«Մի խոսքով՝ համարյա պատերազմ» կամ՝ Նիկոլ Փաշինյանի չգաղտնազերծած նախապատերազմական նյութերը

«Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն հեղափոխությունից հետո մեր կառավարությունում ունեցել է երկու անձ՝ Արտաքին գործերի նախարարը և ես». այս տողերը Նիկոլ Փաշինյանն ասել է 44-օրյա պատերազմից օրեր առաջ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, որի մասին նա ազդարարել էր 2020 թվականի սեպտեմբերի 26-ին:

Այդ ժամանակ տեղեկացվել էր, որ հարցազրույցն ամբողջությամբ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվելու է սեպտեմբերի 27-ին, ժամը 21:50-ին, որտեղ Նիկոլ Փաշինյանը պնդել էր նաև, թե՝ այդ Ալիևն է իրեն խնդրանքով դիմել:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ՀՀ ընդդիմադիր որոշ շրջանակների թեզերը ճշգրիտ նույնական են»,- շեշտել էր նա:

Իսկ սեպտեմբերի 25-ին էլ, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, Փաշինյանը նույնիսկ սպառնացել էր Ադրբեջանին.

Կարդացեք նաև

«Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ, խորհուրդ եմ տալիս վերադառնալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով»:

Թե ինչ կոնֆիդենցիալ ինֆորմացիայի մասին էր ակնարկում Փաշինյանը, մինչև այս պահը չի  գաղտնազերծվել, չի հրապարակվել նաև 5 տարվա պատմություն ունեցող հարցազրույցը, որն ազդարարելու օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, Փաշինյանի ընտանեկան թերթն «Ադրբեջանական քարոզչության հայկական «ֆրիլանսերները» վերտառությամբ հոդված էր նաև հրապարակել, որում, մասնավորապես, նշված է.

«…Հիմա, ըստ Ալիևի, Փաշինյանը դրժել է խոստումը, հայկական կողմի պատճառով բանակցային գործընթացը ձևական բնույթ է կրում, և Ադրբեջանը չի պատրաստվում մասնակցել այդ ձևականություններին…

Մի խոսքով՝ համարյա պատերազմ…

Շարունակությունն արդեն սովորական է։ Իբր՝ այդ երկու տարիներն Ադրբեջանն օգտագործեց առաջնագիծն ամրապնդելու և պատերազմի նախապատրաստելու համար, իսկ մեր իշխանությունները ներքաղաքական հակառակորդների դեմ պայքարով էին զբաղված, հիմա էլ նրանք քարոզչական հող են նախապատրաստում Թուրքիային նոր պատերազմում անմիջականորեն ներքաշելու համար, իսկ մենք հետևողականորեն փչացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, հետևաբար՝ մենք անվտանգային լրջագույն խնդիրներ ունենք և պետք է օր առաջ ազատվենք այս իշխանություններից։

Սկսենք «վերելակային պայմանավորվածություններից»։ Այդ երբվանի՞ց են Հայաստանում սկսել ավելի շատ հավատալ ոչ թե սեփական իշխանություններին, այլ Ադրբեջանի նախագահին, և իրավաբանորեն ինչպե՞ս է կոչվում թշնամու քարոզչությունը սեփական երկրում տարածելն ու դրա իրավացիությունը հիմնավորելը։

Եվ հետո՝ ի՞նչ է նշանակում՝ «Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի»։ Իսկ ինչ է, դա մեզ համար նորությո՞ւն է, եղե՞լ է մի օր, որ նրանք պատերազմի չպատրաստվեն։ Բնականաբար՝ մենք էլ ենք ամեն օր պատրաստվել ու հիմա էլ ենք պատրաստվում, և եթե մինչև հիմա լայնամասշտաբ պատերազմ չի սկսվել՝ հիմնական պատճառն այն է, որ մենք պաշտպանության ավելի լավ ենք պատրաստված, քան նրանք՝ հարձակման»:

Սա՝ այն դեպքում, երբ սեպտեմբերի 25-ին ռադիոկլանման միջոցով հասկանալի է դարձել՝ պատերազմ է սկսվելու: 

Իսկ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց պատերազմը…

Ի դեպ, պատերազմից հետո՝ 2021 թվականի սեպտեմբերին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով իր նախապատերազմական հարցազրույցը չհրապարակելուն՝ մասնավորապես ասել էր.

«Իմ հարցազրույցը եթեր չի գնացել միայն մի պատճառով, քանի որ պատերազմը սկսվեց: Կարծում եմ, այդ հարցազրույցը կա, և երբ քննիչ հանձնաժողով ստեղծվի, կարծում եմ, ոչինչ չի խանգարի, որ միացնեն և դիտեն եթերային տարբերակը: Հիմա հետին թվով հարցազրույցներ հրապարակելը, հայտարարություններ անելը, չեմ կարծում՝ գործին օգուտ կտան: Մյուս կողմից՝ ընդունում եմ, որ կան խնդիրներ, հարցեր, և ՀՀ քաղաքացիները, ՀՀ ԱԺ-ն պետք է ստանան: Հույս ունեմ, որ բոլոր հարցերի պատասխանները քննիչ հանձնաժողովի աշխատանքների շրջանակում կտրվեն»:

Արդյո՞ք Քննիչ հանձնաժողովն այս հարցազրույցը դիտել է, դրանում առկա նյութը՝ մեր ներկայացրած բաց փաստերի համադրությամբ քննարկման առարկա դարձրե՞լ է, մենք գրավոր հարցում ենք ուղարկել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: Պատասխան գրությունը ստանալուն պես կներկայացնենք:

Սակայն ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանն այն հանրային քննարկման չդնելու իր պատճառներն ունի: Ի վերջո, փորձել է հանրության ուշադրությունը շեղել պատերազմի սկսման հնարավոր մոտալուտ փաստից, դրան Թուրքիայի մասնակցությունից, երբ հուլիսյան մարտերի օրերին Թուրքիայի ղեկավարները բաց տեքստով զգուշացնում էին այդ մասին:

Եվ այստեղից հարց Փաշինյանին՝ իրավաբանորեն ինչպե՞ս է կոչվում սեփական երկրի հանրությունից մոտալուտ պատերազմի փաստը թաքցնելը…

Հ.Գ. Առաջիկայում առանձին կանդրադառնանք հարցին, թե ինչպես է Փաշինյանը բանակցային պայմանավորվածությունները թաքցրել ռազմական ղեկավարությունից:

Տեսանյութեր

Լրահոս