«Արցախի ընտրված ներկայացուցիչներից» մինչև «ԼՂ-ում բնակվող հայեր» և «Ադրբեջանի հայ քաղաքացիներ». Մնացականյան-Փաշինյան շղթայական քայլերի հետևանքները

Արցախի դեմ ադրբեջանական վերջին լայնամասշտաբ հարձակումից օրեր հետո՝ սեպտեմբերի 21-ին, Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։

Արցախի պատվիրակության կազմում էին Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը, որոնց, բնականաբար, Ադրբեջանում և միջազգային հարթակում ընկալեցին՝ որպես ԼՂ-ում ապրող հայերի ներկայացուցիչներ: Մեծ հաշվով, ՀՀ իշխանությունները ևս այդպես են նրանց դիտարկում:

Մասնավորապես, սեպտեմբերի 11-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին չէր շնորհավորել և անվանել «Լեռնային ղարաբաղի նոր ընտրված առաջնորդ»: Չմոռանանք, որ 2019-ի Գյումրու Սև բերդ ամրոցում՝ Անկախության 28-ամյակին նվիրված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության վերջում, մասնակիցներից մեկը, դիմելով Արցախի նախագահ Բակո Սահակյանին, նրան կոչել էր ՀՀ Արցախի մարզպետ։ Ելույթը ողջունվել էր անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից: Ավելի ուշ պարզվել էր, որ այդ անձը Արտուշ Խաչատրյանն է՝ «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության հիմնադիր նախագահը և «Համայնքի զարկերակ» ԵՀԿ ղեկավարը:

Իսկ 2022 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն օգտագործել էր՝ «ԼՂ-ում բնակվող հայեր», «ԼՂ հայեր» ձևակերպումները:

Կարդացեք նաև

«Տարածաշրջանային կայունության վճռորոշ գործոններից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումն է, որտեղ հասցեագրվելու և երաշխավորվելու են ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքները և անվտանգությունը»,- մասնավորապես, ասել էր Փաշինյանը:

ՄԱԿ-ի այս նստաշրջանին 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում հաջորդել էր Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որտեղ ՀՀ-ն ու Ադրբեջանը համաձայնեցին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա Աթայի Հռչակագրի հիման վրա:

Իսկ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ խոսնակը, «Արմենպրեսի» հարցին, որ պրահյան հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին, արդյոք հանդիպման ընթացքում ԼՂ հիմնախնդրին անդրադարձ եղե՞լ է, պատասխանել էր.

«Մենք բազմիցս նշել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը առանցքային է մեզ համար։ Մենք այդ հարցերը բարձրացնում ենք մեր բոլոր հանդիպումներում, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ։ Սակայն Ադրբեջանը հակված չէ այդ հարցը քննարկել Հայաստանի հետ։ 

Միջազգային գործընկերներն էլ են հանգում այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը ենթակա են հստակեցման, և այս առումով կարևոր են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումները՝ միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծմամբ։ Հայաստանը, իհարկե, Ադրբեջանի հետ բոլոր շփումներում հարցը ներառում է քննարկման շրջանակի մեջ»:

Այս ամենը, իհարկե, մեկ օրում չեղավ, և ոչ էլ 44-օրյա պատերազմի արդյունքում:

2019-ի դեկտեմբերին ՀՀ ԱԳ այդ ժամանակ նախարար Զոհրաբ Մնացականյանը շրջանառության մեջ էր դրել «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» տերմինը: Մասնավորապես, Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովում իր ելույթի ժամանակ ԱԳ նախկին նախարարն ասել էր.

«…Արցախն իր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով պետք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի»:

Դեռ այն ժամանակ փորձագիտական շրջանակներից ահազանգում էին այս տերմինոլոգիայի ռիսկերի մասին:

Բայց «Արցախի ընտրված ներկայացուցիչներ», այսպես ասած, դիվանագիտական տերմինի շրջանառության մեջ Զոհրաբ Մնացականյանի ղեկավարած գերատեսչությունը վտանգ չէր տեսնում:

««Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ» արտահայտությունը միջազգայնորեն ընդունված տերմինոլոգիա է դեռևս 1992 թվականից: Այդ անվամբ Արցախի իշխանությունները մասնակցել են խաղաղ գործընթացին՝ սկսած 1992 թվականից: Այդ սահմանմանն ընդդիմանում են Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևողականորեն հանդես են գալիս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սահմանափակման դիրքերից և Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների՝ իշխանությունների մասնակցության դեմ»,- արձագանքել էր ԱԳՆ-ն:

Իսկ Արցախի հարցերով որոշ փորձագետների կարծիքով, դա ճիշտ էր 1992-ի համար, բայց այդ ժամանակ՝ 2019-ին, ապրում էինք կայացած իփսո ֆակտո (Ipso facto) պետության մեջ:

Ըստ մասնագետների, Ipso facto-ն չի վերաբերում ճանաչմանը, այլ, որ այն կա, և, որ այն պետություն է:

Այսինքն՝ «դե ֆակտո»-ն և «դե յուրե»-ն վերաբերում են ճանաչմանը, իսկ «իփսո ֆակտո»-ն՝ պետության գոյությանը և զարգացմանը: Հետևաբար, չէր կարելի 2020-ին օգտագործել 1992-ի տերմինոլոգիան, մի տերմին, որը գործածվել էր այն ժամանակ, երբ նոր էր սկսվել Արցախի հարցի քննարկման միջազգայնացումը: Սա նշանակում է՝ սկզբունքային տարբերություններ կան «իշխանություններ» և «ներկայացուցիչներ» տերմինների միջև:

Ավելին, փորձագետներն այդ ժամանակ անգամ նշում էին, որ գործ ունենք Արցախի Հանրապետության կարգավիճակի ու լեգիտիմության իջեցման հետ՝ որպես կայացած, թեկուզև չճանաչված պետության, ինչպես նաև՝ Արցախի ներկայացուցիչների՝ «ԼՂ ադրբեջանական համայնքի» հետ հավասարեցման փաստի:

Եվ 2022-ի սեպտեմբերին 168.amը փաստել էր, որ «Արցախի ընտրված ներկայացուցիչներից» «ԼՂ-ում բնակվող հայեր» մեկ քայլ էր, գուցե՝ երկու: Եվ եթե այդ ժամանակ այս ամենը, ըստ էության, դեռ հայտարարություններում էր արտացոլվում, ապա այսօր Արցախի Հանրապետության պատգամավորները կամ պաշտոնյաներն Ադրբեջանի հետ բանակցության են գնում՝ որպես «ԼՂ-ում բնակվող հայերի» ներկայացուցիչներ: Այսինքն, այդ ընկալումն է: Մի փոքր ժամանակ, և դա էլ չի լինի, իսկ կար ժամանակ, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպում էին Արցախի Հանրապետության ղեկավարության հետ՝ որպես հակամարտության կողմ, թեկուզև չճանաչված պետության կարգավիճակում: Ավելին, 1993-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը Արցախին որպես կողմ է ընկալել:

«Հեյդար Ալիևը հանձնարարել էր փոխնախագահին հանդիպել Արցախի պաշտոնյայի հետ և պատրաստել երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը։ Փաստաթուղթը ռուսերեն լեզվով էր, օգտագործվում էր «ԼՂՀ» հապավումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Դրա տակ կա ստորագրություն՝ «Հեյդար Ալիև»։ Այսինքն՝ կարելի է փաստել, որ Ադրբեջանը ճանաչել է Արցախը որպես բանակցային կողմ և տարբեր մակարդակներում ուղղակի բանակցություններ է վարել»,- 2019-ին ասել էր Շավարշ Քոչարյանը։

Բազմաթիվ այլ փաստեր կան, թե ինչպես էր Ադրբեջանն ուղիներ փնտրում երկխոսելու Արցախի հետ՝ 1993-ի հունիսից սկսած:

Մասնավորապես, 1993-ի օգոստոսի 15-ին, Ֆիզուլու և Ջեբրայիլի հարվածային ուղղություններում կասեցնելով թշնամու առաջխաղացումը, պաշտպանության բանակի ստորաբաժանումները ընթացքից անցել էին հակահարձակման և ազատագրել պատմական Դիզակի Ցոր, Բանաձոր գյուղերը: Հակահարձակողական գործողությունների համար բարենպաստ պայմաններ էին ստեղծվել նաև Ֆիզուլու ուղղությամբ:

Պաշտպանության բանակի կողմից ձեռնարկված հակահարձակողական գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը կրկին հայտնվել էր անելանելի վիճակի մեջ: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պաշտոնական Բաքուն ստիպված էր նորից ընտրել պաշտոնական Ստեփանակերտի հետ ուղղակի երկխոսության մեջ մտնելու ճանապարհը: Օգոստոսի 15-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների, իսկ այնուհետև՝ գործադիր մարմինների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, օգոստոսի 17-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը Բաքվից ստացվել էր հետևյալ պաշտոնական գրությունը.

«Ադրբեջանի ղեկավարությունը փոխվարչապետ Ռասուլ Գուլիևին լիազորում է 5 օրվա ընթացքում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների միջև բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու շուրջ վարել բանակցություններ:

Ադրբեջանի Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ՝ Հեյդար Ալիև»:

Նշված գրությանը կցված էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի փոխվարչապետի ստորագրությամբ հետևյալ փաստաթուղթը.

 «Ի հավելումն 1993թ. հուլիսի 24-ի և 28-ի պայմանավորվածությունների և երկու կողմերի համանման նոր պարտավորվածությունների դեպքում, պարտավորվում ենք վերականգնել կրակի համընդհանուր դադարեցումը, այդ թվում՝ զերծ մնալ ցանկացած հարձակողական գործողություններից, հրթիռահրետանային հարվածներից և օդային ռմբակոծություններից հինգ օրով, որի ընթացքում ձեռք կբերվի Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հանդիպում անցկացնելու մասին համաձայնություն:

Պայմանավորվածությունն ուժի մեջ կմտնի 1993թ. օգոստոսի 18-ին ժամը 18:00-ից սկսած, երբ կստացվի կողմերի վերոհիշյալ պարտավորվածությունների մասին համաձայնությունը…

Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիև

Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Ռասուլ Գուլիև»:

Nkrmil.am-ից տեղեկանում ենք, որ այդ ժամանակ Ադրբեջանի կողմից հերթական անգամ առաջարկված հրադադարի հաստատման մասին համաձայնագիրը ղարաբաղյան կողմը, չնայած ռազմաճակատում ունեցած իր ռազմավարամարտավարական առավելություններին, կրկին ընդունեց: Մինչդեռ նախորդների նման չի ունեցել բարեհաջող ընթացք:

Եվ 1993թ. օգոստոսի 19-ի գիշերը Ֆիզուլիում (Վարանդա) տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումները հերթական անգամ հրթիռահրետակոծության էին ենթարկել Հադրութի շրջկենտրոնն ու Էդիլլու գյուղը: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ պաշտպանության բանակի հարավային ուղղության զորքերը ստիպված էին անցնել նախ՝ կանխարգելիչ, ապա՝ հակահարձակողական գործողությունների: Եռօրյա թեժ մարտերից հետո հակառակորդը դուրս էր շպրտվել Ֆիզուլի ռազմակայանից: Օգոստոսի 23-ին ղարաբաղյան ուժերը մտել էին Ջաբրայիլ շրջկենտրոն, իսկ մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 31-ին, Կուբաթլու:

Այսինքն, Բաքու-Ստեփանակերտ չկայացած անմիջական երկխոսության արդյունքում՝ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը կորցրել էր ևս երեք խոշոր ռազմակայան:

Արդյունքում՝ ամիսներ շարունակ դիվանագիտական մանևրները զուգակցելով ռազմական արկածախնդրություններին՝ Բաքուն գոնե այդ պահի դրությամբ հասկացել էր, որ վերջնական պարտությունից խուսափելու միակ ճանապարհը Ստեփանակերտի մասնակցությամբ բանակցային սեղանի շուրջ նստելն է…

Այսօր պատմության այս էջը շրջված է…

Արդյո՞ք տարիներ հետո՝ 10, 20, 30, այն կրկին մեր օգտին կփոխվի, դժվար է ասել: Մի բան հստակ է՝ այն ընդդեմ Արցախի շրջվեց ՀՀ իշխանությունների պատճառով…

Տեսանյութեր

Լրահոս