Թրամփը հետաքրքրված է Սյունիքի՝ հենց հայ-իրանական սահմանի հատվածով. Նրան այլ բան չի հետաքրքրում. Ռուբեն Մելքոնյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը խոսեց նաև TRIPP-«Զանգեզուրի միջանցք» նախագծերի նույնականության մասին։
«Կա՞ տարբերություն՝ որտեղո՞վ է անցնելու TRIPP-ը, և որտեղո՞վ՝ «Զանգեզուրի միջանցքը»: Կա՞ տարբերություն… Ո՛չ: Դա նույն ճանապարհն է՝ Մեծ Թուրանը: Ադրբեջանը, Թուրքիայի տրանսպորտի նախարարը շաբաթը մեկ այդ քարտեզը ցույց է տալիս, շինարարությունն արդեն սկսված է: Դա այն ճանապարհն է, որով երազում էին անցնել ադրբեջանցիները:
«Զանգեզուրի միջանցքի» և TRIPP-ի աշխարհագրությունը նույնն է, որովհետև գտնվում են նույն տարածքում: TRIPP-ով ադրբեջանցիներն անցնելու են անխոչընդոտ, ինչն իրենց ուզածն է, կապվելու են թյուրքական աշխարհին: Դա այն է, ինչ նախատեսված է «Զանգեզուրի միջանցքով»: Հստակ չէ Հայաստան-Իրան սահմանի հարցը, և սա այն է, ինչը բացառապես հետաքրքրում է Թրամփին: Հենց սա է աշխարհի համար կարևոր հատվածը: Դրա համար չհասկանալ այս ամենը, չհասկանալ, որ Թրամփը հետաքրքրված չէ Ծաղկաձորով կամ Ապարանով, այլ, որ հետաքրքրված է Սյունիքի՝ հենց հայ-իրանական սահմանի հատվածով, անհնար է: Ընդ որում, այնքան է հետաքրքրված, որ ասում է՝ դրեք իմ անունով»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետը հարց ուղղեց իշխանությանը՝ ինչի՞ դիմաց են տալիս ճանապարհը:
«Ո՞ւր է ձեր մեծ, ոչ ողորմելի դիվանագիտությունը, երբ ո՛չ Լաչինի միջանցքը կա, ո՛չ Քարվաճառի ճանապարհը: Ի՞նչը ինչի դիմաց եք տալիս: Դուք ձեր ժողովրդի համար ի՞նչ եք արել: Ալիևն իր ժողովրդի համար ամեն հարմարություն ստեղծել է, դուք ձեր ժողովրդի համար համարժեք ի՞նչ եք արել, կարո՞ղ եք ցույց տալ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:


