Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները չեն ազդում բիզնես շահերի վրա՝ ֆրանսիական Total Energies-ը շարունակում է գործունեությունն Ադրբեջանում

Չնայած Ադրբեջան-Ֆրանսիա առերևույթ լարված հարաբերություններին, ֆրանսիական Total ընկերությունը շարունակում է գործունեությունն Ադրբեջանում, չնայած որ այս տարվա հունիսին Ֆրանսիայի Սենատը երկրի կառավարությանը ներկայացրած իր զեկույցում նշել էր, որ, մասնավորապես, Total Energies-ը պետք է դադարեցնի նոր ծրագրերի իրականացումը և ներդրումներն Ադրբեջանի նավթագազային հատվածում։

Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ Total Energies-ի գործունեությունը դիտարկվել է կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարի համատեքստում։

Ադրբեջանում այս պատճառաբանությունն աբսուրդային էր համարվել՝ նշելով, որ Փարիզը «նշան է բռնում» Բաքվի ուղղությամբ, բայց «կպնում» է Total-ին:

Այսինքն, ըստ Բաքվի, այստեղ ոչ թե էկոլոգիական խնդիր է, այլ քաղաքական պատվեր, որ Ֆրանսիայի Սենատը կատարում է ընդդեմ Բաքվի:

Կարդացեք նաև

Ադրբեջանական լրատվամիջոցները հիշեցրել են, որ Total Energies ընկերությունն Ադրբեջանում գործունեություն է ծավալում 1990-ականների կեսերից և այս պահի դրությամբ տիրապետում է «Ապշերոն» գազի հանքավայրի 35 տոկոս բաժնեմասին:

Ի դեպ, սկզբում Total Energies-ը և SOCAR-ն «Ապշերոն» նախագծում ունեցել են հավասար մասնակցություն՝ 50-ական տոկոս, սակայն 2023 թվականի օգոստոսի սկզբին Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը (ADNOC) նախագծում ձեռք է բերել 30% բաժնեմաս՝ 15-ական տոկոս SOCAR-ից և Total Energies-ից։

Հավելենք, որ 2023 թվականի օգոստոսի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել էր Total Energies ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Պատրիկ Պույանին և քննարկել նոր նախագծեր, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկային առնչվող և հենց Նախիջևանում:

Այսինքն, գործնականում քաղաքական տարաձայնությունները չեն խոչընդոտել բիզնես փոխշահավետ ծրագրերին, գոնե Total Energies ընկերության դեպքում և այս պահի դրությամբ:

Արդյո՞ք Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքների համատեքստում որևէ փոփոխություն կարող է լինել Ֆրանսիա-Ադրբեջան կոմերցիոն հարաբերություններում, 168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը պատասխանեց՝ ոչ:

«Որովհետև արտաքին քաղաքականությունը երկրի նախագահի իրավունքների ներքո է: Եվ խորհրդարանը թեև արտաքին քաղաքականության մեջ կարող է որոշ առաջարկներ ներկայացնել, սակայն արտաքին քաղաքականությունն ուղղակիորեն նախագահի իրավասությունների հետ է կապված, իսկ նախագահական ընտրությունները 2027 թվականին են լինելու: Այսինքն, այս ընթացքում դժվար թե բան փոխվի Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ, եթե, իհարկե, վերջին խորհրդարանական ընտրությունների համատեքստում այնպիսի կացություն չստեղծվի, որ դժվարանա կառավարություն կազմելը և խնդիրներ առաջանան: Գիտենք, որ քաղաքական ոչ մի ուժ բացարձակ մեծամասնություն չունի խորհրդարանում, և եթե նոր կառավարություն կազմվի, դժվար է լինելու համախմբել բոլորին և հարցերն առաջնորդել, այս իմաստով հնարավոր է, որ արտահերթ նախագահական ընտրությունների պահանջ դրվի: Այս ամենը կարող է տեղի ունենալ, բայց օրենքով՝ մինչև 2027 թվականը, 3 տարի Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ»:

Ինչ վերաբերում է Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին, երբ Ֆրանսիան դարձել է Հայաստանին զենքի լուրջ մատակարար, առնվազն պայմանագրերով, Հրաչ Վարժապետյանը կրկնեց, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները զարմացրել են շատերին, երբ «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում, իսկ ծայրահեղ աջը 3-րդ տեղում է, նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան էլ՝ երկրորդում, և ոչ ոք բացարձակ մեծամասնություն չունի խորհրդարանում, ինչը խնդիրներ է առաջացնելու, դժվարացնելու է խորհրդարանի աշխատանքը, բայց, ըստ էության, ավելի շատ ներքին քաղաքական հարցեր են դրանք:

«Իրապես խորհրդարանը մեծ իրավասություններ ունի, բայց, կրկնում եմ, արտաքին քաղաքականության մեջ նա այդքան էլ մեծ խոսք չունի: Այսինքն, խորհրդարանի փոփոխությունը չի նշանակելու, որ Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը կարող է փոխվել, իսկ խորհրդարանի ներսում Հայաստանի նկատմամբ դրական կարծիքներ և կեցվածք է եղել 30 տարիների ընթացքում, ՀՀ բոլոր իշխանությունների օրոք Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերությունները եղել են բարձրության վրա, ուստի դժվար թե, բայց այստեղ, ինչպես նաև խորհրդարան անցած մյուս միավորումներում իրար հետ վերցված շատ ավելի մեծ են պրոհայկական տարրերը: Եվ հենց սա է նաև պատճառը, որ չեմ կարծում, թե փոփոխություններ տեղի կունենան Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններում»,- եզրափակեց մեզ հետ զրույցը ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչը:

Հավելենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Գաբրիել Ատալին խնդրել է առայժմ մնալ կառավարության ղեկավարի պաշտոնում՝ երկրի կայունությունն ապահովելու համար, իսկ Ֆրանսիայում կիրակի անցկացված խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից հետո Գաբրիել Ատալը ժամանել էր նախագահի նստավայր՝ հրաժարական ներկայացնելու համար։ Ի դեպ, լրատվամիջոցները գրել էին, որ Մակրոնը պարտավոր չէ անմիջապես նոր վարչապետ նշանակել։

Մյուս կողմից, ֆրանսիական լրատվամիջոցները տեղեկություններ են շրջանառում, որ Մակրոնը կարող է չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը պայմանավորված է նոր կառավարություն ձևավորելու հարցում ընդդիմության՝ ձախերի ճնշմամբ:

Տեսանյութեր

Լրահոս