Բաքուն մեծացնում է ռազմական բյուջե. Ալիևը մտադիր է Սլովակիայից հրետանային ավտոմատ համակարգեր ձեռք բերել, և ոչ միայն

Ադրբեջանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է 2026 թվականի բյուջեի նախագիծը, որով ավելացվում է ռազմական բյուջեն. պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը հաջորդ տարի կկազմեն բյուջետային բոլոր հատկացումների մոտ 21%-ը՝ 8.7 միլիարդ մանաթ (ավելի քան 5 միլիարդ դոլար):

Այսինքն, ինչպես Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն է նշել բյուջեի քննարկմանը, պետական ծախսերի հիմնական ուղղություններից մեկը դեռ մնում է անվտանգության և երկրի ռազմապաշտպանական ներուժի ամրապնդումը:

«Նախագահը խնդիր է դրել՝ ձևավորել պաշտպանական արդյունաբերական կլաստեր, որը թույլ կտա բավարարել՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտահանման պահանջները: Համապատասխան աշխատանքներ արդեն տարվում են»,- հավելել է նա:

Նույն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սլովակիայի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել:

Կարդացեք նաև

Մասնավորապես, Սլովակիայում դեկտեմբերի 8-ին լրագրողների համար արված իր հայտարարության ժամանակ Ալիևը նշել է, թե Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերությունը դիտարկում է՝ որպես այդ երկրի հետ ապագա համագործակցության հիմնական ոլորտներից մեկը։

Միաժամանակ Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, թե խոսքը միլիտարիզացիայի մասին չէ, այլ պաշտպանական արդյունաբերության ներուժի զարգացման։

«Մենք պատերազմ վարելու մտադրություն չունենք։ Մեզ համար պատերազմներն անցյալում են մնացել: Այստեղ խոսքը սիներգիայի ձևավորման մասին է, երբ սլովակական տեխնոլոգիաների և Ադրբեջանի ֆինանսական հնարավորությունների համատեղմամբ՝ հնարավոր է ստեղծել նոր արտադրանք, որը կհետաքրքրի նաև համաշխարհային շուկաներին: Ավելին, սա մեծ օգուտներ կբերի մեզ: Մենք այս ուղղությամբ աշխատում ենք կոնկրետ նախագծերի վրա»,- մանրամասնել է Ալիևը:

Սլովակիայի նախագահ Պետեր Պելլեգրինին էլ լրագրողների համար նախատեսված իր խոսքում հաստատել է՝ պաշտպանական արդյունաբերությունը կարևոր սեկտոր է, որն իրենք զարգացնում են:

«Մենք մտադիր չենք պարզապես զենք վաճառել Ադրբեջանին, ինչպես դուք գիտեք, Սլովակիայում այդ ոլորտը շատ զարգացած է: Մենք հատկապես մեծ փորձ ունենք ինքնագնաց հրետանային կայանքների, զինամթերքի արտադրության ոլորտում և ոչ միայն: Մենք կարող ենք Ադրբեջանի հետ աշխատել, այն է՝ փոխանցել տեխնոլոգիաներ և օգտագործել ադրբեջանական ֆինանսական միջոցները՝ ստեղծելու ժամանակակից արտադրություն և վաճառելու այն երրորդ երկրների: Ուրախ եմ նաև, որ Ադրբեջանը հետաքրքրություն է դրսևորել հրետանային ավտոմատ համակարգեր ձեռք բերելու հարցում և արդեն հայտարարել է իր այս մտադրության մասին։ Վստահ եմ, որ այս տեսակի սպառազինությունը կուժեղացնի Ադրբեջանի զինված ուժերը»,- շեշտել է Սլովակիայի նախագահը:

Նշենք, որ 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի 5-րդ տարվան նվիրված Բաքվի զորահանդեսին ներկա են եղել Սլովակիայի փոխվարչապետը և պաշտպանության նախարարը: Այս մասին Սլովակիայում չի մոռացել հիշեցնել Իլհամ Ալիևը՝ բարձր գնահատելով այդ ժեստը:

Սակայն հրապարակված լուսանկարներում զորահանդեսին ներկա պատվավոր հյուրերի շարքում երևացել է նաև Սլովակիայի արտաքին գործերի նախկին նախարար Միրոսլավ Լայչակը:

Նա, տարբեր տեղեկություններով, իր ներդրումն ունի, որ չեխական արտադրության RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգը և DANA ինքնագնաց հրետանային կայանքը տեղ գտնեն  ադրբեջանական բանակի զինանոցում, որոնք 44-օրյա պատերազմում տարբեր ուղղություններով կիրառվել են և արդեն «հաղթանակած» կերպով ցուցադրվել Բաքվի վերջին զորահանդեսին:

Հիշեցնենք, որ երբ 2019 թվականին այդ ժամանակ Սլովակիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակն այցելել էր Հայաստան և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիս էր տվել, նրա ուշադրությունը հրավիրվել էր այն հանգամանքի վրա, որ իրենց սպառազինությունն Ադրբեջանում է հայտնվում ոչ թե ուղղակիորեն, այլ՝ միջնորդավորված, երրորդ երկրների միջոցով, մասնավորապես՝ Իսրայելի միջոցով:

«Սլովակիայի ու Իսրայելի միջև առանձին համաձայնագիր է եղել, առանձին փաստաթղթեր են եղել, որոնցում ամրագրված է եղել, որ վերջնական ստացողն Իսրայելն է։ Մենք այդ հարցը մի քանի անգամ քննարկել ենք նաև նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Կարծում եմ՝ գործը փակ է։ Մենք ամեն ինչ մանրամասն բացատրել ենք միմյանց, հասկացել ենք միմյանց, կարծում եմ, որ այս քննարկումը դադարել է ու չի շարունակվելու, ինչպես նաև պայմանագիրը դադարեցված է»,- վստահեցրել էր Լայչակը:

Իսկ թե որքանով է այն գործնականում տեղի ունեցել, կարելի է միայն ենթադրություն անել:

Իհարկե, Հայաստանը ևս պատերազմից հետո փորձել է Սլովակիայի հետ պաշտպանական ոլորտում ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել, բայց չպետք է մոռանանք, որ այս դեպքում ևս ադրբեջանական գազի մատակարարման գործոնը կա, եթե մի կողմ դնենք վերևում նշված ռազմական պլանները:

Վերադառնանք Ադրբեջանի ռազմական բյուջեին: 168.am-ը մեկ ամիս առաջ գրել է, որ իր երկրի ռազմական բյուջեն Ալիևը մտադիր է նվազեցնել աստիճանաբար, և 2030 թվականին, օրինակ, ինչպես հայտարարվել է, այն կարող է հասնել 7,969 միլիարդ մանաթի (4,69 միլիարդ դոլար՝ մեկ ամիս առաջվա կուրսով):

Ադրբեջանական փորձագետների դիտարկմամբ, երկրի պաշտպանական ծախսերի առաջիկա 4 տարիների աստիճանական կրճատումը, ինչի մասին նշեցինք, չափավոր է, այսինքն, բնավ չի ենթադրում ռազմական պոտենցիալի նվազում, այն ընդամենը վկայում է արդիականացման ցիկլի ավարտի մասին: Իսկ եթե հաշվի առնենք նաև ռազմական արդյունաբերության զարգացմանը միտված Ալիևի ծրագրերը, նաև՝ տարբեր երկրների մասնակցությամբ, երբ Բաքուն իր «ձեռքում է» ունենում տարբեր զինատեսակների արտադրության տարբեր երկրների փորձված տեխնոլոգիաներ, հաստատ մտածելու բաներ Հայաստանն ունենում է:

Տեսանյութեր

Լրահոս