Ծնունդը թաղումի վերածածները. 38 տարի անց

Այսօր լրանում է ղարաբաղյան շարժման 38-ամյակը: 1988 թվականի փետրվարի 20-ին խորհրդանշորեն թվագրվող ղարաբաղյան/արցախյան շարժումը նորանկախ Հայաստանի Հանրապետության սկզբնապատճառն է, որը հիմա այս ՔՊ-ական խմբակի կողմից հայտարարված է սխալ, հակապետական, հակաինքնիշխան, հակահայկական:

Այսօրվա Հայաստանում փետրվարի 20-ը ոչ թե ազգային հպարտության տոն է, այլ ամսաթիվ, որի իմաստի ու խորհրդի դեմ պայքար է մղվում այն նույն պետության ղեկավարության կողմից, որն այդ նույն օրվա ծնունդն է: Ազգային շատ ավանդույթներ ու խորհրդանիշներ այլասերած այս իշխանությանը հաջողվել է ծննդյան օրը տոնից վերածել տարելիցի: Այդպես կարող է պատահել միայն անցանկալի ծնունդի, բաստարդի ծնունդի պարագային, ինչը և պատահել է Հայաստանի Երրորդ Հանրապետությունը որպես բաստարդ ընկալող և նրան որպես բաստարդի վերաբերվող ներկայիս էլիտայի դեպքում: Պետության ծնունդն ապօրինի հռչակած քաղաքական բաստարդները փետրվարի 20-ի խորհրդի ու բովանդակության դեմ պաքարելով բոլոր ճակատներով՝ այդ կռիվը հասցրել են «Արցախ» անվանումն անգամ մշակութային համատեքստում հնչեցնելն արգելելուն:

Փոքր թվացող այդ պարագան իրականում այսօր մեզ հետ կատարվողի հիմնարար պատճառ է: Ասված է՝ ի սկզբանե բանն էր: Այս իշխանությունը՝ որպես ամեն ինչի «հակառակ կողմից ծնունդ», սկզբում վերացրել է Արցախը՝ ֆիզիկապես, քաղաքականապես, մշակութաբանորեն, որպես գո, և հիմա անցել է բանի՝ Արցախի անվանումն արգելելուն՝ Արարատի անվանման բացառումը նախորդիվ պետականորեն հաջողելով: Իսկ բանի դեմ պայքարը նրանց համար հատկապես կարևոր է, քանի որ դրա՝ ի սկզբանե լինելու մասին գրված է Ավետարանում: Եվ ինչպես կարող էր եկեղեցին ապականողը քաղաքական կեղտին չխառնել բանը, այս դեպքում՝ Արցախի մասին միտքը, գաղափարը, հիշողությունը…

Վաղը նշվող արցախյան շարժման տոնից երկու օր առաջ հրապարակվեց ՔՊ-ի նախընտրական ցուցակը: Դրանում մարդկանց անուններ ու ազգանուններ են, որի առաջնային հորիզոնականներում գտնվողներն ուղղակիորեն են մասնակցել Արցախի կորստին/հանձնմանն ու Հայաստանի Հանրապետության ծնունդը տարելիցի վերածելու հրեշավոր գործին: Մյուսները՝ հանուն պարգևավճարային լափի, լռել են այդ առիթով: Ու ընդամենը երեք ամիս անց հայ ժողովրդին առաջարկվելու է ընտրել մարդկանց, ովքեր թաղել են վերջին հարյուրամյակների հայկականության վերածնունդը:

Կարդացեք նաև

Եկեղեցու ու բանի դեմ պատերազմողի ձեռքը հնարավոր չէ բռնել ստանդարտ քաղաքական գործիքներով, ինչպես վարվում են այսօրվա կուսակցություններն ու դաշինքները՝ շատերը նույնպես, գոնե գաղափարի մակարդակում, չհիշելով Արցախը: ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՂԹԵԼ ՄԻԱՅՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՄԲ: Ոչ միայն երկար, պատմական, այլ ընդամենը երեքուկես տասնամյակ ընդգրկող հիշողությամբ ու խոնարհումով այն սերունդների առաջ, ովքեր արցախյան շարժմամբ, իրենց կյանքով և հերոսությամբ կերտել են այսօրվա պետությունը՝ Արցախի շնորհիվ կերտված և Արցախի վաճառքը պարգևավճարներով ծախսող իշխանություն ունեցող պետությունը: Դեռևս պետությունը:    

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս