Օնիկ Գասպարյանի հայտարարությունը հիմք է Փաշինյանի մեղադրականի՞, թե՞ արդարացման համար. Ինչի՞ համար էին բացթողումները
Հունիսի 28-ին ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, խախտելով լռությունը, արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի՝ Քննիչ հանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ արված որոշ հայտարարությունների:
Օնիկ Գասպարյանի հայտարարության վերաբերյալ կարծիքները միանշանակ չէին, այդ թվում՝ փորձագետների, հատկապես՝ ոչ դիվանագիտական-քաղաքական հատվածներում «իշխանական հետք» էին տեսնում:
Ըստ այդմ՝ որոշեցինք հնարավորության և թույլատրելիության սահմաններում կետ առ կետ անդրադառնալ գեներալ Գասպարյանի 11 կետից բաղկացած հայտարարությանը:
1. Պատերազմի նախապատրաստման և վարման հետ կապված հարցերի հրապարակային քննարկումը համարում եմ անընդունելի:
Գեներալ Գասպարյանի այս տեսակետը, անշուշտ, վիճարկման ենթակա չէ: Մենք էլ մի քանի հրապարակումներով ուսումնասիրություններ ենք իրականացրել, թե 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո ինչպես է ՀՀ ղեկավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պետական գործիչները, իշխանության ներկայացուցիչները գաղտնիության տարրեր պարունակող տեղեկություններ հրապարակել, այդ թվում՝ ընթացքի մեջ գտնվող ռազմական պլանների և գործողությունների վերաբերյալ:
Վերջին ամիսներին, երբ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն ակտիվ հարցաքննությունների փուլում է, պետական և քաղաքական գործիչների կողմից շարունակվում է գաղտնի տեղեկատվության «արտահոսքը» կամ գաղտնազերծումը: Մասնավորապես, ժամանակ առ ժամանակ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գաղտնազերծում է 2 անգամ հանձնաժողով գնացած Օնիկ Գասպարյանի ցուցմունքները, նույնն անում է Նիկոլ Փաշինյանը, ավելին, պատերազմի օրերին տեղի ունեցած ԳՇ նախկին պետին առնչվող որոշ տեղեկություններ հանրայնացնում է նաև Գասպարյանի նախկին խորհրդականը:
Եվ այս դեպքում Օնիկ Գասպարյանը պետք է թույլատրելիության սահմանում արձագանքի հրապարակայնորեն իր անվանն առնչվող պատերազմական դրվագների մասին իշխանական գաղտնազերծումներին՝ կապված Շուշիի հետ գրավման հետ, հակահարվածի հայտնի օպերացիայի, տա պատերազմին առնչվող առանցքային հարցերի պատասխանը, մասնավորապես, թե ինչ կարգադրություն է տվել սեպտեմբերի 25-ին, երբ պատերազմի մասին հստակ տեղեկություն է ստացվել, արդյո՞ք քաղաքական հրահանգ է եղել պաշտպանության չանցնելու, քանի որ սրա պատասխանատվությունը ևս Նիկոլ Փաշինյանն ամբողջապես իր վրա է դնում, արդյո՞ք ինքը Շուշին պահելու համար զորքն ուշացումով է ուղարկել, ինչպես դեռևս 2021-ին պնդում էր Նիկոլ Փաշինյանը:
Ավելին, Օնիկ Գասպարյանի նախկին խորհրդականն անցած տարի «Նոյան տապանին» տված հարցազրույցում ասել է.
«Մոտավորապես ամսի 3-ին (նկատի ունի նոյեմբերի 3-ը.- Մ.Պ.) Միքայել Արզումանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ համաձայնությամբ, գրավոր հրամանով բավականին գրագետ և մարտական փորձ ունեցող բարձրաստիճան սպայի է նշանակում, որը պիտի Շուշիի պաշտպանության համար պատասխանատվություն ստանձներ: Բայց հաջորդող օրերին Արայիկ Հարությունյանը բանավոր չեղարկում է ՊԲ հրամանատար Միքայել Հարությունյանի գրավոր հրամանը և դարձյալ բանավոր նշանակում է Սեյրան Օհանյանին»:
Թե ում է առաջարկվել, այդպես էլ հայտնի չէ: Իհարկե, 168.am-ը գրել էր՝ ո՞վ է եղել Շուշիի ուղղության հրամանատարը, իսկ Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում նշել էր. «Շուշիում հրամանատար կարող է լինել այն անձնավորությունը, որը լիազորված է, պաշտոնատար անձ է, զինվորական ծառայության մեջ է և հրամանով անցնում է, Շուշիում նշանակված է եղել հրամանատար, նրան ես պարզապես կողքից աջակցել եմ»:
«Իսկանդերի» կիրառման վերաբերյալ ևս կան տարբեր հարցեր, որոնք դարձյալ Օնիկ Գասպարյանի հետ են առնչվում: Չմոռանանք, որ Անդրանիկ Քոչարյանը ԳՇ նախկին պետին մեղադրում էր «Իսկանդերի» խայտառակ պլան հաստատելու մեջ, իսկ ՔՊ-ական պատգամավորներն այլ մանրամասներ էին հայտնում. Փաշինյանն ասում էր, որ «Իսկանդերը» 10 տոկոսով է պայթել» կամ կրակել: Հունիսի 27-ին էլ Քննիչ հանձնաժողովում Փաշինյանն ակնարկել է, որ եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ Հայաստանին չի պատկանել: Պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ եղած Արծրուն Հովհաննիսյանն էլ հունիսի 27-ին Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հաստատել է Փաշինյանի պնդումը և հավելել, որ այն՝ որպես զինատեսակ, իր վրա դրված խնդիրը չլուծեց: Իսկ «Իսկանդերը» Շուշիի ուղղությամբ կիրառվել է նոյեմբերի 8-ին, երբ քաղաքը հետ վերցնելու գործողություններ սկսվեցին, որոնք տապալվեցին: Ինչո՞ւ, չունենք նաև, ըստ էության, դրա պատասխանը: Այսինքն, բազմաթիվ դաշտ նետված հարցեր կան, գաղտնազերծված տեղեկություններ, որոնք թույլատրելի սահմանում Օնիկ Գասպարյանը, ճիշտ կլինի, որ պատասխանի: Եվ այս հարցերի շարքը կարելի է շարունակել, բայց սահմանափակվենք դեռ այսքանով:
2. Վարչապետը պետք է գնահատի ոչ թե միայն զինված ուժերի գործունեությունը, այլ ներկայացնի պետական կառավարման ողջ համակարգի գործունեությունը` նշելով դրական և բացասական կողմերը, ինչպես նաև անհաջողությունների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները:
Լիովին համաձայն ենք, քանի որ պատերազմը վարում է պետությունը: Մամուլում հիմնականում քննարկում ենք պատերազմի առաջին րոպեներին Պաշտպանության բանակի (ՊԲ) և նրա ղեկավարության պատրաստ լինելուն վերաբերող հարցերը, ինչը, իհարկե, սխալ չէ, բայց հաշվի առնելով, որ պատերազմը պետությունն է վարում, և բանակն ընդամենը մի բաղադրիչ է, ինչպես մյուս պետական կառույցները, ապա պետք է հարց տանք՝ որքանո՞վ են պետական մյուս կարևոր մարմինները և նրանց ղեկավարները պատրաստ եղել պատերազմն ընդունելուն: Այսինքն, նրանք պատերազմը արթո՞ւն, իրենց աշխատավայրերո՞ւմ, թե՞ քնած են դիմավորել և միայն պատերազմը սկսելուց հետո՞ են շտապել աշխատավայր, և ինչպե՞ս են գործել պատերազմի ընթացքում: Իսկ այս առումով չափազանց կարևոր են «Շանթ» զորավարժությունները, որոնք գործող իշխանությունները երկրորդական պլան մղեցին, մեղմ ասած։
Օնիկ Գասպարյանի հայտարարության 3-րդ կետը մի քանի մասից է բաղկացած՝ դիվանագիտական-քաղաքական և ռազմական: Այստեղ գեներալը հիշեցնում է իր 2020 թվականի նոյեմբերի 17-ի ուղերձը, որտեղ զգուշացնում է, որ մեր հակառակորդն այլևս միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան, հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:
Իսկ արդեն 2020թ. հուլիսի 4-ին, երբ դեռ չէին սկսվել հուլիսյան մարտերը, զինված ուժերի գլխավոր շտաբում Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին և ՀՀ ԱԽ անդամներին, ԳՇ անձնակազմին ասել էր, որ անհրաժեշտ է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում զորքերը հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնել:
«Ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքներով ՀՀ վարչապետին առաջարկել եմ.
- ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին (Իրան և Վրաստան)՝ բարեկամաբար տրամադրելուն»,- Փաշինյանին ուղղված իր պատասխան հայտարարության մեջ նշում է ԳՇ նախկին պետը:
Ըստ էության, վերջին պարբերության մեջ Օնիկ Գասպարյանը պատասխանում է Քննիչ հանձնաժողովում Փաշինյանի արած այն հայտարարությանը, որ «միջազգային գործընկերները կոչ են արել, որ ՀՀ ԶՈՒ–ն կտրուկ գործողություններ չիրականացնեն, այսպես ասած՝ չեղած տեղից պատերազմ չսադրելու համար»:
Այսինքն, ԳՇ նախկին պետն առաջարկել է սկսել բարենապաստ դաշտ ստեղծել, որ զինված ուժերի հնարավոր գործողություններն ընկալելի լինեն միջազգային հանրության համար, նաև վերացնել զինված ուժերի գործողությունների համար առկա խոչընդոտները, կամ երաշխիքներ ստանալ դրանց բացառման համար:
Իսկ ի՞նչ ունեցանք մենք, մասնավորապես, «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ օրը մի քանի անգամ Ռուսաստանից Հայաստան զենքով բեռնված ինքնաթիռներ են թռչել: Իսկ մեր հարևան Վրաստանը, ըստ Ալիևի, անսալով իր խնդրանքին, փակել է օդային և ցամաքային ուղիները՝ արգելելով Հայաստան զենք բերող ռուսական ինքնաթիռների անցումը:
«Մենք խնդրեցինք մեր վրացի ընկերներին՝ փակել օդային տարածքը, և նրանք դա արեցին: Մենք խնդրեցինք փակել նաև ցամաքային ճանապարհը, որը կարող էր օգտագործվել Ռուսաստանից Հայաստան զենքի տեղափոխման համար՝ Վրաստանի տարածքով: Եվ նրանք կատարեցին նաև դա: Մենք շնորհակալ ենք նրանցից»,- ասել էր Ալիևը և շարունակել, որ նման խնդրանքով դիմել է նաև մերձկասպյան բոլոր երկրներին, սակայն այս անգամ Ադրբեջանին մերժել են:
«Մենք նամակ ենք ուղարկել Ղազախստան, Թուրքմենստան և Իրան: Ցավոք, այդ ինքնաթիռներն օգտագործեցին այդ երկրների տարածքը Հայաստան մուտք գործելիս: Այդպես է եղել, և մենք չպետք է թաքցնենք դա»,- շեշտել էր Ադրբեջանի ղեկավարը:
Հիշեցնենք, որ 2020-ի օգոստոսի 12-ին Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահի ուշադրությունն էր հրավիրել այն փաստի վրա, որ հուլիսի 17-ից առ այդ պահը Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության բեռների մատակարարման ինտենսիվությունն անհանգստություն և լուրջ հարցեր է առաջացնում Ադրբեջանի հանրությունում:
«Իլհամ Ալիևը նշել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո (նկատի ունի հուլիսյան մարտերը.- Մ.Պ. ) Ռուսաստանից Հայաստան (Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով) մատակարարված ռազմական նշանակության բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան, և ընդգծել է, որ իր հեռախոսազանգի հիմնական նպատակն այդ հարցը պարզաբանելն է»,- նշվում էր Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության համապատասխան հաղորդագրության մեջ:
Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո՝ 2020 օգոստոսի 22-ին, Մոսկվա էր մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որտեղ օգոստոսի 23-ին հանդիպել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։
Այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չափազանց ուշագրավ հայտարարություն էր արել Մոսկվայում՝ ասելով, որ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցությունը (ՌՏՀ) աննախադեպ մակարդակում է, և, որ աշխարհում ոչ մի պետություն չի կարող ՌՏՀ-ի մակարդակով համեմատվել Երևանի և Մոսկվայի հետ:
Մինչդեռ, ինչպես արդեն իր հայտարարության 7-րդ կետում շարունակել էր Օնիկ Գասպարյանը, «դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում, ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար»:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի կարողացել կանխել պատերազմը՝ ստեղծելով ճիշտ հարաբերություններ դաշնակից, հարևան և գործընկեր երկրների հետ, այլ դա չի կարողացել անել նաև պատերազմի ընթացքում:
Այլ կերպ՝ սպառազինության հետ կապված խնդիրները վկայում են Նիկոլ Փաշինյանի՝ որպես երկրի ղեկավար և գերագույն հրամանատար, անկարողության մասին: Այսինքն, խնդիրը միայն մեր նկատմամբ անտարբերություն ցուցաբերող դաշնակից կամ գործընկեր պետություններինը չէ:
Ի դեպ, հարցազրույցներից մեկի ժամանակ Օնիկ Գասպարյանի խորհրդականն ասել է, որ կապ են ապահովել եվրոպական խոշոր պետության հետ, և նա համաձայնել է ռազմական օգնություն ցուցաբերել, բայց ՀՀ ղեկավարությունից պաշտոնական դիմում չի եղել: Ավելին, պատերազմի օրերին շատ հարցեր իրենց գործընկերների հետ հեռախոսազրույցների միջոցով փորձել են լուծել ռազմական ղեկավարությունը՝ Դավիթ Տոնոյան, Օնիկ Գասպարյան, որի մասին նույնիսկ արտահայտվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, երբ մանրամասներ էր հայտնել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության ստորագրման ընթացքից:
Եվ այն, որ պատերազմի 4-րդ օրն ԱԽ նիստում ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել էր կանգնեցնել պատերազմը, առաջին հերթին նկատի էր ունեցել ՀՀ արտաքին քաղաքականության ձախողումները և ՀՀ-ի հանդեպ դաշնակից և գործընկեր երկրների տրամադրվածությունը: Մյուս կողմից, նա նշում է, որ Փաշինյանին հատուկ առաջարկել է ձեռնարկել միջոցներ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ հարաբերությունները կտրուկ բարելավելու համար` ներկայացնելով հստակ գործողությունների հաջորդականությունը, և վստահեցնում, որ առաջարկները ընդունվել են և սկսել են իրագործել պլանավորած միջոցառումները, սակայն մինչև պատերազմի սկիզբը լուրջ հաջողությունների չեն հասել: Թե ի՞նչ պլանների մասին է խոսքը, պարզ չէ:
Վերադառնանք ԳՇ նախկին պետի հայտարարության 3-րդ կետի երկրորդ մասին, որտեղ նա տեղեկացնում է, որ 2020 թվականի հուլիսի 10-ին ԱԽ նիստում Փաշինյանին ներկայացրել է սպառազինության և ռազմական տեխնիկայի 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագիծը, ըստ որի, ընդհանուր առմամբ զինված ուժերի առջև դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ էր 8 մլրդ ԱՄՆ դոլար:
«2020 թվականի օգոստոսի երկրորդ կեսին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը, թույլ են հետախուզական մարմինների՝ հակառակորդի արդյունավետ հետախուզման, օպերատիվ ղեկավարման ու տեղեկությունների հաղորդման հնարավորությունները: ՀՀ զինված ուժերում մարտական խնդիրների կատարումը չեն ապահովում նաև առկա անօդաչու թռչող սարքերի քանակները: Հակառակորդի ԱԹՍ–ների դեմ պայքարի համար անհրաժեշտ են ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անհրաժեշտ քանակի անօդաչու թռչող սարքեր: Դրանք, իհարկե, ներառված են ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում, բայց հիմնականում երկրորդ աստիճանում, և դրանց ձեռքբերման հնարավորությունները նվազագույն են, քանի որ բյուջեով հնարավոր չէ լուծել: Բայց և անհրաժեշտ է ձեռք բերել ժամանակակից, երկար տարածություններում և ժամանակահատվածով գործող ռազմավարական բազմաֆունկցիոնալ հետախուզական և հարվածային ԱԹՍ–ներ»,- մանրամասնել է Օնիկ Գասպարյանը:
Այնուհետև նա շարունակել է, որ վերջին 2 տարում 100%-ով լուծվել է պաշտպանության բանակում տեսադիտարկման համակարգերով համալրման հարցը, այնուամենայնիվ խնդիր ենք ունեցել այլ օպերացիոն ուղղություններում: Միաժամանակ, ըստ գեներալի, առկա են եղել տեսադիտարկման համակարգերի երկրորդ-երրորդ շերտերի ստեղծման խնդիրներ: Ի դեպ, պատերազմի օրերին բազմաթիվ զինվորականներ, մասնագետներ, անգամ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբանը պնդել է, որ գիշերային մարտերի համար համապատասխան միջոցներ չեն եղել, ինչը հաստատել է նաև Օնիկ Գասպարյանը, որ կարևոր է տանկերի կրակի կառավարման համակարգերի արդիականացումը, քանի որ զինված ուժերում շահագործվող տեխնիկան իրենց հիմնական մարտավարատեխնիկական ցուցանիշներով և տեխնիկական վիճակով չեն բավարարել ժամանակակից մարտի պահանջներին, առավել ևս՝ գիշերային պայմաններում մարտ վարելուն:
Փաշինյանին նա նաև զեկուցել է.
«Արդիական խնդիր է զինամթերքի պահեստների ապակենտրոնացման հարցերը: ԶՈՒ զինամթերքի պահեստների ապակենտրոնացման, ըստ նորմերի շարակարգումն ապահովելու, օպերացիոն ուղղություններով կենտրոնացնելու, զորքերի կիրառման շրջաններին հնարավորինս մոտեցնելու և հակառակորդի հավանական հարվածներից դրանք պաշտպանելու համար ՀՀ զինված ուժերին անհրաժեշտ են զինամթերքի ստորգետնյա (թունելային տիպի) պահեստներ: Իրային գույքի պաշարները չեն ապահովում մարտական գործողությունների վարման սահմանված պահանջարկը (զորահամալրվող անձնակազմ, նոր կազմավորվող զորամասեր, օպերատիվ և զորային պաշարներ):
2020 թվականի հուլիսյան գործողություններից հետո վարչապետն իսկապես հարցրել է ինձ, թե ինչ կարիքներ ունի բանակը, ինչին ես պատասխանել եմ, որ զինված ուժերի կարիքները ձևակերպված և ամրագրված են 2018-2024 թվականների ՍՌՏ պետական ծրագրում, իսկ լրացուցիչ պահանջարկը ներառված է ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում և ըստ էության անհրաժեշտ միջոցների ձեռքբերումն ընթացքավորված է: Սակայն պետք է հասկանալ, որ պատերազմի սկսելուն մնացել էր ընդամենը երկու ամիս և գործնականում հարցը չէր կարող լուծվել»:
Իհարկե, ռազմական, ռազմատեխնիկական, զինամթերքի պահեստների, ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետության հետ կապված խնդիրները, որ նշում է գեներալ Գասպարյանը, առկա է եղել և կա: Այլ հարց է, որ այդ համատեքստում բաներ կային, որ պիտի հստակ ասվեին և չասվեցին, և ստացվեց, որ հաստատեցին փաշինյանական կամ իշխանական թեզը:
Այսինքն, երբ խոսվում է, որ 2020 թվականի օգոստոսի երկրորդ կեսին ԱԽ նիստում Փաշինյանին զեկուցել է, որ «ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ»», ապա պետք է ուղիղ ասել, որ Փաշինյանը ստել է, երբ 2019-ին «Օսա-ԱԿ» համակարգերը ձեռք բերելով՝ ասել է՝ մեր օդային սահմաններն անխոցելի են լինելու:
Ի դեպ, 44-օրյա պատերազմում գրանցած անհաջողությունների, այդ թվում՝ Շուշիի ուղղությամբ վարած մարտական գործողությունների համատեքստում, ԳՇ նախկին պետն առանցքային գործոնների շարքում, մասնավորապես, առանձնացնում է հակառակորդի քանակական և որակական բացարձակ գերակայությունը, այդ թվում՝ օդային տարածքում, հակառակորդի սպառազինությունում գերճշգրիտ միջոցների մեծաքանակ լինելը:
«Մեզ չհաջողվեց իրականացնել զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումները և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումները, ինչի հետևանքով զինված ուժերի ռազմական հզորությունը չհասցրեցինք բերել պլանավորված մակարդակին: Այսինքն, պատերազմը սկսվեց մեզ համար ոչ բարենպաստ պայմաններում»,- շեշտում է նա:
Օնիկ Գասպարյանը, որ Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում մասնակցել է բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագրի մշակման աշխատանքներին, իր հայտարարության մեջ չի անդրադառնում Փաշինյանի այն հայտարարություններին, թե ռազմական գնումների ոչ մի պլան չի փոխել, ավելին՝ լրացրել են, թե որքան գումար են ծախսել:
Նա չի խոսում, թե ինչ կարող էր Փաշինյանն անել 2018-2020 թվականներին բանակի համար, որը չի արվել, կամ թե այդ ընթացքում ինքը, որպես ԳՇ պետի առաջին տեղակալ, ինչ է առաջարկել, որը գուցե չի ընդունվել:
Փոխարենը՝ Գասպարյանը շեշտը դնում է նրա վրա, թե ինչ է առաջարկել որպես ԳՇ պետ մինչև պատերազմը, և, որ 3 ամսում հնարավոր չէր դրանք իրագործել: Եվ սրանով, կամա թե ակամա, հաստատել է Փաշինյանի թեզերը, որ չեն հասցրել, որ եղել են ինչ–որ միջոցներ, որոնք հնարավոր չի եղել ձեռք բերել, որովհետև դա ՀՀ իշխանության պլանն է, բայց ուրիշն էլ իր վաճառքի պլանն ունի, որը միշտ չէ, որ իրենց ձեռքբերման պլանի հետ համընկնում է:
Այսինքն, Օնիկ Գասպարյանն այս առումով գործել է այն նույն տրամաբանության մեջ, ինչ պատերազմի ավարտին, երբ արդարացրել էր Փաշինյանին, որ չէինք կարող հաղթել, որովհետև մեր դիմաց միայն Ադրբեջանը չէր, մինչդեռ շատ հանգիստ պատերազմը կարող էր այլ ելք ունենալ, առնվազն կարող էինք չպարտվել այն հաշվով, որով պարտվեցինք:
Ի դեպ, Պետրոս Ղազարյանի հետ զրույցում 44-օրյա պատերազմի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել է.
«2020 թվականի Հուլիսյան դեպքերից հետո ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը Անվտանգության խորհրդում ներկայացրել է զենք–զինամթերքի երազանքների, կամ, կոպիտ ասած, իդեալական ցուցակ: Եթե չեմ սխալվում, խոսքը 5 մլրդ դոլար կամ դրանից մի քիչ ավելի կամ պակասի մասին է: ՀՀ տնտեսությունը 1 օրում չէր կարող հատկացնել, իսկ ունենալուց հնարավոր չէր արագ ռեալիզացնել»:
ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, սակայն, «Փաստինֆո»–ի հետ զրույցում ասել է, որ իր առաջ քաշած հիմնավորումներից որևէ մեկին որևէ տեսակի լուծում չի տրվել Փաշինյանի կողմից։
«Երբ Փաշինյանն ասում է՝ բանակն իրենից ինչ ուզել է, մերժում չի ստացել, պետք է նրան հիշեցնել մի քանի դրվագ, օրինակ՝ փող բանակին պետք է եղել, բանակն ուզել է, բայց նա չի տվել։ Ընդ որում, մասնագիտորեն և մանրամասն հիմնավորումներ են եղել, թե ինչո՞ւ է գումար անհրաժեշտ, կոնկրետ ի՞նչ նպատակի համար դա պետք է ծառայեր, սակայն այդպես էլ չի փոխանցվել բանակին»,- շեշտել է նա:
Ինչևէ, իր հայտարարության մեջ ԳՇ նախկին պետն անդրադառնում է 2020-ի հոկտեմբերի 27-ին ընդունված «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիային, ինչը, ըստ նրա, վերջնականապես տապալել է բավականին մեծ թվով կամավորականների` պատերազմին ներգրավելու գործընթացը: Այսինքն, իշխանությունների անպատասխանատու մոտեցման հետևանքով ձախողվել է մարտական գործողություններին մասնավոր ռազմական կազմակերպությունների և այլ երկրներից կամավորականների մասնակցելու նախաձեռնությունը:
Ի դեպ, վերջերս այս մասին «Նոյան տապանին» տված հարցազրույցում խոսել էր Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը, ով կուրացիա է արել կամավորների ներգրավման գործընթացը:
Թերևս, Օնիկ Գասպարյանն այս մասին իր հայտարարության մեջ կետ է մտցրել նրա իսկ առաջարկով, ավելին, նրա նախաձեռնությամբ է իր հայտարարությունը տարածել հենց «Նոյան տապանի» միջոցով: Այսինքն, Օնիկ Գասպարյանը շարունակում է օգտվել իր նախկին խորհրդականի «խորհրդատվական» ծառայություններից:
Սա, իհարկե, իր իրավունքն է, այլ հարց է, որքանով է իրականում նա շահել կամ շահում դրանից: Բայց խնդիրն այն է, որ այս թեմայի շրջանակում Օնիկ Գասպարյանը չի անդրադառնում մոբի, զորահավաքի հետ կապված խնդիրներին, այն ծրագրված քաոսին, որը տիրում էր պատերազմի դաշտում, այդ թվում՝ խնդիր ստեղծելով կանոնավոր բանակի համար:
Այսինքն, ԳՇ նախկին պետը չի խոսում այն մասին, որ զենքը ձեռքները չբռնած մարդիկ հայտնվել են առաջնագծում, իսկ բազմաթիվ անձինք, ովքեր ունեին որոշակի կամ կոնկրետ մասնագիտություն, պատրաստվածություն, չընդգրկվեցին մոբիլիզացիայի մեջ: Կամ՝ անձինք, ովքեր ունեին որոշակի պատրաստվածություն և կարող էին որոշակի, այսպես ասած, պաշտոններ զբաղեցնել, բոլոր անձանց առաջարկվեց մեկնել՝ որպես կամավոր զինվոր, իսկ մարդը, որը պատրաստվել էր որոշակի գործառույթներ իրականացնելու համար, նրան որպես զինվոր օգտագործելը, ինչը որոշ դեպքերում կատարվեց, աբսուրդ էր: Եվ հենց այս իրավիճակն է հանգեցրել որոշ դեպքերում դասալքության:
Փոխարենն Օնիկ Գասպարյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի օրերին տեղեկատվության փոխանակման և տեղեկատվական կառավարման խնդիրներին, ինչի հետ լիովին համաձայն ենք, բայց սա չէր լինի, եթե լիներ քաղաքական կամք, եթե չասենք, որ այդ ամենն ինչ-որ առումով իշխանությունների թեթև ձեռքով էր, կամ իմացությամբ, ինչպես Տավուշում պայմանագրայինների ճանապարհը փակելու դեպքերում, որի մասին ևս ակնարկում է գեներալը:
Ճիշտ է Օնիկ Գասպարյանը, որ հրամանատարները շատ անգամ գործել են առավելագույնը, կամ թույլ են տվել թերություններ, ոչ թե հանցանք, բայց դարձյալ չի խոսվում այն մասին, որ երկրի ղեկավարությունը խանգարել է հրամանատարությանը, որ հնարավոր է՝ եղել են դեպքեր, երբ իրենք համաձայն չեն եղել Փաշինյանի քաղաքական որոշումների հետ, բայց ենթարկվել են:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը կայացրել է ոչ ադեկվատ որոշումներ, ինչի մասին շեշտվում էր 2021-ի փետրվարի 25-ի հայտարարության մեջ, բայց կոնկրետ ինչ որոշում, ինչ տարածքային և մարդկային կորուստներ ենք ունեցել դրա արդյունքում՝ չի նշվում: Փոխարենը՝ Օնիկ Գասպարյանը հակադարձում է Փաշինյանին, թե նրա հրաժարականի պահանջն իրենց որոշումն էր՝ չկար ներքաղաքական և արտաքին որևէ ազդեցություն: Իսկ արդյո՞ք այդ պահանջի՝ գործնական փուլ չտեղափոխելու որոշման մեջ կար արտաքին գործոն, ինչպես շրջանառվում էր մամուլում՝ հաշվի առնելով Թուրքիայի արձագանքը, Օնիկ Գասպարյանը չի անդրադարձել:
Իսկ թե ԳՇ նախկին պետի այս հայտարարությունը Փաշինյանի մեղադրականի՞ համար էր հիմք, թե՞ արդարացման, արդյո՞ք որևէ մեկի հետ պասերով խաղ կա, ցույց կտա ժամանակը, թեպետ ինչ-որ բաներ արդեն իսկ հուշեցինք…