
Ի՞նչն է նպաստել Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի լուծարման մասին որոշման կայացմանը

2024 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարությունը որոշել էր լուծարել «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում էր, որ 2023 թվականին հաստատվել են Պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի նոր կանոնադրությունները և դրանց հիման վրա հստակեցված գործառույթներն ու կառուցվածքը:
Ավելի կոնկրետ՝ նախարարության կառուցվածքում զինվորական ներկայացուցչությունների բաժնի, գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության և գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության գործող ռազմատնտեսական վարչության գործառույթներում ներառվել են այդ կազմակերպության գործունեության մի շարք ուղղությունները:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2018 թվականի մայիսի 11-ի նիստի ժամանակ էր հավանություն տվել ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելու ՊՆ նախաձեռնությանը, այն իրականացնելու էր տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում, մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն:
168.am-ը գրել է, որ այդ ժամանակ ակնկալվում էր, որ ինստիտուտի ստեղծմամբ կկարգավորվեն հարաբերությունները լիազոր մարմնի և ռազմարդյունաբերական պատվերներ կատարող կազմակերպությունների միջև` գիտատեխնիկական մշակումների խնդիրների իրականացման հարցերում, պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվի ներհանրապետական արտադրության տեսականին, ՀՀ զինված ուժերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, կստեղծվեն նախադրյալներ հայրենական արտադրության սպառազինության որոշ տեսակներով արտաքին շուկա դուրս գալու համար և այլն:
Մենք նշել էինք, որ դեռ 2016-ին ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովը հավանություն էր տվել «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրության նախագծին, որի շրջանակներում էլ հիմնադրվել էր գիտահետազոտական ինստիտուտը: Իսկ արդեն 2017 թվականի հունվարի 31-ին նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել էր Հայաստանի Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը։
Հավելենք, որ երբ 2018 թվականի մայիսին Կառավարության նիստի ժամանակ որոշում էր կայացվում ՊՆ-ի ենթակայության ներքո ստեղծվել Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ, այդ ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը պարզաբանել էր.
«Ինստիտուտը մշակումներ իրականացնելու գործառույթ չունի, այն կազմելու է մարտավարատեխնիկական առաջադրանքներ: Մենք պետք է հասկանանք, թե զորքերն ի՞նչ են ուզում են ունենալ, ո՞րն է ամենակարևոր խնդիրը, տեսնել, թե աշխարհում ի՞նչ է կատարվում, ո՞ր ուղղություններն են զարգացնելու համար առաջնահերթ: Այն լինելու է զինված ուժերի և մշակող ինստիտուտների միջև օղակ, որը հստակ ձևակերպելու է խնդիրը, առաջադրանքը: Հիմա դա ոչ համակարգված է արվում: Խոսքը մեծ կառույցի մասին չէ, ամեն ուղղությամբ մեկ-երկու մասնագետ է լինելու: Այս ինստիտուտը չի լինելու փոխարինող ինչ-որ մեկին, այլ լրացնող»:
168.am-ի տեղեկություններով, «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին որոշմանը նպաստել կամ դրանում որոշակի դերակատարում է ունեցել այն, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարության, այսպես ասած՝ սրտով չի եղել կառույցի մասնագետների եզրակացությունը՝ կապված հնդկական սպառազինության հետ: Իսկ այստեղ փորձառու զինվորականներ են աշխատել, գեներալներ:
Այս համատեքստում հիշեցնենք, որ այս տարվա մարտի 27-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Մհեր Շիրինյանն ազատվել էր ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից: Հոդվածը գրելու պահի դրությամբ այս պաշտոնը դեռ թափուր էր, բայց շատ հնարավոր է՝ համապատասխան թեկնածու արդեն կա, որի մասին կիմանանք, երբ կլինի նախագահի հրամանագիր:
Նշենք, որ ապրիլին ՀՀ պաշտպանության նախարարությունից մեզ վստահեցրել էին, որ «ՀՀ ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության լուծարման հարց չի քննարկվում», ինչպես գրել էր մամուլը: