Ռումինիան անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպից հետո ՆԱՏՕ-ին կխնդրի արագացնել ՀՕՊ միջոցների մատակարարումը
Ռումինիան մտադիր է դիմել ՆԱՏՕ-ին՝ խնդրելով արագացնել հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարումը, ինչպես նաև փակել իր տարածքում գործող միակ ռուսական հյուպատոսությունը՝ ռուսական անօդաչու թռչող սարքի բնակելի տան վրա ընկելուց հետո։
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա Ցոյուն Politico պարբերականին հայտարարել է, որ տեղի ունեցածն «օդային տարածքի անընդունելի և բացահայտ խախտում է»։ Ըստ նրա՝ Բուխարեստն ունի հաստատում, որ խոսքը հենց ռուսական անօդաչու սարքի մասին է։
Ցոյուն նշել է, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ԱՄՆ զինված ուժերի գեներալ Ալեքսուս Գրինկևիչն ավելի վաղ համաձայնել էր երկիր ռազմական տեխնիկա տեղափոխելու Ռումինիայի առաջարկներին։ Այժմ, ըստ նրա, Բուխարեստը հասնելու է այդ մատակարարումների արագացմանը։
Միևնույն ժամանակ, Ռումինիան դեռևս չի ծրագրում գործարկել Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածը, որը նախատեսում է դաշնակիցների հրատապ խորհրդակցություններ։
Զուգահեռաբար Բուխարեստը դիվանագիտական միջոցներ է ձեռնարկում. կփակվի Կոնստանցայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, իսկ գլխավոր հյուպատոսը կարտաքսվի երկրից, ինչը հաստատել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը։
Միջադեպը տեղի է ունեցել, երբ գիշերը անօդաչու սարքը մտել է Ռումինիայի օդային տարածք և ընկել Ուկրաինայի սահմանին մոտ՝ Գալաց քաղաքի բնակելի տներից մեկի տանիքին՝ առաջացնելով հրդեհ, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ դրոնը սահմանը հատել է Ուկրաինայի կողմից, որտեղ Ռուսաստանը հարվածներ էր հասցնում քաղաքացիական և ենթակառուցվածքային օբյեկտներին։ Լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր Ռումինիան արձանագրել է իր օդային տարածքի առնվազն 25 խախտում, որոնցից յոթը՝ միայն ընթացիկ տարում։
Երկու «F-16» կործանիչ օդ են բարձրացվել, սակայն կրակ չեն բացել անօդաչու սարքի ուղղությամբ՝ բնակելի թաղամասին հարվածելու ռիսկի պատճառով։
ՆԱՏՕ-ից հայտնել են, որ վերլուծում են լրացուցիչ միջոցներ՝ նմանատիպ սպառնալիքների հայտնաբերման և խոցման համակարգերն ուժեղացնելու համար, ներառյալ անօդաչուների դեմ պայքարի ռումինական «MEROPS» համակարգը դաշինքի հրամանատարության տակ հնարավոր ներառումը։
Ռումինիայի իշխանությունները դաշինքի դեսպանների առաջիկա հանդիպումների ընթացքում մտադիր են նաև քննարկել ՆԱՏՕ-ի արևելյան թևում զսպման և պաշտպանության ուժեղացումը



