Էրդողանը երբեք Երևան չի գա. նա գենետիկորեն ատում է Հայաստանը և հայերին. Մհեր Աբրահամյան

Հայաստանի այսօրվա իշխանությունը փորձում է ոչնչացնել Հայոց ցեղասպանության հիշողությունը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փաստացի ժխտում է Հայոց ցեղասպանությունը։ 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման գնահատական տվեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը՝ խոսելով Մեծ Եղեռնի 111-րդ տարելիցի և հայ-թուրքական հարաբերությունների տիրույթում տեղի ունեցող զարգացումների թեմայի շուրջ։

«Հայաստանի իշխանությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, և Հայաստանի այսօրվա կառավարիչը հայտարարում է նույն ոճով, ինչ 2000-ական թթ. հայտարարում էր Էրդողանը, որ՝ «պետք է մի հատ հասկանանք՝ էս ցեղասպանությունը եղե՞լ է, թե՞ չի եղել, և դրա համար ընտրենք պատմաբաններ, որոնք կուսումնասիրեն»։ Հիշո՞ւմ եք Էրդողանի հայտարարությունը 2000-ականների սկզբին։ Այս պարագայում Հայաստանի այսօրվա կառավարիչը հայտարարում է, որ «մի հատ պետք է հասկանանք՝ ով էր մեղավոր այս ցեղասպանության մեջ»»,- մեկնաբանեց թուրքագետը։

Մհեր Աբրահամյանը նշում է՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում (ՀՑԹԻ) տեղի ունեցած վերջին հայտնի դեպքից՝ տնօրեն Էդիտա Գզոյանի պաշտոնանկությունից հետո Ադրբեջանն է փորձում նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել.

Կարդացեք նաև

«Ադրբեջանցիները շատ արագ արձագանքեցին սրան և հայտարարեցին, որ ոչ թե թյուրքերը կամ ադրբեջանցիներն են ցեղասպան, այլ հայերը, և այն քայլերը, որոնք Հայաստանը ձեռնարկում էր մինչև 2018-19թթ. տարատեսակ միջազգային հարթակներում ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, այլև ցեղասպանությունների կանխարգելման նպատակով, զրոյացվեցին, և դրա տեղն այժմ ադրբեջանցիները փորձում են լրացնել իրենցով, այսինքն՝ ադրբեջանցիները դառնան առաջամարտիկն այդ հարցում՝ դրա հետ մեկտեղ՝ հերքելով Հայոց ցեղասպանությունը և առաջ տանելով հորինված «ցեղասպանական գործընթացներ», որին Հայաստանը երբևէ մասնակցություն չի ունեցել, և նրանց կողմից հորինված քաղաքականություն է, ինչն Ադրբեջանի կարևոր շեշտերից մեկն է՝ ի հակակշիռ Հայաստանի և հայերի»։

Հաշվի առնելով, որ Թուրքիան այժմ լիարժեքորեն բանեցնում է «փափուկ ուժի» դիվանագիտությունը Հայաստանի նկատմամբ, թուրքագետը կանխատեսում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն Ապրիլի 24-ի կապակցությամբ հանդես է գալու հերթական ստանդարտ հայտարարությամբ՝ խոսելով «համատեղ ցավի» մասին և ժխտելով Հայոց ցեղասպանության փաստը, իսկ Հայաստանի օրվա իշխանությունը դա ընդունելու է ի գիտություն և համաձայնելու է այդ տեսակետի հետ։

Մհեր Աբրահամյանը համոզված է, որ Էրդողանը չի գա Երևան՝ մասնակցելու մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին՝ չնայած Նիկոլ Փաշինյանի հրավերին։

«Էրդողանը, կարծում եմ, երբեք Երևան չի գա, որովհետև Էրդողանը գենետիկորեն ատում է Հայաստանը և հայերին և բացի դրանից՝ այսօր ունենալով շատ ծանրակշիռ դեր տարածաշրջանում՝ նա երբեք չի գա Հայաստան. նա այն դիրքորոշմանն է, որ նրանք պետք է գնան սուլթանի մոտ, ոչ թե սուլթանը գնա նրանց մոտ»,- կարծում է թուրքագետը։

Խոսելով Իսլամաբադում շաբաթ օրը տեղի ունեցած ԱՄՆ-Իրան բանակցությունների մասին՝ թուրքագետը նշեց, որ ի սկզբանե էլ պարզ էր, որ Իսլամաբադի բանակցություններն արդյունք չեն տալու։ Թուրքագետի խոսքով՝ Իսլամաբադը փորձ էր հասկանալու միմյանց տրամադրությունները։

Մհեր Աբրահամյանը կարծում է, որ պատերազմական գործողությունները տարածաշրջանում դեռևս շարունակվելու են։

Թուրքագետը չի կարծում, որ Թուրքիայի կներքաշվի Իրանի դեմ պատերազմին, բայց նաև հավելում է, որ եթե Թուրքիան մտնի պատերազմի մեջ, դա կարող ենք համարել երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։

«Թուրքիան շատ պրոֆեսիոնալ կերպով բանեցրեց իր դիվանագիտությունը։ Լինելով միակ մուսուլմանական երկիրը ՆԱՏՕ-ի կազմում՝ Թուրքիան կարողացավ շատ դիվանագիտորեն օգտագործել իր դիրքն իսլամական աշխարհում, իր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և շատ դիվանագիտորեն օգտագործեց նաև իր հարաբերություններն Իրանի հետ։ Ինչո՞ւ էր սա անում՝ Թուրքիայի համար շատ կարևոր է հասկանալ, թե տարածաշրջանում ով կարող է գերիշխանություն ձեռք բերել՝ Իրա՞նը՝ պաշտպանելով իրեն, թե՞ ԱՄՆ-ը՝ նվաճելով Իրանը, և Թուրքիան չսխալվեց և, կարելի է ասել՝ այս պատերազմում դրսևորեց զսպված դիվանագիտություն և փորձում է ամեն կերպ մասնակցել տարատեսակ բանակցություններին, որտեղ կարողանա իր համար շահել տարբեր դիվիդենտներ։

Եթե դա տեղի ունենա, և Թուրքիան մտնի այս պատերազմի մեջ, դա բերելու է շատ ավելի գլոբալ մեծ պատերազմի։ Եթե Թուրքիան մասնակցեց պատերազմին, ապա կարող ենք համարել, որ պաշտոնապես սկսվեց երրորդ համաշխարհային պատերազմը։ Չեմ կարծում, որ եթե Թուրքիան ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ, աշխարհում մնացած խաղացողները պարզապես դիտորդի դերում կմնան, և ես չեմ կարծում, որ Թուրքիան կմտնի Իրանի դեմ այս պատերազմի մեջ»,- մասնավորապես նշեց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ 2025թ. հունիսի 20-ին, Պոլսում (Ստամբուլում) Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին հրավիրել մասնակցելու 2026թ. գարնանը Երևանում կայանալիք  Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930