Արցախի փոխարեն՝ ադրբեջանական բենզին. ինչպես են Թուրքիան ու Ադրբեջանը տեղավորվում Հայաստանի շուկայում
3.6 մլն դոլարի ներմուծում Ադրբեջանից և 0 դրամի արտահանում. Հունվարյան «ռեկորդները»
Տարիներ շարունակ, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանն ու փակ սահմաններին, Հայաստանը միջնորդավորված ձևով բավական մեծ ծավալի առևտուր է իրականացրել Թուրքիայի հետ։ Բայց այդ առևտուրը կրել է բացառապես միակողմանի բնույթ։
Մեծ քանակությամբ թուրքական ապրանքներ են ներմուծվել ու իրացվել Հայաստանում։ Փոխարենը՝ Հայաստանից Թուրքիա արտահանումներ գրեթե չեն իրականացվել։ Դրանց ծավալները, թուրքական ապրանքների ներմուծումների համեմատ, չնչին են եղել։ Տարեկան հազիվ մի քանի հարյուր հազար կամ մի քանի միլիոն դոլար։ Այնինչ՝ թուրքական ներմուծումները կազմել են հարյուրավոր միլիոն դոլարներ։
Դրանից շահել է գերազանցապես Թուրքիայի տնտեսությունը։ Թուրքական ապրանքների ներմուծումների միջոցով Հայաստանը տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլարի անուղղակի ներդրում է իրականացրել Թուրքիայի տնտեսության մեջ։ Դրա դիմաց ստացել է էժան ապրանքներ, որոնք շատ հաճախ խնդիրներ են ստեղծել հայրենական արտադրողների համար։ Չդիմանալով մրցակցությանը՝ դրանք դուրս են մղվել։ Չնայած այդ հանգամանքին, իշխանությունները ոչինչ չեն արել տեղական արտադրողին պաշտպանելու, մրցակցային հնարավորությունները մեծացնելու համար։
Այսօր էլ՝ փակ սահմանի պայմաններում, Թուրքիայից մեծ քանակությամբ ներմուծումներ են իրականացվում Հայաստան։ Թեև արդեն տևական ժամանակ է, ինչ խոսում են սահմանը բացելու մասին, բայց սահմանը շարունակում է փակ մնալ։ Երբեմն-երբեմն տարբեր առիթներով բացվում է ու կրկին փակվում։
Սպասում են, թե երբ Հայաստանի այսօրվա կառավարիչները մինչև վերջ կբավարարեն Ադրբեջանի բոլոր պահանջները, որպեսզի բացեն հայ-թուրքական սահմանը։ Սակայն դեռ մեծ հարց է, դրա փակ լինե՞լն է Հայաստանի համար ավելի ձեռնտու, թե՞ բացվելը։
Փակ սահմանի պայմաններում էլ Թուրքիան իրեն վատ չի զգում Հայաստանի շուկայում։
Անցած տարի այդ երկրից 368 մլն դոլարից ավելի ապրանք է ներմուծվել՝ 32 միլիոնով ավելի շատ, քան նախորդ տարի։ Հայաստանի ընդհանուր առևտրի կտրուկ անկման պայմաններում Թուրքիայից ներմուծումները գրեթե 10 տոկոսով ավելացել են։
Այս տարի էլ թուրքական ապրանքների հոսքերը դեպի Հայաստան պահպանվում են։ Հունվարին 25.5 մլն դոլարի ներմուծում է իրականացվել։ Անցած տարի եղել էր ընդամենը 16.7 միլիոն։ Ավելի քան 52 տոկոսանոց աճ է գրանցվել։
Ու ինչպես միշտ, Թուրքիայի հետ ոչ պաշտոնական առևտրային հարաբերությունները կրել են միակողմանի բնույթ։ 25.5 մլն ներմուծման դիմաց արտահանումը զրո է։ Չնայած թուրքերի հետ Հայաստանի այսօրվա կառավարիչների դրսևորած «եղբայրական» ձգտումներին, հայկական ապրանքները շարունակել են տեղ չունենալ թուրքական շուկայում։
Անցած տարի հազիվ 473 հազար դոլարի արտահանում է իրականացվել Թուրքիա, ընդամենը 60 հազար դոլարով ավելի, քան 1 տարի առաջ։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի «լուրջ» առաջընթաց է գրանցվել Հայաստանից Թուրքիա հայկական ապրանքների արտահանումների պարագայում։
Թուրքիայի հետ միակողմանի առևտրի հարցերը «հիմնահատակ» լուծելուց հետո, հիմա էլ անցել են Ադրբեջանի հետ առևտրի իրականացմանը։ Ու կրկին միակողմանի ռեժիմով։ Աշխարհով մեկ են եղել, որ Ադրբեջանից ադրբեջանական ապրանքներ են ներմուծվում Հայաստան։
Տասնյակ տարիներ պաշտոնական վիճակագրության մեջ հայ-ադրբեջանական առևտրի ցուցանիշը զրոյական է եղել։ Առանձին տարիների, իհարկե, էպիզոդիկ դեպքեր գրանցվել են, բայց դրանք ինչպես հայտնվել, այնպես էլ արագ անհետացել են պաշտոնական վիճակագրությունից։
Արցախը հանձնելու, արցախցիներին տեղահան անելու, տնից-տեղից զրկելու գնով, ի վերջո, հասան իրենց վաղեմի երազանքին՝ Ադրբեջանի հետ առևտուր են անում։
Անցած տարվա վերջից ադրբեջանական նավթամթերքներ են ներմուծում Հայաստան։
Առաջին խմբաքանակը եկավ դեկտեմբերին։ Ինչ է թե՝ դրանից հետո բենզինի գները մի փոքր նվազեցին, այնպիսի մի ոգևորություն էին բարձրացրել, կարծես Արցախն էին հետ բերել։ Բենզինի էժանացումը կապում էին ադրբեջանական մի քանի հարյուր հազար դոլարի հասնող նավթամթերքների ներմուծման հետո։ Հետո, իհարկե, պարզվեց՝ դա էլ են կեղծել, գների նվազումը միջազգային շուկաներում տեղի ունեցող փոփոխությունների, ոչ թե ադրբեջանական բենզինի ներմուծման արդյունք էր։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջանի հետ առևտուրը կազմել է 873.4 հազար դոլար։ Դա է եղել ամբողջ տարվա առևտուրը, բացառապես մեկ ուղղությամբ։ Բերվել է ադրբեջանական նավթամթերք։
Այս տարվա հունվարին էլ իրականացվել է շուրջ 2.7 մլն դոլարի առևտուր ու կրկին՝ նավթամթերքի ներմուծման տեսքով։
Հունվարից հետո էլի ադրբեջանական նավթամթերք է ներմուծվել Հայաստան, բայց այդ տվյալները դեռևս ընդգրկված չեն պաշտոնական վիճակագրության ցուցանիշներում։
Անցած տարվա դեկտեմբերին ու այս տարվա հունվարին, 2 ամսվա ընթացքում, Ադրբեջանից Հայաստան ներմուծումները կազմել են գրեթե 3.6 մլն դոլար։ Փոխարենը՝ Հայաստանից զրո դրամի արտահանում է իրականացվել։
Ահա այսպիսի առևտրային հարաբերություններ են հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ՔՊ-ականների ջանքերով։ Երբ հարցնում են, թե ինչո՞ւ հայկական ապրանքներն էլ չեն արտահանվում Ադրբեջան, հեքիաթներ են պատմում, ապրանքային ցանկերի փոխանակումներից են խոսում, իսկ արդյունքը զրո է։
Ինչպես թուրքական, այնպես էլ՝ ադրբեջանական շուկայում հայկական ապրանքներ չկան, փոխարենը՝ թուրքական ապրանքների ներկայության ընդլայնմանը զուգահեռ, հիմա էլ Ադրբեջանն է հարմար տեղավորվում հայկական շուկայում, ինչին մեծապես աջակցում են Հայաստանի կառավարիչները։ Միակողմանի առևտրով ջանում են փոխադարձ առևտրային հարաբերություններ հաստատելու պատրանք ստեղծել։
Թե ի՞նչ է լինելու սրա վերջը, հետո կերևա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



