Ինչո՞վ է առաջնորդվել Երևանը Արցախում բռնված սիրիացի վարձկաններին փոխանցելիս. Սպուտնիկ Արմենիա
ՀՀ արդարադատության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել է, թե ինչ հիմքով է Երևանը Դամասկոսին փոխանցել ցմահ դատապարտված վարձկաններին։
Հունվարի 14-ին Հայաստանի իշխանությունները Թուրքիայի միջոցով Սիրիային հանձնեցին ցմահ դատապարտված երկու սիրիացի քաղաքացիների՝ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհրաբ Մուհամմադ ալ-Շխերին՝ դա բացատրելով նրանց հետագա պատիժը հայրենիքում կրելով:
Դեռևս 2025 թվականի սեպտեմբերի վերջին մենք հարցում էինք ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն սիրիացի վարձկանների վերաբերյալ։ Ի թիվս այլ բաների, մենք հարցրել էինք՝ դիմե՞լ են արդյոք Ադրբեջանը կամ Սիրիան նրանց արտահանձնելու հարցով, ու արդյոք վարձկաններն իրենք են դիմել այս հարցով։
Հոկտեմբերի սկզբին նախարարությունից պատասխանել են, որ իրենց հանձնման դիմումներ չեն ներկայացվել և նրանք չեն հանձնվել այլ երկրի։
Գերատեսչությունում նաև հստակեցրել են, որ դատապարտյալները դատապարտվել են Հայաստանի դատարանի կողմից և հանձնման ենթակա չեն, քանի որ չեն հետախուզվում հանցագործության կատարման կամ դատավճռի կատարման համար, այլ ունեն դատապարտյալի կարգավիճակ («Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքով):
Սակայն 2026 թվականի հունվարի 14-ին արդարադատության նախարարությունը հայտնեց, որ Հայաստանը նրանց փոխանցել է Սիրիային։ Նախարարությունում նշեցին, որ փոխանցումն իրականացվել է համապատասխան լիազոր մարմինների միջև համագործակցության և իրավական մեխանիզմների շրջանակներում: Այս կապակցությամբ Sputnik Արմենիան նոր հարցում ուղարկեց։ Մենք հարցրինք, թե ինչ հիմքով են նրանց հանձնվել Սիրիային։
Այս անգամ նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման հարցը կարգավորվել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի 80-րդ հոդվածի համաձայն, ըստ որի՝ դատապարտյալի փոխանցումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության միջև փոխադարձության հիման վրա (միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում – խմբ․):
Պետք է նշել, որ իրավական տեսանկյունից հանձնումը և փոխանցումը տարբեր գործընթացներ են։ Արտահանձնման դեպքում ձերբակալված անձը հանձնվում է այլ պետության դատավարության կամ դատավճռի իրագործման համար։ Փոխանցումը նշանակում է արդեն դատապարտված անձին ուղարկել իր հայրենի երկիր՝ պատիժը կրելու համար։
Նշենք նաև, որ «Հետքի» նմանատիպ հարցմանը արդարադատության նախարարությունից պատասխանել են, որ Սիրիա բանտ տեղափոխվելու խնդրանքով դիմել են հենց վարձկանները: Իսկ արդարադատության նախարարությունը՝ ի դեմս նախարար Սրբուհի Գալյանի, բավարարել է միջնորդությունը։
Միաժամանակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրերս խորհրդարանում հայտարարել է, որ «փոխանցման գործընթացը շատ երկար է եղել, այն սկսվել է շատ վաղուց»: «Սիրիական կողմի հետ դժվարությամբ ենք իրականացրել այդ աշխատանքը։ Դա բարի կամքի դրսևորում էր, ինչպես ասել է վարչապետը, սիրիական պետության նկատմամբ», – ասել է Սիմոնյանը։
Այսպիսով, եթե համադրենք արդարադատության նախարարության պատասխանները հարցումներին, ինչպես նաև Սիմոնյանի հայտարարություններին, ապա հարցեր են առաջանում․ երբ է սկսվել փոխանցման «երկար գործընթացը», երբ են վարձկանները դիմել խնդրանքով, և արդյոք նրանց Սիրիա ուղարկելը «բարի կամքի դրսևորում» էր։
