ՀԱՊԿ-ը խոչընդոտ չի հանդիսացել, որ այլ երկրներ Հայաստանին զենք վաճառեն. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ը խոչընդոտ չի հանդիսացել, որ այլ երկրներ Հայաստանին զենք վաճառեն:

«Մենք ՀԱՊԿ երկրներից էլ ենք զենք գնել և ստացել, արևմտյան երկրներից էլ ենք սպառազինություն գնել և ստացել, Չինաստանից և այլ երկրներից ենք սպառազինություն գնել, դա մեզ չի խանգարել: Վատ պարողին միշտ ինչ-որ մի բան խանգարում է: Սա այդ գործընթացի չիմացության արդյունք է, որովհետև ցանկացած երկրից, որտեղից զենք ես ձեռք բերում, ապա այդպիսի հավաստիացում տալիս ես թղթի տեսքով, և հետո՞: Մինչև 2018 թվականը մենք այդ զենքերը չէի՞նք օգտագործում ինքնապաշտպանության համար, չէի՞նք տանում Արցախ։ Այսինքն, ինչ որ ինքը խոսում է, չիմացության արդյունք է: Փորձում է ինչ-որ բաներով արդարանալ, բայց չի ստացվում»,- շարունակել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված իր ուղերձում Փաշինյանը հերթական անգամ անդրադարձել է սպառազինության ձեռքբերման խնդրին և նախկինում իբր դրանց հետ կապված խնդիրներին՝ նշելով.

«Սպառազինություն և տեխնիկայի վաճառքի պոտենցիալ ունեցող մեր գրեթե բոլոր միջազգային գործընկերները քաղաքավարի մերժում էին Հայաստանի Հանրապետությանը զենք վաճառել՝ երկու հիմնական պատճառաբանությամբ․

Կարդացեք նաև

1․ Վստահ չէին, որ այդ զենքը չէր տեղակայվի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։

2․ Վստահ չէին, որ այդ զենքերի գաղտնի պարամետրերը հասանելի չէին դառնա ՀԱՊԿ-ին, որին ՀՀ-ի անդամակցությունը նույնպես խոչընդոտ էր նման գործարքներ կնքելու համար։

Իսկ ՀԱՊԿ գործընկերները 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ հրաժարվում էին կատարել ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու մեր նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորությունները։

Հրաժարվում էին նաև մատակարարել հարյուր միլիոնավոր դոլարի սպառազինություն և տեխնիկա, ինչի համար վճարումները Հայաստանի Հանրապետությունն արդեն կատարել էր։

Սա գոյաբանական սպառնալիք էր Հայաստանի Հանրապետության համար, և ակնհայտ էր, որ մեր պետականությունը վերացնելու, մեր ինքնիշխանությունը զրոյացնելու որոշում է կայացված»:

Տեսանյութեր

Լրահոս