Հնդկաստանում նախատեսում են շրջանառության մեջ դնել պոլիմերային թղթադրամներ. Business Standard
Հնդկաստանի պահուստային բանկը (RBI) դիտարկում է պոլիմերային թղթադրամները շրջանառության մեջ դնելու փորձնական նախագիծ՝ վերադառնալով ավելի քան տասը տարի առաջ տեխնոլոգիական խնդիրների պատճառով հետաձգված ծրագրին։ Այս մասին հայտնել է Business Standard թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
2012 թվականին հարավասիական հանրապետության իշխանությունները որոշել էին փորձնական կարգով հինգ քաղաքներում շրջանառության մեջ դնել 10 ռուփի անվանական արժեքով 1 մլրդ թղթադրամ, սակայն հետագայում հրաժարվել էին այդ գաղափարից։ RBI-ի ներկայիս որոշումը, ըստ պարբերականի, պայմանավորված է նախ և առաջ նման թղթադրամների ավելի երկար օգտագործման ժամկետով, ինչպես նաև կանխիկ փողի աճող պահանջարկով՝ չնայած թվային վճարումների ավելացմանը։
Վնասված թղթադրամների դուրսբերման ծավալը շարունակում է շատ բարձր մնալ։ 2025-2026 ֆինանսական տարում (ավարտվել է մարտի 31-ին) դուրս է գրվել 23,8 մլրդ վնասված դրամանիշ, ինչը 12,3 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի։ Փչացած թղթադրամների մեծ մասը 500 և 100 ռուփի անվանական արժեքով են եղել։ Միաժամանակ, շրջանառության մեջ գտնվող կանխիկ փողի ծավալը շարունակում է արագ աճել։ Բնակչության ձեռքին գտնվող դրամական միջոցների ծավալը տարեկան առումով աճել է 11,5 տոկոսով՝ մայիսի 15-ի դրությամբ հասնելով ռեկորդային 42,86 տրլն ռուփիի մակարդակի։
Վերջին մի քանի տարիներին, ըստ աղբյուրների, փոքր անվանական արժեքով՝ 10 և 20 ռուփի թղթադրամների բարձր պահանջարկ է նկատվել։ Սակայն նման թղթադրամների բաժինը շրջանառության մեջ գտնվող ընդհանուր ծավալում մնում էր ցածր։ Արժեքային արտահայտությամբ վերջին երկու տարիներին 10 ռուփի անվանական արժեքով դրամանիշների բաժինը պահպանվել է 0,7 տոկոսի մակարդակում, իսկ 20 ռուփի անվանական արժեքովի բաժինը կազմել է ընդամենը 0,8 տոկոս։
Ցանկալի արդյունք չեն տվել նաև հնդկական կենտրոնական բանկի նպատակային ջանքերը մետաղադրամների օգտագործումը խթանելու ուղղությամբ։ Մետաղադրամների ընդհանուր քանակը 2024-2025 ֆինանսական տարում մոտ 1,2 մլրդ-ից աճել է մինչև 1,5 մլրդ՝ 2027 թվականին։ Ընդ որում, 800 միլիոնը բաժին է ընկել 5 ռուփի մետաղադրամներին, իսկ 400 միլիոնը՝ 20 ռուփի անվանական արժեքով մետաղադրամներին։
Պոլիմերային թղթադրամները շրջանառության մեջ են դրվել գրեթե 60 երկրում։ Դրանք առաջինը ներմուծել է Ավստրալիան՝ կեղծարարությունից պաշտպանվելու նպատակով, 1988 թվականին շրջանառության մեջ դնելով 10 դոլարանոց թղթադրամ։ Ռուսաստանում թողարկվել է միայն մեկ պաշտոնական պոլիմերային թղթադրամ՝ 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված 100 ռուբլի անվանական արժեքով հուշադրամը։ Նման դրամանիշների տպաքանակը կազմել է 20 մլն հատ։



