ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կստորագրվի շվեյցարական Բյուրգենշտոկ առողջարանում
ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը, որն ուղղված է Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցմանը, կստորագրվի ուրբաթ օրը շվեյցարական լեռնային Բյուրգենշտոկ առողջարանում, հայտնել են Շվեյցարիայի ԱԳՆ-ից, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Այս փուլում ստորագրումը նախատեսված է ուրբաթ՝ հունիսի 19-ին, Բյուրգենշտոկում»,- ասված է Շվեյցարիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Կենտրոնական Շվեյցարիայում՝ Լյուցեռն լճից բարձր գտնվող շքեղ առողջարանը դժվարամատչելի է, քանի որ երեք կողմից շրջապատված է ջրով, և, հետևաբար, այն հեշտ է պահպանել։
Անցկացման վայրը, ըստ գերատեսչության հայտարարության, «առաջարկել են պակիստանցի և կատարցի միջնորդները, ինչպես նաև ԱՄՆ-ն ու Իրանը»։
«Շվեյցարիան այս գործընթացում հանդես է գալիս որպես միջնորդ՝ ստեղծելով այս հանդիպումը Շվեյցարիայի տարածքում անցկացնելու համար անհրաժեշտ գործնական և դիվանագիտական պայմանները»,- նշվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։
Գործարքը կնքվել է մի քանի շաբաթ տևած լարված բանակցություններից և ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքներից հետո։
Ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ շրջանակային համաձայնագիրն արդեն էլեկտրոնային եղանակով ստորագրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի գլխավոր բանակցող ու խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

