Արդյոք Փաշինյանը կցուցադրի՞ նոր սպառազինությունը՝ իշխանությունը պահելու համար
Օրերս 168.am-ն իր՝ «ՊՆ-ում Փաշինյանը ֆենոմենալ դրվագ է արձանագրել և Կառավարության նիստին ճշտումներ արել ՊԵԿ նախագահից. Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այն» վերտառությամբ հոդվածում գրել է, որ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարից պահանջում է առավել շատ խոսել ՀՀ զինված ուժերում վերջին տարիներին իրենց կատարած «փոփոխությունների և բարեփոխումների» մասին՝ ասելով, թե դրանք մի ամբողջ գրքի նյութ են:
«Երբ ես պատրաստում էի Բանակի օրվա առիթով իմ ուղերձը, բնականաբար, պլանավորում էի, թե ինչ կարող եմ նշել այդ ուղերձում՝ այս ընթացքում բանակում կատարված փոփոխությունների և ձեռքբերումների տրամաբանությունն ընդգծելու համար: Եվ երբ սկսեցի թվարկել, հասկացա, որ ոչ թե ուղերձ, այլ գիրք պետք է գրեմ՝ վերջին տարիներին բանակում տեղի ունեցած փոփոխություններն արձանագրելու համար»,- հունվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում զինվորականության հետ հանդիպմանն իր ներածական խոսքում ասել է նա և սկսել իր թվարկումները:
Ավելի ուշ ՀՀ զինված ուժերում կատարված փոփոխությունների և բարեփոխումների մասին հաշվետվություն է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Բնականաբար, ո՛չ Նիկոլ Փաշինյանի ուղերձում և Պաշտպանության նախարարությունում հանդիպմանը հնչեցված ելույթում, ո՛չ էլ Սուրեն Պապիկյանի հաշվետու խոսքում չի անտեսվել նոր սպառազինության ձեռքբերումը: Իսկ պաշտպանական բարեփոխումների թեման շարունակվել է հունվարի 29-ի Կառավարության նիստին, որից հետո Սուրեն Պապիկյանը որոշել էր կամ, ըստ էության, քաղաքական հանձնարարություն էր ստացել ռազմական հաստատության դիմաց կանգնած մանրամասն ներկայացնել Ռազմական ակադեմիայում ստեղծված պայմաններն ու այստեղ սովորելու արտոնությունները, թեև այստեղ ոչ մի նոր բան չկա, ամեն ինչի մասին բազմիցս ներկայացվել է և՛ նախարարի կողմից, և՛ ակադեմիայի պետի: Խոսքը, բնավ, դրա մասին չէ, որ չպետք է խոսել արվածի մասին։ Խոսքն այն մասին է, որ Պաշտպանության նախարարը ստիպված է անձամբ տեսահոլովակներում նկարվել և հերթական անգամ ներկայացնել ռազմական կրթական հաստատության ծրագրերը: Եվ, թերևս, առանձին-առանձին ներկայացվելու են նաև մյուս բարեփոխումները:
Ու այս տրամաբանության մեջ չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պահի բավարար չհամարի առանձին խմբերի՝ նոր սպառազինությանը ծանոթանալուց հետո արձագանքը, թեև այստեղ գաղտնիության սկզբունքի շրջանակում սահմանափակում կա, և հրապարակային ցուցադրություն կազմակերպի՝ ընտրություններին մոտ ժամանակահատվածում: Բայց պետք է, չէ՞, ապացուցել, որ արտաքին պարտքը հիմնավոր է աճել, ինչին մենք այլ առիթով անդրադարձել ենք։
Ի դեպ, հենց այս օրերին 168.am-ին տեղեկություններ են հասել, ըոտ որի՝ չի բացառվում, որ հենց մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը կազմակերպի նոր գնված սպառազինության ցուցադրություն-զորահանդես: Հնարավոր վայրի մասին ևս տեղեկություններ են փոխանցվել, բայց անվտանգային նկատառումներից ելնելով՝ չենք բարձրաձայնի: Այս թեմայի հետ կապված՝ մենք փորձել ենք պարզաբանում ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից, սակայն կապ հաստատել պատասխանատուների հետ չի հաջողվել, ուստի գրավոր հարցում ենք ուղարկել, պատասխանը ստանալուն պես կներկայացնենք այն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը դեմ է արտահայտվել զորահանդեսային տարբերակով գնված ժամանակակից սպառազինության ցուցադրմանը, այդ թվում՝ շարքային քաղաքացիների առաջարկներին ի պատասխան: Բայց ինչպես ասում են՝ եթե դա կօգնի պահել իշխանությունը, ադրբեջանական կողմի հետ ինչ-ինչ «բանակցությունների» արդյունքում Փաշինյանը կարող է գնալ նաև դրան: Ի վերջո, բազմիցս հայտարարվել է, որ ձեռք բերված սպառազինությունը չի կիրառվելու, որովհետև պատերազմ չի լինելու, խաղաղությունը հաստատված փաստ է: Մյուս կողմից, Բանակի օրը Պաշտպանության նախարարությունում Փաշինյանը հանկարծ հիշել է ուժեղ բանակի կարևորության մասին:
«Անկախ խաղաղությունից, անկախ՝ ինչպիսի, ինչքան հուսալի կլինի խաղաղությունը, մենք պետք է ունենանք ուժեղ և պաշտպանունակ բանակ, որովհետև ցանկացած երկիր, ով չունի ուժեղ և պաշտպանունակ բանակ, ինքը գայթակղություն է բոլորի համար: Եվ հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության առաջնային օրակարգում միշտ պետք է լինի ուժեղ և պաշտպանունակ բանակի գոյությունը»,- հայտարարել է նա:
Կարո՞ղ ենք սա համարել ներքին սպառման մեսիջ, որը կարող է գործնականում ապացուցվել ռազմական ինչ-ինչ տեխնիկայի հրապարակային ցուցադրությամբ: Սակայն սպասենք պաշտպանական գերատեսչության գրությանը:
Իսկ մինչ այդ կարճ անդրադառնանք 44-օրյա պատերազմի զեկույցին: Օրերս իշխանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պնդել է, որ իր ղեկավարած Քննիչ հանձնաժողովը որակյալ զեկույց է պատրաստել:
«16.000-ից ավելի գրավոր, վիդեո, աուդիո նյութեր են, քարտեզներ են, որոնք տվել են այն հենքը, որի հիման վրա կազմվել է զեկույցը, և որի ծավալն ավելի քան 500 էջ է։ Դրանք նյութեր են, որին ծանոթանալը խիստ անհրաժեշտ է։ Զեկույց ունենալն ամենակարևոր ձեռքբերումն է։ Իսկ իրավական վեճերը՝ ժամկետի հետ կապված, դրանք ածանցյալ վեճեր են։ Ամենակարևոր խնդիրը լուծված է։ Եվ երբ ամբողջ նյութը կտեղափոխենք ներքև` փակ տարածք, զեկույցը հասանելի կդառնա և՛ ԱԱԾ-ին, և՛ ՊՆ-ին, և՛ պետական բոլոր գերատեսչություններին, որոնք ունեն այդ զեկույցից եզրահանգումներ անելու հնարավորություն»,- մանրամասնել է նա:
Այնուհետև Անդրանիկ Քոչարյանը շարունակել է, թե ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը կարող է որոշում կայացնել, բնականաբար, իշխող խմբակցության հետ քննարկելով, թե զեկույցի ո՞ր մասը կարելի է, այնուամենայնիվ, ներկայացնել հանրությանը, որպեսզի շահարկումներ 44-օրյայի հետ կապված որևէ մեկը չփորձի անել ընդհանրապես։ «Այն եզրահանգումները, որոնք արվել են 20 էջի սահմանում, դրանք խիստ անհրաժեշտ են, որպեսզի մեր հասարակությունը վերջապես իմանա, թե ինչի պարտվեցինք»,- ընդգծել է նա:
ԱԺ լիագումար նիստում 44-օրյայի զեկույցը ներկայացնելու հնարավորությունից զրկված և այս առումով իր ամբիցիաները չբավարարած Անդրանիկ Քոչարյանը կկարողանա՞ հասնել նրան, որ զեկույցի թույլատրելի ինչ-որ հատված հանրության դատին ներկայացվի: Այսինքն, նրա ցանկությունը կդառնա՞ ինչ-որ պահի քաղաքական անհրաժեշտություն Նիկոլ Փաշինյանի համար, ցույց կտա ժամանակը:



