Մեկը հարց տվե՞լ է՝ բա ինչու բոլոր հողամասերը չենք վաճառել, եթե անձնական շահ ունեինք. Սերժ Սարգսյան
«Այն, ինչ ընթերցեց առաջին դատախազը, իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է»,- այս մասին այսօր «Իսակովի հողերի» և «Սիլվայի» միացված գործերով դատաքննության ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դատախազների ելույթներին։
Նա ընդգրեց, որ որևէ հանցավոր միտում չի ունեցել։ «Այդ հողամասերը վաճառվել են միայն ու միայն մեկ նպատակով՝ ավարտին հասցնելու Պաշտպանության նախարարության վարչական համալիրը։ Ես կարծում եմ՝ ոչ քննիչներին, ոչ դատախազներին չի հետաքրքրել, թե Պաշտպանության նախարարությունը որտե՞ղ է տեղակայված, արդյո՞ք այդ պայմանները հարմարավետ են, անվտանգ են։ Եթե իրենց նեղություն տային, այդ ուղղությամբ մի քիչ կգնային և կհասկանային իմ դրդապատճառները։ Որտեղ ես եղել եմ, որտեղ ծառայել եմ այս երկրում՝ մեծապես աշխատել եմ առավելագույնն անել աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ։ Այդպես էլ վարվել եմ Պաշտպանության նախարարությունում»,- ասաց Երրորդ նախագահը։
Նա շեշտեց, որ եթե հանցավոր միտում ունենար, ապա ամբողջը կվաճառեր։
«Ինչո՞ւ չեմ վաճառել, մեկն իրեն հարց տվե՞լ է։ Մեզ հատկացված հողամասերից, եթե չեմ սխալվում, այսօր էլ կան, բա եթե այդպես էր, ինչո՞ւ չէինք ամբողջը վաճառում։ Եթե շուկայական արժեքներն այդպիսին էին, որպես Դատախազություն՝ Դուք հազարավոր գործեր պետք է հարուցեիք այս ժամանակահատվածում այդ գնով վաճառված պետական հողամասերի մասով, որովհետև մենք վարվել ենք շատ պարզ՝ ով ցանկացել է, փորձել ենք մոտարկել շուկայական արժեքին։ Այդպես էլ վարվել ենք»,- հստակեցրեց Սերժ Սարգսյանը։
Ներկայացնելով վերջին փաստարկը՝ Սարգսյանը, դիմելով դատարանին՝ ասաց, որ եթե ուշադրություն դարձնեն, ապա սկզբնական փուլից սկսած՝ Դատախազությունն այդ ամբողջը փորձում էր վերագրել «Եռաբլուր»-ին, և դատախազի ելույթում էլ պատահական չէ, որ այնտեղից է սկսել՝ «Եռաբլուրի» հարակից տարածք։ Այնինչ, ըստ Սարգսյանի, այդ տարածքներն ունեն կոնկրետ հասցե՝ Իսակովի պողոտա։
«Մեզ հատկացվել է Իսակով պողոտայի հարակից տարածքները»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է երկրորդ դատախազի ասածին, ապա ՀՀ երրորդ նախագահի խոսքով, նա ֆանտաստիկ բաներ է ասում, ենթադրություններ։
«Ես երբեք ո՛չ Սիլվա Համբարձումյանին եմ տեսել , ո՛չ հետը զրուցել եմ, ո՛չ որևէ միջնորդի միջոցով կապ եմ հաստատել։ Եթե չեմ սխալվում, երբ ՆԳ նախարար էի, այն ժամանակ Քննչական վարչությունը ևս գտնվում էր ՆԳ նախարարության կազմում, այդ ժամանակ այդ Սիլվա Համբարձումյան կոչվածի հանդեպ, կարծեմ, քրեական գործ է եղել։ Ուրիշ որևէ առնչություն իր հետ չեմ ունեցել։
Կարծում եմ, որ 2007-2008 թվականներին Հայաստանի քաղաքական իրականությանը շատ թե քիչ ծանոթ մեկը, որ լսեր դատախազի ասածը ՝ իբր Վարդան Օսկանյանն ինձ հետ պայմանավորվել է, երևի թե ծիծաղից կարող է ուշաթափվեր։ Չէ՛ր կարող այդ ժամանակ այդպիսի հարաբերություններ լինել։ Ինչպե՞ս եք պատկերացնում՝ մեկը գալիս է Սիլվային ասում՝ ես Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն եմ, իր միլիոնները տվեք ինձ․․․ ավելի աբսուրդ բան կարելի՞ է մտածել»,- այսպես ավարտեց իր արձագանքը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
