Արարողակարգային շեղո՞ւմ, թե՞ երկխոսության անհրաժեշտություն. Ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Լավրովին
Փետրվարի 5-6-ին ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում էր, որտեղ հանդիպում ունեցավ՝ ինչպես իր ռուս պաշտոնակից, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, այնպես էլ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հանդիպումների օրակարգում երկկողմ հարաբերություններն էին, ինչպես նաև ՀՀ արտաքին քաղաքական ձգտումները դեպի Եվրոպական միություն:
Ուշագրավ էր հատկապես հանգամանքը, որ Ալեն Սիմոնյանը, ով ամիսներ առաջ Ռուսաստանի Դաշնությանը մեղադրում էր Հայաստանի հանդեպ հիբրիդային պատերազմ վարելու, այդ գործընթացի վրա էական ռեսուրսներ ծախսելու մեջ և ով մոսկովյան այցին ընդառաջ մեղմացրեց իր այդ խոսույթը, հանդիպեց ՌԴ ԱԳ նախարարի հետ, ինչն արարողակարգի շեղում էր, քանի որ միջպետական շփումները սովորաբար ծավալվում են պաշտոնակիցների միջև:
Նման շեղումներ երբեմն պատահում են, երբ կա քաղաքական երկխոսության, ուղերձներ փոխանակելու կարիք ու ցանկություն: Արարողակարգային շեղումներ պատահում են, եթե քննարկվելիք թեմաները վերաբերում են արտաքին քաղաքականությանը, այդ պարագայում ԱԳՆ-ն դառնում է քննարկումների հիմնական հարթակ, և պատահական չէ, որ հանդիպումը տեղի է ունենում հենց ՌԴ ԱԳՆ շենքում:
Նման շեղում կարող է պատահել ցույց տալու համար, որ ՀՀ արտաքին քաղաքական հարցերը քննարկվում են Մոսկվայի ԱԳՆ-ի հարթակում, կամ կա անհրաժեշտություն ուղիղ ազդակ փոխանցել հայկական քաղաքական ղեկավարությանը:
Եվ թերևս պատահական չէր, որ Լավրովը Սիմոնյանի հետ հանդիպման իր հրապարակային կարճ ուղերձում անդրադարձավ հենց Սիմոնյանի՝ Հյուսիսից հիբրիդային սպառնալիքների առկայության թեմային, որն Ալեն Սիմոնյանի այդ հայտարարությունից հետո ամիսներ շարունակ եղել է ՌԴ ԱԳՆ ուշադրության կենտրոնում և արժանացել բազմաթիվ պատասխան արձագանքների:
Լավրովը նշել է, որ Մոսկվան տարօրինակ է համարում հյուսիսից Հայաստանին հասնող սպառնալիքի մասին հայտարարությունները։
«Մեզ համար մի փոքր տարօրինակ է պարբերաբար լսել հյուսիսից Հայաստանի դեմ նախապատրաստվող առասպելական հարձակումների, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից գոյության սպառնալիքի մասին հայտարարություններ, և այս առումով ես կնշեի նաև մեր ընդհանուր պատմությունը կասկածի տակ դնելու փորձերը»,- Սիմոնյանին ասել է Լավրովը:
Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերություններով և չի ցանկանում, որ Մոսկվայում ընկալում լինի, թե Հայաստանը Ռուսաստանի դեմ քայլեր է անում: Միևնույն ժամանակ, Սիմոնյանը նշել է, որ կան հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել:
«Մեզ նաև անհանգստացնում է այն հռետորաբանությունը, որը մենք հաճախ լսում ենք հանրային դաշտում: Դա անհանգստացնում է նաև Հայաստանի հանրությանը»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով՝ հասարակությունը շատ բացասաբար է արձագանքում Մոսկվայից հնչող հայտարարություններին, քանի որ Մոսկվան դաշնակից է և կարևոր է Հայաստանի համար: Խոսելով ԵԱՏՄ-ից՝ ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ Հայաստանը չպետք է դուրս գա Միությունից, փոխարենը՝ կարելի է գտնել լուծում, որից կշահեն երկու կողմն էլ:
Եվ, ըստ էության, Սիմոնյանի այցի քաղաքական ուղերձների հատվածը կենտրոնացած էր Լավրովի հետ հանդիպման շուրջ, ինչն անսպասելի չէր, և որի համար էլ հենց ՌԴ ԱԳՆ-ում այդ հանդիպումը կազմակերպվել էր:
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ՌԴ ԱԳՆ մակարդակով հանդիպումները նախատեսված են երկկողմ հարաբերություններն ու դրանց օրակարգում առկա այլ խնդիրները քննարկելու նպատակով:
Ըստ նրա, խորհրդարանական մակարդակը քաղաքական երկխոսության և քաղաքական ուղերձների անհրաժեշտության հարցը չի լուծում, ուստի նման շփումները հատկապես ակտուալ են, երբ Հայաստանի Հանրապետությունից հաճախ հնչում են որոշակի դժգոհություններ: Հետևաբար, նրա խոսքով, եթե տեղի է ունենում բարձրաստիճան այց, որոնք հաճախ չեն, կարելի է այդ հարցերը քննարկել հենց դիվանագիտական խողովակով, որը համակարգում է ՌԴ ԱԳՆ-ն: Նրա դիտարկմամբ, բնականաբար, հնչեցին քաղաքական ուղերձներ, հստակեցումների նմանվող հայտարարություններ:
«Ռուսաստանի համար այստեղ էականը Հայաստանի ԵՄ-ի հետ մերձեցման հարցն է, որը, շեշտվեց, որ անհամատեղելի է ԵԱՏՄ անդամակցության հետ: Հնչեց պատասխան, որ չկա ցանկություն դուրս գալ ԵԱՏՄ-ից: Սակայն պարզ էր նաև այն խոսույթը, որ Հայաստանը շարունակելու է սերտ համագործակցությունն Արևմուտքի հետ՝ պահպանելով ԵԱՏՄ անդամակցությունը: Թե որքան երկար կգործի այս մոդելը՝ դժվարանում եմ ասել, սակայն մինչ այս, իհարկե, նման ձևաչափի ականատես երբեք չենք եղել: Կտեսնենք, թե ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում որքանով է դա կենսունակ»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:
Խրամչիխինի խոսքով, ինչպես Հայաստանը, այնպես էլ Ռուսաստանն ունի անհանգստություններ. անհանգստանում է, որ Հայաստանը խորացնում է համագործակցությունը մի կառույցի հետ, որը թշնամաբար է տրամադրված ՌԴ-ին:
«Թեև դա ՀՀ ինքնիշխան իրավունքն է, ՌԴ-ն դա ընդունում է, բայց այս մասով ևս կարծես երկխոսություն ծավալվեց: Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ ՌԴ ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպումն այցն ավելի քաղաքական դարձրեց, որտեղ, թերևս, քննարկվեցին երկկողմ օրակարգի ամենաակտուալ հարցերը: Սակայն կարծում եմ՝ թեև հարցերը քննարկվեցին, հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր ֆոնը կշարունակի պահպանվել»,- նման կարծիք հայտնեց Խրամչիխինը:
