Եթե ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնմանը զուգահեռ, ռուսական շուկայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների ազդեցությունն աստիճանաբար մեղմվի, Հայաստանի միջոցով իրականացվող վերաարտահանումներն ընդհանրապես կկորցնեն իրենց նշանակությունը։ Կկրճատվեն նաև ֆինանսական այն հոսքերը, որոնք ուղղված էին արտաքին առևտրի սպասարկմանը։ Սա կբերի այդ հատվածից թելադրված ազդեցությունների թուլացման՝ մեծացնելով ճնշումը՝ ինչպես ընդհանրապես տնտեսական աճի ու բյուջեի եկամուտների, այնպես էլ՝ ֆինանսական համակարգի ու արժութային շուկաների վրա։
Զարմանալի չէ, որ այսօր տնտեսության իրական հատվածը, մասնավորապես՝ արդյունաբերությունը, կանգնած է փաստի առաջ՝ ոչ միայն աճ չկա, այլև տարին երկնիշ անկումով է մեկնարկել։ Ու դեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա։ Այսպիսի հայտարարություններով էլ խաբում են հասարակությանն ու թաքցնում տնտեսության իրական վիճակը։
Վերջին օրերին արժութային շուկան անհանգստության նշաններ է ցույց տալիս։ Բացառությամբ ռուսական ռուբլու, մյուս բոլոր հիմնական արժույթների փոխարժեքները բարձրացրել են։ Գուցե ոչ շատ մեծ չափով, բայց դրամի նկատմամբ թանկացել է՝ ինչպես դոլարը, այնպես էլ՝ եվրոն։ Եթե մեկ շաբաթ առաջ դոլարի վաճառքի գինը 388 դրամ էր, հիմա անցնում է 400-ից։