Ինչի՞ մասին պետք է հոդված գրի կամ ի՞նչ հարցերի պետք է պատասխանի Զոհրաբ Մնացականյանը

Ապրիլի 1-ին ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ «Հայաստանի «տարանցիկ պահը»՝ շատ ավելին, քան 43 կիլոմետրը» վերտառությամբ հոդված է հրապարակել evnreport.com-ում, որում տեղ գտած դիտարկումներին, մասանավորապես՝ TRIPP-ի հետ կապված, մենք անդրադարձել ենք։ 

Իհարկե, 44-օրյա պատերազմից հետո նախկին արտգործնախարարն այլ թեմաներով այլ հոդվածներ ևս հրապարակել է, այդ թվում՝ 2022 թվականին՝ «Անջատում հանուն փրկության» հայեցակարգի ագրեսիվ գործարկումն անհրաժեշտություն է» վերնագրով, ինչի մասին պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանն էլ էր խոսում, բայց հետպատերազմյան շրջանում ճիշտ հակառակ պնդումներն արեց:

Արցախի կարգավիճակի հարցում նրա տեսակետների ռևոլյուցիան կամ էվոլյուցիան մենք դեռ 2023-ին ենք մանրամասն ներկայացրել, երբ արդեն տեղի էր ունեցել պրահյան հանդիպումը և Փաշինյանն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի կազմում:

Եվ թեև այլ առիթով անդրադարձել ենք Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին, նրա պաշտոնավարման ընթացքում արձանագրված որոշ դրվագների, ամեն դեպքում, հաշվի առնելով արտաքին գերատեսչության երբեմնի ղեկավարի հոդվածներ գրելու սերը, նաև այն, որ նա 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնավարել է, ուստի պատերազմի սկսման և պարտության իր պատասխանատվության բաժինն ունի, հարկ ենք համարում նրան հուշել, թե իրականում ինչի մասին պետք է այսօր հոդված գրի Զոհրաբ Մնացականյանը, ինչ հարցերի շրջանակի պետք է անդրադառնա:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ 2018թ. իշխանափոխությունից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար էր նշանակվել Զոհրաբ Մնացականյանը, այնուհետև 2019թ. նա վերանշանակվել էր և շարունակել պաշտոնավարել մինչև 2020թ. նոյեմբերի 16-ը։

Այսինքն, պաշտոնավարել է նախապատերազմական, պատերազմական շրջանում և 2020թ. նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության ստորագրման ժամանակ, որը, ըստ էության, հրադադարի փաստաթուղթ էր, բայց որն իր մեջ ներառում է  կոմունիկացիաների ապաշրջափակման մասին կետ՝ 9-րդ, որին հղում անելով, ըստ էության, Ադրբեջանը և Հայաստանը եկան ու հասան ԹՐԻՓՓ-ին, և որի մասին վերջերս հոդված էր գրել Զոհրաբ Մնացականյանը, այլ հարց է, որ ՌԴ-ին փորձ արվեց դուրս մղել այս ամբողջ պատմությունից:

Բայց Զոհրաբ Մնացականյանն առաջին հերթին պետք է պատասխանի նախապատերազմական շրջանի բանակցային որոշ դրվագներին առնչվող հարցերին:

Առաջին, Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո հայտարարել է. «1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Ալիևն էլ իր հերթին արդեն պատերազմի օրերին՝ հոկտեմբերի սկզբին, հետևյալ գաղտնազերծումն էր արել.

«Հրադադարի ռեժիմը 2 տարի պահպանված և վերականգնված է եղել ՀՀ վարչապետի խնդրանքով: Նա խնդրել էր ինձ, թե ներքին իրավիճակը ծանր է, ինձ բոլոր կողմերից ճնշում են, տվեք ինձ ժամանակ, և ես այդ հարցը կլուծեմ: Ասել էր՝ «ես եկել եմ նոր գաղափարներով, ջնջել եմ այն ամենը, ինչ եղել է անցյալում, տվեք ինձ հնարավորություն և ժամանակ»: Ես պատասխանել եմ՝ լավ: Եվ ինչ եղա՞վ, մեկ տարի հետո նա հայտարարեց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»: Դե թող հիմա ասի՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»»:

Հիմա ինչի՞ շուրջ է Հայաստանը բանակցել նախքան 2020 թվականի պատերազմը, արդյո՞ք Ադրբեջանի հետ նախնական ինչ-ինչ պայմանավորվածություններ են խախտվել, 2019-ին բանակցային ի՞նչ փաթեթ է եղել, որը, քաղաքական ընդդիմությունը պնդում է, որ գաղտնի է պահվում դեռևս: Ընդ որում, 2019 թվականին ՀՀ ռազմական և քաղաքական ղեկավարությունը հանդես էր գալիս համարձակ և «սադրիչ» հայտարարություններով:

Սրանք ազդե՞լ են բանակցությունների վրա, եթե եղել է նման գործընթաց, և ի՞նչ պետք է հասկանալ այդ ժամանակ ՀՀ ղեկավարության այդօրինակ հայտարարությունների տողատակում, օրինակ, «Արցախը Հայաստան է, և վերջ»-ը ինչի՞ համար էր, երբ Բաքուն չէր համաձայնում, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան. դա հաստատ զուտ ռոմանտիկ հայրենասիրության դրսևորում չէր, ինչպես հետո փորձ արեց ներկայացնել Փաշինյանը:

Արդյո՞ք իշխանափոխությունից հետո Արցախին բանակցային սեղան վերադարձնելու մասին խոստումը սառը հաշվարկ էր, և ի՞նչ սառը հաշվարկ՝ բանակցային գործընթացում վերջնագծի՞ն էինք հասել, և պետք է Արցախն իր վերջնական խո՞սքն ասեր, թե՞ պետք էր, որ բանակցությունների ելքի պատասխանատվության կրողը լիներ Արցախը, և ոչինչ, որ Արցախի այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում էր, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ճիշտ գտնում, երբ որոշեց գնալ Արցախի կարգավիճակի երկրորդացման ճանապարհով՝ առաջին տեղ մղելով անվտանգությունը, որը, թեև, առաջին հայացքից վտանգավորություն չէր պարունակում: Բայց մենք դեռ այն ժամանակ ահազանգել էինք, որ այն դուռ է բացում խաղաղապահների տեղակայման համար:

Երկրորդ, Զոհրաբ Մնացականյանը պետք է հրապարակավ հայտարարի՝ 2020 թվականի հուլիսյան մարտերը բանակցային իրավիճա՞կ են փոխել:

Նշենք, որ անցած տարի ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել էր հուլիսյան մարտերին և պնդել, որ դրանք ազդել են բանակցային գործընթացի վրա: Ընդ որում, Քոչարյանը թեև «մեղադրական սլաքն» ուղղել էր զինվորականությանը, սակայն, ըստ էության, անուղղակի հղում էր արել նաև Զոհրաբ Մնացականյանի՝ քննիչ հանձնաժողովում հարցաքննությանը:

«Հուլիսի տավուշյան դեպքերից հետո մենք հայտնվեցինք լրիվ այլ իրականության մեջ: Զոհրաբ Մնացականյանին հարցրել ենք որպես Արտաքին գործերի նախարար՝ ե՞րբ զգացիք, որ ինչ-որ բան փոխվեց, վերջին հաշվով, բանակցային ակտիվ պրոցեսներ կային: Հուլիսյան դեպքերն ինչ-որ տեղ պետք է ավելի խորը ուսումնասիրվեն՝ ո՞նց եղավ մեր մասնակցությունն այդ ինչ-որ անիմաստ պրոցեսին»,- 2025 թվականի սեպտեմբերին Factor.am-ի հետ հարցազրույցում ասել էր Անդրանիկ Քոչարյանը:

Նշենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը հրավիրվել էր 2023 թվականի ապրիլի սկզբին՝ Օնիկ Գասպարյանից հետո և Դավիթ Տոնոյանից, Նիկոլ Փաշինյանից առաջ:

Իսկ լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել էր, որ Արտաքին գործերի նախկին նախարարից ստացել են հանձնաժողովին հետաքրքրող հարցերի պատասխանները:

«Պարոն Մնացականյանը մանրամասն ներկայացրել է՝ առաջին փուլով իր պաշտոնավարման ընթացքում, դրանից առաջ ինչ բանակցային գործընթաց է եղել, 18 թվականի մայիսից, երբ ինքը դարձավ նախարար, ինչ գործընթացներ են զարգացրել, մի քանի փուլերով ներկայացրեց բոլոր իրողությունները, ընդհուպ՝ գործընթացներ, որոնք, նաև բանակցային գործընթացը և վստահելիության մթնոլորտը հակառակ կողմի հետ ինչպես պետք է կառուցվեր»,- մանրամասնել էր Քոչարյանը:

Թե կոնկրետ ու առարկայական ինչ հարցեր են տրվել և ինչ է դրանց պատասխանել 44-օրյայի ժամանակ Արտաքին գործերի նախարար աշխատած Զոհրաբ Մնացականյանը, այդ թվում՝ հուլիսյան մարտերի ազդեցության, ինչո՞ւ չէ՝ պատերազմին Թուրքիայի ուղիղ մասնակցության հավանական համարվել-չհամարվելու մասին, հայտնի չէ, քանի որ զեկույցն ամբողջությամբ իշխանությունները գաղտնի են պահում:

Փոխարենը՝ հուլիսյան մարտերից հետո՝ 2020 թվականի հուլիսի 31-ին, նա հարցազրույց էր տվել «Շանթ» հեռուստաընկերությանը, որի ժամանակ, մասնավորապես, շեշտել էր.

«Թուրքիայի դիրքավորումն այս զարգացումների լույսի ներքո, արտահայտում է այս շրջանում նրա ապակառուցողական և ապակայունացնող քաղաքականությունը, որը մենք տեսել ենք և շարունակում ենք տեսնել Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում: Եվ այն, ինչ տեղի է ունենում հուլիսի 12-ից հետո, դա փորձ է, նպատակ՝ արտահանելու այդ ապակայունացնող քաղաքականությունը Հարավային Կովկաս, որին մենք դիմադրում ենք հնարավոր միջոցներով»:

Այսինքն, Զոհրաբ Մնացականյանն այստեղ հաստատում է, որ առնվազն հուլիսյան մարտերից հետո պարզ էր՝ հնարավոր պատերազմում Թուրքիան անմիջական մասնակցություն է ունենալու: Սա շատ լավ էր հասկացել Նիկոլ Փաշինյանը, այլ հարց է, որ 44-օրյա պատերազմից մեկ օր առաջ իր ընտանեկան թերթի միջոցով փորձել էր հերքել այս ակնհայտ ճշմարտությունը՝ նշելով, թե իշխանությունների ընդդիմախոսները «քարոզչական հող են նախապատրաստում Թուրքիային նոր պատերազմում անմիջականորեն ներքաշելու համար»:

Եվ ոչինչ, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 2020 թվականի նոյեմբերի 29-ի իր ֆեյսբուքյան գրառման մեջ հակառակ խոստովանությունն էր արել. «Որևէ փուլում, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր»:

Նշենք, որ Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր հարցաքննության ժամանակասել էր, որ հուլիսյան մարտերից հետո՝ պատերազմին նախորդող ժամանակաշրջանում, Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների համատեքստում «թուրքական F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ»:

Ավելին, հենց այդ օրերին էր այդ ժամանակվա Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարըսպառնացել պատժել Հայաստանին, և նույնիսկ նպատակ է եղել 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմի պլանն Արցախում իրականացնել նույն թվականի ամռանը: Իսկ այն, որ Հայաստանի հակառակորդն այլևս միայն Ադրբեջանը չէ, այլ Թուրքիան, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր նախքան հուլիսյան մարտերը:

Հիմա, երբ Զոհրաբ Մնացականյանը հուլիսյան մարտերից հետո տված վերոհիշատակված հարցազրույցում ասում է, որ փորձել են թուրքական սպառնալիքին դիմադրել բոլոր հնարավոր միջոցներով, ի՞նչ է դա ենթադրում, ի՞նչ երկրների միջոցով են փորձել դրա դեմն առնել, և ինչո՞ւ է այդ «դիմադրությունը» ձախողել:

Օրինակ, անմիջապես հուլիսյան մարտերից հետո ռազմական ղեկավարությունը ՆԱՏՕ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպումներ է ունեցել՝ F16-ի կիրառելիությունը չեզոքացնելու նպատակով: Ի՞նչ քայլեր է ձեռնարկել Զոհրաբ Մնացականյանի ղեկավարած կառույցը և անձամբ ինքն այս առումով:

Հայտնի է միայն, որ հուլիսյան մարտերից հետո Հայաստանը կասեցրել էր ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսված տեսչական այցերին։

Երրորդ, 2023 թվականի ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, որ պատերազմից առաջ Փաշինյանին առաջարկել է ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ «պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին (Իրան և Վրաստան)՝ բարեկամաբար տրամադրելուն»: Արդյո՞ք Զոհրաբ Մնացականյանը նման հանձնարարություն ստացել է, և ի՞նչ է արվել, քանի որ պատերազմի ընթացքում կոնկրետ խնդիրներ ենք ունեցել, որին ևս Օնիկ Գասպարյանն անդրադարձել էր նույն հայտարարության մեջ:

«Դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում, ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերն անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար»,- ասել էր պատերազմի ժամանակ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Օնիկ Գասպարյանը:

Զոհրաբ Մնացականյանը կարո՞ղ է պատասխանել այս հստակ և հասցեական մեղադրանքներին:

Կամ՝ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանին առաջարկել է կանգնեցնել պատերազմը, արդյո՞ք համաձայնել է ԳՇ նախկին պետի գնահատականի հետ, որ որքան ուշ կանգնեցվի պատերազմը՝ ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ, և առհասարակ, ինչպե՞ս է արտաքին գերատեսչությունը պատերազմի ժամանակ համագործակցել ռազմական ղեկավարության հետ:

Կամ էլ՝ ինքն ի՞նչ դերակատարում է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության մշակման գործում: Արտաքին գործերի նախկին նախարարի պատասխանելիք հարցերի շարքը կարելի է երկար համարել, բայց սահմանափակվենք այսքանով: Մի բան պարզ է՝ Զոհրաբ Մնացականյանն ի պաշտոնե լրջագույն պատասխանատվություն ունի պատերազմի չկանխման և հետո արդեն ելքի համար՝ անկախ նրանից՝ ընդունո՞ւմ է դա, թե՞ ոչ…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930