Արդյո՞ք Ֆրանսիա-Ադրբեջան ռազմական համագործակցության արդյունքը «երևացել» է 44-օրյա պատերազմի դաշտում, կամ ի՞նչ տեսքով է նկատվել
Վերջերս France 24-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը՝ Ադրբեջանը և Ֆրանսիան բարեկամական հարաբերություններ են ունեցել, ակտիվ համագործակցություն տարբեր ուղղություններով: Բայց հենց պատերազմի սկզբից, ըստ նրա, Ֆրանսիայի դիրքորոշումն իր համար անհասկանալի էր, քանի որ այն պաշտպանում էր «սեպարատիստներին», այդ թվում՝ ընդունված բանաձևերի միջոցով:
«Ձեր պառլամենտը նույնիսկ ճանաչել էր, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղը, երբ Հայաստանը նրա անկախությունը չէր ճանաչել: Բացի այս, մենք լարված հարաբերություններ ունեինք Ֆրանսիայի կառավարության հետ, բայց այդ լարվածության աղբյուրը մենք չէինք, մենք ընդամենը ցանկանում էինք հարգել մեր սուվերենիտետը»,- ֆրանսիական լրատվամիջոցին ասել է Ալիևը՝ հավելելով, որ այսօր և՛ Ադրբեջանը, և՛ Ֆրանսիան պատրաստ են հարաբերությունների կարգավորմանը, հատկապես, երբ Հայաստանը և Ադրբեջանն արդեն հասել են խաղաղության:
Ի դեպ, 2024 թվականին 168.am-ը գրել է, որ Ֆրանսիա-Ադրբեջան այդ ժամանակվա լարված հարաբերությունները չեն ազդում բիզնես շահերի վրա՝ ֆրանսիական Total Energies-ը շարունակում է գործունեությունն Ադրբեջանում: Արդեն 2025 թվականին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Ֆրանսիայի հետ սկսում է նոր տնտեսական մեգանախագիծ. Total Energies-ի հետ Ապշերոն հանքավայրում գազավերամշակման նոր համակարգ է կառուցվում:
Վերադառնալով նախապատերազմյան ժամանակաշրջանի Ադրբեջան-Ֆրանսիա հարաբերություններին, մասնավորապես՝ պաշտպանական ոլորտում համագործակցությանը, նշենք, որ 2018 թվականին ադրբեջանական աղբյուրները տեղեկություն էին տարածել, որ Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ Փարիզի կողմից էմբարգոն չեղարկվել է, ինչն, իհարկե, ֆրանսական կողմը փորձել էր հերքել:
Բայց միաժամանակ ֆրանսիացի պաշտոնյաները վստահեցրել էին հայկական կողմին, որ Ֆրանսիան հարգում է միջազգային օրենսդրության շրջանակներում ստանձնած պարտավորությունները. չի մատակարարում այնպիսի զենք կամ ռազմամթերք, որը կարող է օգտագործվել Արցախում:
Իսկ 2018-ին ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում էին առավել «առարկայական» տեղեկություններ շրջանառել, օրինակ, որ Ադրբեջանը պատրաստվում է Ֆրանսիայից գնել ՀՕՊ համակարգեր՝ «ASTER 30 SAMP/T», «VL Mica», և, որ դրանք բավականին հուսալի են և թույլ են տալու պաշտպանել Ադրբեջանի օդային տարածքը:
Իսկ 2019-ին Փարիզում կայացած «Paris Air Show-2019»-ի շրջանակում ադրբեջանական կողմը հանդիպել էր ֆրանսիական Nexter, Thales, CS Communication, Lacroix ընկերությունների հետ:
Ավելին, այդ ժամանակահատվածում ոչ միայն խոսվում էր Ադրբեջանի կողմից Ֆրանսիայից ՀՕՊ համակարգերի և Dassault Rafale բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման մտադրության մասին, այլ նաև Ֆրանսիա-Ադրբեջան ռազմարդյունաբերական համատեղ ծրագրերի մասին: Այս շարքը կարելի է շարունակել: Դեռ չենք անդրադառնում արբանյակների մատակարարման շուրջ ֆրանս-ադրբեջանական գործարքներին:
Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այս տեղեկատվական հոսքերի ֆոնին և՛ հավատում էր ֆրանսիական պաշտոնական հավաստիացումներին, և՛ զգուշացումներ էր հնչեցնում:
«Եվ այդ հարցը մշտապես լինելու է մեր օրակարգում։ Մենք կոչ ենք անում մեր բոլոր գործընկերներին քայլեր չձեռնարկել, որոնք կարող են խթանել տարածաշրջանում սպառազինության մրցավազքը, և, հետևաբար, տարածաշրջանում անկայունությունը»,- 2019 թվականին լրագրողներին ասել էին ԱԳՆ-ից, անդրադառնալով Ադրբեջանին ֆրանսիական զենքի վաճառքի մասին լուրերին:
Թե որքանով այս ադրբեջանական տեղեկություններն իրականություն դարձան, կամ՝ ֆրանսիական խոստումները կատարվեցին, կարելի է ենթադրություններ անել:
168.am-ը գրել էր, որ թուրքական SOM թևավոր հրթիռներն ունեցել են ֆրանսիական Microturbo ընկերության «Microturbo TRI 40» տուրբոռեակտիվ շարժիչներ: Բայց ֆրանսիական շարժիչներով այս թևավոր հրթիռների հնարավոր վաճառքի մասին հարցը քննության էր դրվել 44-օրյա պատերազմի համատեքստում: Եվ թուրքական Kale Arge ընկերությունը մշակել էր KTJ-3200 ռեակտիվ շարժիչ՝ SOM թևավոր հրթիռների կիրառման համար:
Ավելին, 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի ՊԲ-ին հաջողվել էր խոցել թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ։ Ավելի ուշ Արցախի ՊԲ-ն տեսանյութ էր հրապարակել, որտեղ կադրերից մեկում երևում էր կանադական արտադրության CMX 15D օպտիկա, որից կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա: Արդեն ավելի ուշ Թուրքիան որոշել էր մշակել ASELFLIR-500 օպտիկական համակարգը:
Ի դեպ, հիշեցնենք, որ 2013 թվականին Ադրբեջանն աղմուկ էր բարձրացրել, թե Ֆրանսիան և Գերմանիան Հայաստանին մատակարարել են «MILAN» հակատանկային համակարգեր (համատեղ արտադրություն), ինչի առումով ադրբեջանական կողմը բողոքի նոտա էր հղել այս երկրներին:
Իսկ այդ համակարգերը ցուցադրվել էին ՀՀ պաշտպանության նախարարությունում:
Մասնագետները նշում էին, որ «Միլան» համակարգն աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ. շուրջ 50.000 մարտական և ուսումնական արձակումներից թիրախի խոցմամբ են ավարտվել ավելի քան 92%-ը։
Ավելի ուշ տեղեկություններ շրջանառվեցին, որ այդ համակարգը Հայաստանը գնել է Հունաստանից։
Իսկ օրերս ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երբեմնի և այսօր արդեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ Ադրբեջանին և ՀԱՊԿ անդամ Հայաստանին զենք վաճառելու խնդրին՝ նշելով.
«Մենք ՀԱՊԿ անդամ ենք, և ոնց որ ես տեսնում եմ, դա չի խոչընդոտում զենքի ձեռքբերմանը։ Նաև Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում որևիցե փոփոխություն չկա։ Ավելի շատ դա եղել է Արցախի հակամարտության հետ կապված խնդիր, և նույն Ֆրանսիան և Միացյալ Նահանգները եղել են Մինսկի խմբի համանախագահներ, և իրենք իրենց այն ժամանակ թույլ չէին տալիս մատակարարումներ կատարել ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին։ Դա է եղել հիմնական խնդիրը»:
2024թ. ապրիլին «Փաստինֆոյին» տված հարցազրույցում Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն անդրադառնալով Ֆրանսիայի՝ Հայաստանին զենք վաճառելու պատրաստակամությանը, մասնավորապես, նշել էր.
«ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության բացակայությունը պայմանավորված չի եղել ՀՀ-ի անհետաքրքրությամբ, ու Արցախի փաստացի հայաթափումից հետո վերոհիշյալ փոփոխությունը, այսինքն, համագործակցության հաստատումը բացատրելի է»,- ասել է նա:
Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վերջերս հրաժարվել էր տեղեկություն տրամադրել՝ արդյո՞ք վերջին 2-3 տարիներին Հայաստանին զենք մատակարարող Ֆրանսիան նախքան 44-օրյա պատերազմը հրաժարվել է զենք վաճառել, որ այն հանկարծ չկիրառվի Ադրբեջանի դեմ:
Չնայած, ինչպես վերջերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր լրագրողների հետ զրույցում ասել՝ գրավոր նման հավաստիացումներ պահանջվել են, բայց այլ հարց է՝ որքանո՞վ է գործնականում այն խոչընդոտ հանդիսացել ոչ ռուսական զենք գնելու հարցում: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը զենք էր վաճառում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանին, համաձայնել էր Թուրքիային վաճառել զենիթահրթիռային համակարգեր՝ առիթների դեպքում մատնացույց անելով, որ բավարար սպառազինություն է վաճառվում նաև Հայաստանին:
Եվ քանի որ մեր հրապարակման սկզբում հիշատակեցինք Ֆրանսիային նախապատերազմյան և պատերազմական ժամանակահատվածի համատեքստում, նշենք, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահի հետ 3 անգամ է հեռախոսազրույց ունեցել: Բացի այս, 44-օրյա պատերազմի օրերին մի քանի անգամ այդ ժամանակ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտն այցելել էր Պաշտպանության նախարարություն: Իսկ 44-օրյա պատերազմից առաջ՝ հուլիսյան մարտերից հետո, նաև Ֆրանսիային է առաջարկվել չեզոքացնել թուրքական պատերազմական սպառնալիքը: Որքանո՞վ է սա ի գիտություն ընդունվել, ավելորդ է ասել:
Եվ օրերս Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս տարվա մայիսին Հայաստան կայցելի:
«Նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում։ Նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Երևանում»,- X սոցիալական ցանցում գրել է նա:
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում մայիսի 4-ին։
Նշենք, որ 2025 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին հերթական անգամ հրավիրել էր Հայաստան: Ավելի ուշ Ֆրանսիայի ղեկավարն X-ի իր էջում գրառում էր կատարել, որտեղ շեշտել էր. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար»:
Իսկ դրանից առաջ Մակրոնը ՀՀ ներքին հարցերին միջամտելու փորձ էր արել՝ X-ի իր միկրոբլոգում գրելով. «Ես նրան փոխանցել եմ Ֆրանսիայի համերաշխությունը՝ ընդդեմ հայկական ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի»:
Թե ինչ հայտարարություն կանի Ֆրանսիայի ղեկավարն ԱԺ ընտրություններից մեկ ամիս առաջ գալով Հայաստան, ժամանակը ցույց կտա: Բայց նաև չմոռանանք Մակրոնի՝ Հայաստան չկայացած այցերի մասին:





