Արհեստական բանականություն, բնական խայտառակություն

««Front office»-ում կարող է ընդհանրապես մարդ չլինել, այլ լինել արհեստական բանականություն, այլ լինեն գերժամանակակից սարքավորումներ, և այդ «Front office»-ի հիմնական գործառույթը կարող է լինել էդ սարքավորումների սպասարկումը և այլն»,- նախօրեին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում բառացիորեն ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանի տարածքով անցնող ճանապարհներին ուղևորների և բեռների ստուգման մասին:

Խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքով անցնող ճանապարհների մասին է, որը Փաշինյանը 99 տարով վարձակալության է տվել ԱՄՆ-ին՝ միևնույն ժամանակ դա ներկայացնելով՝ որպես «ՀՀ ինքնիշխանության բարձրացում»:

Բայց այն, ինչ հիմա է տեղի ունենում, ամերիկյան վարդագույն ձևակերպումներով ադրբեջանա-թուրքական պահանջների իրականացում է, որը կատարում է Փաշինյանը՝ պատասխանատվությունը դնելով ԱՄՆ-ի վրա՝ ամերիկյան կողմը ցանկանում է «որակյալ ծառայություններ» մատուցել: Այսպիսով գտնվել է ադրբեջանական պահանջի կատարման գեղեցիկ բանաձևը՝ արհեստական բանականություն:

Հիշեցնենք՝ Ադրբեջանը պահանջում էր ու է, որ ՀՀ ինքնիշխան տարածքով անցնող ճանապարհը դուրս լինի Հայաստանի վերահսկողությունից, որպեսզի «ադրբեջանցիները հայի երես չտեսնեն», այլ խոսքով՝ «Հայաստանով անցնող ճանապարհ՝ առանց հայերի»: Փաշինյանը՝ կատարելով հերթական այս պահանջը, դա ներկայացնում է որպես առաջադիմություն՝ հղում անելով արհեստական բանականությանը:
Ընդհանրապես արհեստական բանականության (ԱԲ) թեմայի հայտնվելը Հայաստանի քաղաքական օրակարգում որոշակի խորհրդանշականություն ունի: Հատկապես վերջին ամիսներին կրկին ամերիկյան կողմից Հայաստանում արհեստական բանականության կենտրոններ կառուցելու հայտարարություններ են հնչել, համաձայնություններ ձեռք բերվեցին ԱՄՆ փոխանախագահի այցի ընթացքում:

Տեխնոլոգիական առումով արհեստական բանականության ստեղծման համաշխարհային գործընթացին մասնակցությունը, անշուշտ, դրական է: Բայց արհեստական բանականության մուտքը հայկական իրականություն զուգակցվում է Հայաստանի պետության արհեստականացման հետ: Որքան ավելի շատ է խոսվում արհեստական բանականության ոլորտում ներդրումների մասին, այնքան ավելի արհեստական՝ բուտաֆորիկ է դառնում հայկական պետությունը, ինչի վկայություններից մեկն էլ հենց վերը նշված ճանապարհներին ԱԲ-ի միջոցով վերահսկողություն իրականացնելու պատրաստակամությունն է:

Արհեստական բանականությունը, չնայած զարգացման էքսպոնենցիալ արագայնությանը, զուրկ է կամ առնվազն դեռևս զուրկ է գիտակցությունից: Մոտավորապես այնպես, ինչպես հիմա Հայաստանը՝ իր իշխանությամբ ու պետական կառավարման համակարգով՝ արտաքուստ բանական, քարոզչությամբ՝ ռացիոնալ, բայց զուրկ գիտակցությունից ու գիտակցականությունից:  Ցանկացած տեխնիկական նվաճման նման, արհեստական բանականությունը ևս կախված է օգտագործողից:

Բջջային հեռախոսը հրաշալի գործիք է, բայց երբ հայտնվում է պետության ղեկավարի պաշտոնում հայտնվածի ձեռքում՝ դառնում է երկիրը խայտառակելու միջոց: Նույնը տեղի է ունենում արհեստական բանականության պարագային: Նրան պետական բացառիկ գործառույթներ է ցանկանում պատվիրակել մի իշխանություն, որի ղեկավարը բջջային հեռախոսն օգտագործում է նույն այդ պետությունը խայտառակելու համար:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս