Ալիևի վախերը տեղի են տվել. Լոնդոնում Աքրամ Այլիսլիի «Քարե երազների» միջոցով հիշել են Բաքվի և Սումգայիթի ջարդերը
Փետրվարի 19-ին 168.am-ն «Ալիևի «Նյուրնբերգը». Ինչպե՞ս է Բաքուն ՀՀ իշխանությունների լռությամբ «սրբագրում» փաստերը ու լեգիտիմացնում ոճրագործությունը» վերտառությամբ հոդված էր հրապարակել։
Նույն օրն ադրբեջանական քարոզչամեքենան՝ 1news.az-ը, որի գլխավոր խմբագիր Քամալա Մամեդովան արդեն երկրորդ անգամ է գալիս Հայաստան, սաբոտաժ է համարել Լոնդոնում ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին և նրա «Քարե երազներ»-ը գրքին նվիրված միջոցառումը, որը կայացել է Արվեստների Թագավորական ընկերության (RSA) հովանու ներքո և Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով մասնագետ Թոմաս դե Վաալի մոդերատորությամբ:
«Քարե երազներ» վեպում Աքրամ Այլիսլին ականատեսների աչքերով հանգամանորեն նկարագրել է 1919 թվականին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերը, ինչպես նաև՝ 1988-1990 թթ. Սումգայիթում ու Բաքվում իրագործված ադրբեջանական վայրագությունները:
Վեպը 2012 թվականի դեկտեմբերին հրապարակվել էր ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» հանդեսում, որից հետո Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել 1988 թ.-ին Աքրամ Այլիսլիին շնորհված «Ժողովրդական գրող» կոչումից և նախագահական թոշակից զրկելու մասին:
«Ժամանակակից Մուսավաթ» իշխանամետ կուսակցության առաջնորդը կուսակցության երիտասարդական թևի անդամներին նույնիսկ 10.000 մանաթի պարգևի դիմաց հանձնարարել էր կտրել Այլիսլիի ականջը:
Աքրամ Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումների պատճառը հատկապես այն էր, որ նա վեպում ակնարկել է իշխանության գալու նպատակով՝ Սումգայիթում հայկական ջարդերը Հեյդար Ալիևի կողմից հրահրված լինելու մասին:
Ի դեպ, ինքը՝ գրողը, հայտարարել էր, որ գրքում ներկայացրել է ճշմարտության վրա հիմնված պատմություններ, որոնք բացարձակ չեն նսեմացնում ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը, այլ այն մերկացնում է Ադրբեջանի պետական գաղափարախոսությունն ու քարոզչությունը: Հայկական փորձագիտական որոշ շրջանակներ որոշ փոքր անճշտություններ էին գտել ադրբեջանցի գրողի վեպում, բայցև նշել էին, որ այն ունի հասարակական-քաղաքական մեծ նշանակություն, քանի որ գրողը փորձել է դուրս գալ ստի և կեղծիքի շրջանակներից:
Եվ հիմա 1news.az-ի վերը նշված հոդվածում հատկապես շեշտվում է, որ Բաքվի և Սումգայիթի ջարդերն իբր միակողմանի է ներկայացրել Այլիսլին, ավելին, չկա հիշատակում «Խոջալուի ցեղասպանության» մասին:
«Գրականությունը, անշուշտ, հեղինակային դիրքորոշման իրավունք ունի, սակայն, երբ ընտրողական հիշողությունը համընկնում է արտաքին քաղաքականության այն պատմությունների հետ, որոնք օգուտ են բերում «օկուպացված տարածքները» պահած կողմին, անխուսափելիորեն հարցեր են առաջանում»,- գրել է ադրբեջանական հոդվածագիրը՝ հավելելով, որ այսօր, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցեր են քննարկվում, նմանօրինակ միջոցառումները չեն կարող դիտարկվել՝ որպես չեզոք:
«Բարձրացվում է էթնիկ ատելության թեման, ուշադրությունը փորձ է արվում սևեռել 30 տարվա վաղեմություն ունեցող տրավմաների վրա՝ անտեսելով նոր իրողությունը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում, ռեինտեգրացիոն գործընթաց, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և սահմանների դեմարկացիայի շուրջ բանակցություններ: Եվ տեղեկատվական դաշտում փաստորեն նորից փորձ է արվում վերածնել Ադրբեջանի կերպարը՝ որպես ագրեսիա ծնող կամ ագրեսիայի աղբյուր, երբ վերջին տարիներին իրադարձությունների ռադիկալ փոփոխություն է տեղի ունեցել: Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը պահանջում է ակուրատնիություն, փոխադարձ հարգանք և անցյալի սադրիչ մեկնաբանությունների մերժում: Երբ եվրոպական մայրաքաղաքներում բարձրաձայնվում են միակողմանի սյուժետներ՝ անտեսելով մյուս կողմի զգայունությունը, դա հիշեցնում է տարածաշրջանը քրոնիկ լարվածության գոտի վերադարձնելու փորձ»,- շարունակել է 1news.az-ը:
Հետաքրքիր է, երբ Բաքվի «դատավարության» ժամանակ Ալիևը դատարան էր գործուղում «տուժածների», որոնք շոշափում էին «Խոջալուի ցեղասպանության», Արցախյան առաջին պատերազմին առնչվող տարբեր դրվագներ, ինչո՞ւ չէր մտածում, որ այն վտանգում է արդեն իսկ մեկնարկած խաղաղության գործընթացը: Պատասխանն ակնհայտ է, Բաքվին ձեռնտու չէ 30 տարվա վաղեմության այն փաստերի հիշեցումները, որոնք հակադրվում են պետական քաղաքականությանը և իրենց կողմից հորինված պատմությանը, որը ներկայացվում է՝ որպես բացառիկ ճշմարտություն:
Ավելին, 1news.az-ի հոդվածագիրը, ըստ էության, հակադրվում է ինքն իրեն, երբ հիշում է Թոմաս Դը Վաալի «Սև այգի» գրքի մասին և հատկապես անդրադառնում «Խոջալուի դեպքերին»՝ հղում անելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մի հայտարարությանը, որի մասին ադրբեջանական կողմը հիշել էր նաև Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ «դատական» նիստերից մեկի ժամանակ:

Մասնավորապես, թիրախում եղել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, և որպես «ապացույց»՝ ներկայացվել էր 2000 թվականի դեկտեմբերին նրա՝ Թոմաս Վաալին տված հարցազրույցից մի հատված, որը, ինչպես նշեցինք, տեղ էր գտել նաև Վաալի «Սև այգի» գրքում, և որն ադրբեջանական քարոզչության համար «համեղ պատառ» էր դարձել, քանի որ այն աղավաղված էր ներկայացվել: Այսինքն, Խոջալուի մասին Սերժ Սարգսյանի խոսքերը Թոմաս դե Վաալը ենթատեքստից դուրս է մեջբերել, և այս մոտեցումը հետագայում չի վերանայել:
Դեռ չենք խոսում, որ ո՛չ Բաքվի «դատավարության» ժամանակ, ո՛չ էլ այլ առիթներով, բնականաբար, չի հիշատակվում ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևի (մահացել է 1992-ին) հետաքննությունը՝ կապված Խոջալուի դեպքերի հետ:

Այսինքն, Բաքուն՝ Ալիևը, վախենում է սեփական գործողություններին առերեսվելուց, այլապես, եթե որոշվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի համատեքստում մոռանալ անցած 30 տարվա պատմությունը, դա չէր արվի միակողմանի, և տարբեր առիթներով Հայաստանը չէր ներկայացվի՝ որպես «ռազմական հանցագործ», «ցեղասպան», «էթնիկ զտումներ իրականացրած պետություն»: Բայց ինչպես ասում են՝ այս դեպքում ևս Ադրբեջանը չի գնում հայելային գործողությունների, իսկ Հայաստանն էլ դա անում է միակողմանի:
Հ.Գ. Ի դեպ, ավելի ուշ, նույն 1news.az-ն իր դժգոհությունն էր հայտնել, որ փետրվարի 20-ի առիթով այցելություններ են եղել «Եռաբլուր»: «Հայաստանյան հասարակությունը վաղ թե ուշ պետք ընտրություն կատարի՝ կամ շարունակել ապրել «Եռաբլուրի» ստվերում և գերի միֆերին, կամ՝ ընդունել պատմության արդյունքները և սկսել հարևանների հետ հարաբերություններ ստեղծել առանց ռևանշիստական ֆանտազիաների և գերեզմանային գաղափարախոսության:
Առայժմ, պանթեոն տանող յուրաքանչյուր նման երթ չի հիշեցնում հիշատակի ակտ, այլ՝ ռևանշիզմին վերջնական և անդառնալի հրաժեշտը անխուսափելին հետաձգելու հուսահատ փորձ»,- սա գրել է այն լրատվամիջոցը, որի խմբագիրը, ինչպես արդեն նշեցինք, երկու անգամ այցելել է Հայաստան՝ իշխանությունների խաղաղության օրակարգի համատեքստում, և ում լրատվամիջոցը նույն տեքստը չի գրել, երբ սկսել է կառուցվել «Խոջալուի ցեղասպանության», «Գյանջայի դեպքերին» և 44-օրյա պատերազմին նվիրված հուշահամալիրները:
Արդյո՞ք կոնկրետ օրերի այդ հուշահամալիրներ այցերը լոկ հիշատակի ակտ է, թե՞… Ամեն դեպքում, պետք է արձանագրել, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությանն ընդգրկված լրատվամիջոցի ղեկավարը հայ ժողովրդի հետ խոսում է ուլտիմատումի լեզվով:



