներքո «Սևանի շուրջ» հեծանվային արշավի համար էլի պահուստային ֆոնդից հատկացվեց շուրջ 24 մլն դրամ։ Այսպիսի հատկացումները, որոնք շատ հաճախ պարզապես գովազդի նպատակ ու քարոզչության նշանակություն ունեն, բյուջեից մեծ միջոցներ են խլում։ Ու դրանք միայն վարչապետական միջոցառումներով չեն սահմանափակվում։
2023թ. տարբեր ֆեստիվառների կազմակերպման համար պետական բյուջեի հատկացումները եղել են շուրջ 180 մլն դրամ։ Նույնքան էլ հատկացրել են հաջորդ տարվա համար։ Արդեն 2025թ. հատկացված գումարները հասան շուրջ 312 մլն դրամի։
Այս տարի էլ 152 մլն դրամի մարզային ֆեստիվառներ կանեն՝ Հանրային հեռուստաընկերության հետ, շուրջ 144 մլն դրամ կամ գրեթե 395 հազար դոլար կծախսեն «Մեր ժամանակների հերոսը» միջոցառման վրա, ու այսպես շարունակ։
Բյուջեն ծախսում են, ինչպես ուզում են։ Վերջին շրջանում արտաքին շուկաներում հայկական ապրանքների արտահանման դժվարություններով պայմանավորված՝ միլիարդավոր դրամների սուբսիդիաներ են տրամադրում։
Թվում է, թե լավ բան են անում, գյուղացուն են օժանդակում, լուծում են գյուղմթերքի արտահանման ու իրացման խնդիրները։ Բայց իրականում բյուջեի միջոցների վատնում է տեղի ունենում՝ առանց որևէ խնդիր լուծելու։ Երբ կառավարությունը լոլիկի արտահանման համար, պայմանական ասած՝ կիլոգրամի համար 140 դրամ սուբսիդիա է տրամադրում, իսկ այդ լոլիկը ներքին շուկայում արժե 40 դրամ, դրանով ոչ թե լոլիկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարց է լուծվում, այլ որոշ մարդիկ դրա վրա փող են աշխատում պետության հաշվին։ Կարող են 40 դրամով գնած լոլիկը հանել սահմանից, թափել, ձևակերպել արտահանում ու պետության հաշվին, պայմանական ասած՝ 100 դրամ աշխատել։
Պետական բյուջեի հաշվին, թե տարեկան քանի միլիարդի մաքսային արտոնություններ են տրամադրում, արդեն երևի իրենք էլ են հաշիվը կորցրել։ Քիչ է՝ դրանով մրցակցային առավելություն են ստեղծում մյուսների նկատմամբ, շատ հաճախ այդ արտոնությունների արդյունքները չեն երևում։ Այդ արտոնությունների շրջանակներում ստանձնած պարտավորությունները չեն կատարվում։ Բայց կառավարությունը շարունակում է միլիարդների արտոնություններ շռայլել։
Բյուջեի փողերն այսպես վատնում են, գնում պարտքեր են վերցնում, որպեսզի դեֆիցիտը փակեն։ Եթե մի փոքր սրտացավ լինեին բյուջեի ու հարկատուների վճարած հարկերի նկատմամբ, հիմա հաստատ պետական պարտքն այսքան անխնա ավելացած չէր լինի։
Մի չգրված օրենք կա՝ երբ պետությունը պարտքերով է ապրում, իշխանությունն իրավունք չունի իրեն նման շռայլություններ թույլ տալ։ Բայց չգրված օրենքն ի՞նչ այս մարդկանց համար։ Գրված օրենքներն են ոտնահարում, ուր մնաց թե՝ չգրվածները պահեն։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

