Հորմուզի նեղուցում նավարկության վերականգնումը շաբաթներ կտևի․ FT
ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի կնքումից հետո Հորմուզի նեղուցով լիարժեք նավարկության վերականգնումը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև մեկ ամիս։ Այս մասին Financial Times (FT) թերթին հայտնել է տանկերային նավատորմի աշխարհի խոշորագույն օպերատոր «Mitsui O.S.K. Lines» ընկերության ղեկավար Ձետարո Տամուրան։
Նրա խոսքով՝ նավագնացային ընկերությունները չեն շտապում վերադառնալ աշխատանքի սովորական ռեժիմին և երաշխիքների են սպասելու այն մասին, որ ձեռք բերված պայմանավորվածություններն իսկապես երաշխավորում են նեղուցով անվտանգ անցումը։ «Ողջամիտ կլինի ենթադրել, որ դրա համար կպահանջվի առնվազն մի քանի շաբաթ, եթե ոչ մի ամբողջ ամիս», – թերթը մեջբերում է Տամուրայի խոսքերը։
Financial Times-ի տվյալներով՝ նեղուցի տարածքում դեռևս մնում են հարյուրավոր նավեր, որոնք սպասում են անվտանգ անցման հնարավորությանը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի, ինչպես նաև որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել էին Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը, որը նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Ժնևում։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա զինադադարի ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը։ Բացի այդ, հունիսի 15-ին հայտարարվել է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ ու վերջնական դադարեցումը։

