«Եթե կա մեկը, որ եկեղեցու ունեցվածքը, գանձերը մատնել է կորստյան, Փաշինյանն է. հո թափառախո՞ւմբ չենք, վեշ-մեշոկը վերցնենք ու տեղափոխվենք». Տեր Վրթանես քահանա Բաղալյան
Փետրվարի 14-ին փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից։
«ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:
Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը: Վեհափառին հարցաքննել են: Ավարտին Վեհափառն օրհնել է քննիչին ու նրա ընտանիքին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արա Զոհրաբյանը։
Այս հայտարարությանը հետևեց Մայր Աթոռի հայտարարությունը, որտեղ այս ամենը որակվել էր՝ որպես միջամտություն Առաքելական եկեղեցու ներքին կյանքին։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է և խորը վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և Նորին Սրբության ելքը Հայաստանից արգելելու փաստի առնչությամբ:
Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ»,- նշված էր հայտարարությունում։
Հիշեցնենք, որ այս գործընթացները հաջորդել էին Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, որի ժամանակ նա հայտարարել էր, որ «թույլ չի տալու, որպեսզի կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանեն», նկատի ունենալով Եպիսկսպոսաց ժողովը, որը պետք է անցկացվեր Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանի բնորոշմամբ՝ տեղի ունեցողն իշխանությունների խայտառակությունն է։
«Տեղի ունեցողն ապօրինություն է, կոպիտ միջամտություն մեր եկեղեցու ներքին գործերին։ Նախ սկսենք դատարանի որոշումից, օրինակ մարդու կարգալույծ լինել-չլինելու, թեմակալ առաջնորդ լինել-չլինելու հարցերը դատարանն իրավունք չունի քննելու։
Այս հարցերը դատարանի քննման տիրույթից դուրս են, այսինքն՝ դատարանի որոշումը, որն ապօրինի է կայացվել, և Մայր Աթոռը, որ իբրև թե պիտի կիրառի այս կայացրած որոշումը՝ օրենքի խախտում է, որը որևէ կերպ չի կարող կիրառվել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Հոգևորականն անհեթեթություն ու անլուրջ համարեց Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների՝ «կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելու» վերաբերյալ հայտարարությունները։
«Սա նյութամոլ մասսային Մայր Աթոռ Էջմիածնի դեմ տրամադրելու անհաջող փորձ է։ Օրինակ, ինչպե՞ս պետք է տեղափոխենք, հո մենք թափառախո՞ւմբ չենք, վեշ-մեշոկը վերցնենք ու տեղափոխվենք։ Այդ մարդու ասածը շատ անլուրջ չէ։ Եթե մեկը կա, որ եկեղեցու ունեցվածքը, գանձերը, մշակույթը մատնել է կորստյան՝ Նիկոլ Փաշինյանն է։ Նա կորստյան է մատնել Արցախում եղած մեր վանքերը, եկեղեցիները և մնացած արժքերը, որոնք Ադրբեջանի կողմից այսօր ոչնչացվում են»,- հավելեց մեր զրուցակիցը։
Տրե Վրթանեսը նաև հավելեց՝ Առաքելական եկեղեցու հետևորդը պետք է այս ամենի վերաբերյալ իր կարծիքն արտահայտի, որ իշխանության անլուրջ կարծիքը չի կիսում։



