«ՌԴ-ն չի «անհետանում» ռեգիոնից, բայց այլևս անվտանգության երաշխավոր չէ». Խրամչիխին
Փետրվարի 11-ին ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան և Բաքու: Երևանում Վենսը հանդիպեց Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ստորագրեց «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն, ապա Փաշինյանի հետ հանդես եկավ քաղաքական ուղերձներով՝ մինչև անգամ ապագա ընտրություններում իր աջակցությունը հայտնելով Փաշինյանին։
Բաքվում ևս օրակարգն առանց ստորագրման չանցավ՝ Վաշինգտոնն ու Բաքուն ստորագրեցին Ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին խարտիա: Փոխնախագահ Վենսը համատեղ ասուլիսի ընթացքում մի շարք ռևերանսներ արեց Ալիևի հասցեին, նրան որակելով աշխարհի եզակի ղեկավարներից, որոնք դրական հարաբերություններ ունեն թե Իսրայելի, թե Թուրքիայի հետ: Այս այցը որակումների պակաս չունեցավ, թե հայաստանյան այցը, հայտարարության ստորագրումը, թե այցն Ադրբեջան ու խարտիայի ստորագրումը որակվեց՝ որպես պատմական ու աննախադեպ: Չէ՞ որ սա ԱՄՆ փոխնախագահի մակարդակով առաջին այցն էր Հարավային Կովկաս: Իրականում, իսկապես նման մակարդակով ամերիկյան այցը Հարավային Կովկաս աննախադեպ էր, աննախադեպ է նաև այն ներգրավվածությունը, որը Միացյալ Նահանգները ցուցաբերում է այս փուլում Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Երևանի ու Բաքվի նկատմամբ:
ՌԴ-ն ընդհանուր առմամբ ամենաբարձր մակարդակով հետևում է իրադարձություններին: Սակայն հանրության ուշադրությունից վրիպեց մի քանի հայտարարություն ռուսական կողմից: Փետրվարի 6-ին ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հանդիպել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ և մանրամասն կանգ առել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցի վրա։ «Ռոսատոմ» պետական կորպորացիան առաջարկել էր համալիր համագործակցություն, որը ներառում է մեծ, միջին կամ փոքր հզորության կայանների կառուցում և հարակից նախագծերի իրականացում, այդ թվում՝ ոչ միջուկային բնույթի։ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն իր հերթին՝ հայտարարել է, թե «Ռոսատոմը» պատրաստ է կարճ ժամկետում սկսել Հայաստանում ատոմակայանի շինարարություն: Ըստ նրա, ատոմակայան կառուցելը կարևոր տեղ է զբաղեցնում Մոսկվա-Երևան հարաբերությունների օրակարգում և պարբերաբար քննարկվում է տարբեր մակարդակներում: Գալուզինն ընդգծել է, թե Մոսկվան մտադիր է հետագայում ևս հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել է, որ Հարավային Կովկասի երկրներն ինքնիշխան պետություններ են՝ այլ երկրների հետ իրենց հարաբերությունները կառուցելու իրավունքով։ «Դրանք ինքնիշխան պետություններ են և նրանք ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք: Միևնույն ժամանակ, մենք թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ ունենք երկկողմ հարաբերությունների հսկայական համալիր, որոնք տարածվում են բոլոր հնարավոր ոլորտների վրա»,- լրագրողներին ասել է Պեսկովը, որն էլ ըստ էության ՌԴ պաշտոնական արձագանքն է Վենսի ռեգիոնալ այցին ու դրա արդյունքներին:
Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը, գնահատելով Վենսի ռեգիոնալ այցը, ասաց, որ այն դարձավ կարևոր հանգրվան՝ արտացոլելով Հարավային Կովկասում Թրամփի աշխատակազմի արձանագրած առաջընթացն ու ազդեցությունը: Ըստ նրա, գլխավոր հետևությունն այն է, որ ՌԴ-ն չի «անհետանում» ռեգիոնից, բայց կորցնում է ավանդական մենաշնորհը, տնտեսական, ռազմական գերիշխանությունը, որի գլխավոր պատճառն Ուկրաինայի պատերազմն է, դրա հետևանքով՝ ռեսուրսների գերծանրաբեռնումը:
Բացի այդ, նրա դիտարկմամբ, Երևանն ու Բաքուն փոխել են իրենց արտաքին քաղաքական ավանդական կողմնորոշումը՝ ավելի սերտացնելով համագործակցությունն Արևմուտքի հետ: Սա ևս, ըստ Խրամչիխինի, էականորեն նպաստեց ռեգիոնում ներկայումս ձևավորվող պատկերին:
«Հարավային Կովկասում մրցակցության փուլը դեռ չի ավարտվել: ՌԴ-ն դեռ ունի ռազմական ներկայություն, էներգետիկ և առևտրատնտեսական մեծ ազդեցություն, սակայն այլևս անվտանգության երաշխավոր կամ մատակարար չէ: Այստեղ հարց է ծագում՝ Մոսկվան սրան դե՞մ է, թե՞ ոչ, այս հարցը լայնորեն քննարկվում է նաև ռուսական փորձագիտական շրջանակներում: Այնուամենայնիվ Վաշինգտոնի ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասում միտում ունի վերածվել երկարաժամկետ կառուցվածքային ներկայության, թեև դա կարող է լինել նաև կարճաժամկետ, քանի որ Թրամփի աշխատակազմը ընդմիշտ չի կառավարելու: Շատ զարգացումներ կարող են փոխվել ժամանակի ընթացքում:
Արևմուտքը տարածաշրջանը դիտարկում է որպես ռազմավարական հանգույց՝ եվրասիական էներգետիկ ու լոգիստիկ շղթաներում։ Միաժամանակ ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը և տրանսպորտային TRIPP ծրագիրը հնարավորություն են տալիս ձևավորել նոր արևելք-արևմուտք տնտեսական առանցք՝ շրջանցելով Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց Խրամչիխինը՝ շարունակելով, որ, ամենայն հավանականությամբ, մոտ հեռանկարում տարածաշրջանը կանցնի բազմաբևեռ մրցակցության փուլ:
Նրա խոսքով, Ռուսաստանը կպահպանի ռազմական և էներգետիկ որոշ լծակներ, բայց կկորցնի մենաշնորհային դերը: Այնուամենայնիվ, նրա խոսքով, գլոբալ համակարգը շարժվում է ազդեցության ոլորտների նոր բաժանման ուղղությամբ։
«Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի կողմից խաղաղության գործընթացի և ենթակառուցվածքային նախագծերի կապակցումը, զենքի վաճառքը, էներգետիկ համագործակցությունը կարող է տարածաշրջանում ստեղծել տնտեսական կախվածությունների նոր համակարգ։ Եթե երկարաժամկետ կանխատեսում փորձենք անել, ապա Հարավային Կովկասը կարող է վերածվել տրանզիտային հանգույցի, սակայն այդ սցենարը կախված է մի շարք գործոններից՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հետագա զարգացումից, ինչպես նաև աշխարհաքաղաքական զարգացումներից»,- ասաց Խրամչիխինը։
Ըստ նրա՝ ոչ պակաս կարևոր են նաև այն զարգացումները, որոնք տեղի կունենան ՌԴ-ԱՄՆ, ՌԴ-Արևմուտք, ԱՄՆ-Չինաստան գործընթացներում:
«Ի վերջո, շատ հարցեր գլոբալ բանակցային փուլերով են անցնում»,- ասաց նա:



