Առավել էֆեկտիվ է գնալ ոչ պաթետիկ և նվազ էպատաժային, բայց միևնույն ժամանակ առավել առարկայական ու հողեղեն ճանապարհով ու մեթոդաբանությամբ. Բադալյան
Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. ««Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը այսօր տեսանյութով դիմելով հանրությանը խոսել է, որ ներկայիս խորհրդարանական կոնֆիգուրացիայով իշխանությունը չի կարող առանց հանրաքվեի փոխել Սահմանադրություն:
Իհարկե այդպես է: Փաշինյանին չի հաջողվել ստանալ սահմանադրական մեծամասնություն: Ի դեպ, այս թեմայի մի բավականին ուշագրավ ասպեկտի ես կանդրադառնամ առաջիկայում:
Անշուշտ, այստեղ կա դրականություն եւ առավել էական է թերեւս այն, որ Կարապետյանը փորձում է հենց այդ մտայնությունը հաղորդել հանրությանը: Ըստ իս, այստեղ կա շատ ավելի լայն եւ կարեւոր հանգամանք, ինչի հետ գուցե շատ շատերը չլինեն համաձայն: Բայց, ես ունեմ համոզում, որ առավել էֆեկտիվ է գնալ ոչ պաթետիկ եւ նվազ էպատաժային, բայց միեւնույն ժամանակ առավել առարկայական ու հողեղեն ճանապարհով ու մեթոդաբանությամբ, կամ համակարգիչների դիմաց օրը մի քանի անգամ իշխանություն հեռացնելու ծնծղերգությամբ:
Այդպիսով, հանրությանը պետք է տալ ազդակներ, որոնք կփորձեն պահել քաղաքական պրոցեսներով մոտիվացվածությունը, կանխել հուսալքությունն ու հիասաթափությունը: Մարդկանց պետք է ազդակ տալ, որ նրանց՝ մեծ թվով ընտրատեղամաս գալը չի եղել ապարդյուն:
Օրինակ, հենց դրա շնորհիվ է, որ չնայած մեծ թվով եկել է նաեւ Փաշինյանի էլեկտորատը, այդուհանդերձ ընդհանուր հարաբերակցության մեջ հենց բարձր մասնակցությունն է, որ նրան բերելով ֆիզիկապես ավելի շատ ձայներ, տոկոսային հարաբերակցությամբ այդուհանդերձ նվազեցրել է՝ 2021-ի 52 տոկոսի փոխարեն, ներկայումս՝ 49 տոկոս: Մինչդեռ, բավական էր, որ Փաշինյանը պահեր այդ 52 տոկոսը, ես էլ չեմ ասում՝ ավելացներ թեկուզ 1 տոկոս, եւ նրա համար միանգամայն հասանելի կդառնար նաեւ սահմանադրական մեծամասնությունը:
Այդպիսով, սա կարեւոր գործ է ընդդիմադիր ուժերի համար, փորձել շարունակել փաստարկված աշխատանքը հասարակության հետ, հետընտրական ապատիա թույլ չտալու, կամ դրա գուցե անխուսափելի որոշակի տեսակարար կշիռը առավելագույնս ցածր պահելու համար: Իհարկե պետք է նաեւ զերծ մնալ արհեստական պաթոսից, բայց պետք է աշխատել: Նարեկ Կարապետյանի այդ քայլը ինքս կարեւոր համարում եմ այդ աշխատանքի տեսանկյունից:
Վերջին հաշվով, քաղաքականությունն ընտրական ակտեր չեն միայն, եւ ավելին՝ ամենեւին ընտրական կամ նախընտրական ակտեր չեն, այլ ամենօրյա, հետեւողական, համառ աշխատանք: Վերջապես այստեղ է Հայաստանում հանրային ինստիտուցիոնալ հաջողություն կռելու թերեւս իրատեսական հնարավորությունը, որքան էլ, իհարկե, կարելի է համացանցը լցնել էպատաժային գայթակղություններով»:

