Եթե դժգոհ եք, Պուտինի հետ հանդիպմանը հարցրեք՝ Սոլովյովի մոտեցումները կիսո՞ւմ եք․ Հայկ Խալաթյան
Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը հույս է հայտնել, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը կյանքի կկոչվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, շեշտելով, որ դա կարևոր է Միջին միջանցքի տեսանկյունից։ Նա նաև ընդգծել է, որ ներկայումս թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում և թե՛ Թուրքիայում քաղաքական ղեկավարության մակարդակով այս կամքը կա։
Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի դիտարկմամը՝ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը նշանակում է, որ Թուրքիայում և Ադրբեջանում այդ նախագիծը համարում են հենց «Զանգեզուրի միջանցք»-ի իրականացման մի փուլ։
«Եթե 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ այդ անխոչընդոտ ճանապարհն Ադրբեջանին տրվում էր Արցախում հայերի մնալու, Լաչինի միջանցքի դիմաց, և հայկական կողմն ավելի մեծ լիազորություններ էր ունենալու, ապա այս անգամ նույնիսկ այս պայմանավորվածություններում են մտցրել կետ՝ անխոչընդոտ անցում Մեղրիով, և անհասկանալի է, թե ինչի դիմաց։ Թեպետ հայտարարության մեջ նշվում է ինքնիշխանություն բառը, բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Միայն այն, որ Ալիևն ասել է, որ ադրբեջանցիներն անցնելիս պետք է հայ սահմանապահների հետ որևէ առնչություն չունենան, և այստեղ այդ կետն ամրագրվում է, և ադրբեջանցիներն առնչվելու են ոչ թե հայ սահմանապահների, այլ երրորդ ընկերության հետ, դա վկայում է, որ Ալիևը փաստացի հասել է իր ուզածին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։
Ֆիդանը նաև անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես նշելով, թե Հայաստանում սպասվող ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը հանրային կարծիքի առաջատար է, և, որ իրենք աջակցում են Փաշինյանի մոտեցմանը։ Հայաստանյան պրոիշխանական շրջանակները ոչ միայն չեն քննադատում Ֆիդանին՝ Հայաստանի ներքին քաղաքականությանը խառնվելու համար, այլևս այն թեզն են գեներացնում, թե լավ է, որ 80 միլիոնանոց երկրի իշխանություններն աջակցում են Հայաստանի իշխանություններին, բա հո չէի՞ն սպառնալու։
Հայկ Խալաթյանը նկատեց՝ եթե իշխանական շրջանակներն այդ տրամաբանությամբ են առաջնորդվում, ապա երկու օր առաջ էլ 90 միլիոնանոց երկրի՝ Իրանի դեսպանը հայտարարեց, որ իրենք Հայաստանը դիտարկում են արդեն որպես իրենց նկատմամբ գործողությունների կենտրոն։
«Հայաստանի իշխանություններին սա չի՞ մտահոգում։ Գիտե՞ք ինչ, մենք խոսել ենք, որ իմ կարծիքով՝ հենց հակառուսական տրամադրությունների հաստատումը Հայաստանում մի նպատակ ունի, որպեսզի հայ հասարակությանը պատրաստեն Թուրքիայի ազդեցության գոտի մտնելուն, որովհետև այլ կերպ չես կարող համոզել։ Փորձում էին ներկայացնել, թե Ռուսաստանը թշնամի է, և ինչո՞ւ ոչ, պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները վերանայել․․․ Երբ սթափ ես նայում, դա աբսուրդային է հնչում, բայց հասարակության մի մասի մոտ արձագանք ստանում է։

Դա շատ նման է Մոլդովայի վերջին օրերի սկանդալին, երբ այնտեղի նախագահը, որը նույնպես Փաշինյանի նման անընդհատ սիրում է խոսել ինքնիշխանությունից, հայտարարում է, որ կողմ կքվեարկի, որ մտնեն Ռումինիայի կազմի մեջ, որովհետև ըստ իրեն՝ փոքր երկիրը չի կարող միայնակ զարգանալ, և ամենակարևորը՝ Մոլդովան չի կարող միայնակ դիմակայել ՌԴ-ին։ Այստեղ հարց է առաջանում՝ եթե քո համար առաջնայինն ինքնիշխանությունն է, ի՞նչ է նշանակում՝ մտնել այլ երկրի կազմի մեջ։ Նույն աբսուրդային վիճակը Հայաստանում է․ հասարակությանը փորձում են համոզել, որ Ռուսաստանը լավը չէ, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի կողքին է, և այդ պատճառով մենք պետք է դառնանք Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության գոտու մաս»։
Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունների այս քաղաքականությունն արձագանք է ստանալու թե՛ Մոսկվայի, թե՛ Թեհրանի, և թե՛ Պեկինի կողմից․ «ԱՄՆ-ում չեն թաքցնում, որ իրականացվող նախագիծը միտված է նրան, որ Կենտրոնական Ասիայի երկրները կապեն Եվրոպայի հետ՝ Թուրքիայի միջոցով, շրջանցելով Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը։ Հայաստանը փաստացի մտել է մեծերի պայքարի մեջ՝ լուրջ օգուտներ չստանալով, միևույն ժամանակ՝ իր համար ստեղծելով սպառնալիքներ այն հույսով, որ երևի Թուրքիան կպաշտպանի»։
Հայկ Խալաթյանը դատապարտելի է համարում Սոլովյովի հայտարարությունները, բայց հարցադրում է անում, թե Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ Թուրքիայից և Ադրբեջանից եկող ավելի վտանգավոր հայտարարություններին չեն արձագանքում․ «Պետք է հասկանալ, որ Թրամփը բացել է պանդորայի արկղը՝ հայտարարելով, որ միջազգային իրավունք գոյություն չունի, և այլ երկրների մոտ էլ է գայթակղություն առաջանալու, որ այս կամ այն տարածաշրջանն իրենց շահերի գոտին է։ Ռուս հասարակության մեջ ուժեղանում են այն մոտեցումները, որ ինչպես ԱՄՆ-ն է փորձում, իրենք էլ ավելի կոշտ պետք է փորձեն գործել այնտեղ, որտեղ հետաքրքրություն ունեն, և հենց Սոլովյովը, որի հայտարարությունների գլխավոր նպատակը ներքին աուդիտորիան է, ասում է այն, ինչ նրանք ուզում են լսել։
Մենք տեսանք, թե ինչ արձագանք եղավ ոչ միայն Հայաստանում, այլև Կենտրոնական Ասիայում, որտեղից ևս դատապարտեցին, բայց ասացին, որ լրագրողի ասածը պետք է մեկնաբանվի լրագրողների մակարդակով, ոչ թե երկրի ղեկավարությունը պատասխանի լրագրողին, և իրենք պատրաստվում են այդ հարցը բարձրացնել իրենց գործընկերների հետ հանդիպումներում։ Բայց մենք տեսանք, որ երբ Փաշինյանին հարց տվեցին՝ կապված իբր ՌԴ կողմից Հայաստանի հանդեպ հիբրիդային պատերազմ վարելուն, ասացին՝ այդ հարցը բարձրացնո՞ւմ եք ռուսական կողմի հետ հանդիպումներում, նա հստակ պատասխան չտվեց։ Եթե դժգոհ եք, տարին մի քանի անգամ հանդիպում եք Վլադիմիր Պուտինի հետ, բարձրացրեք այդ հարցը, ասեք՝ ձեր լրագրողը, որը պետական ալիքում է աշխատում, նման բան է ասում, կիսո՞ւմ եք իր մոտեցումները, թե՞ ոչ։ Ռուսաստանում արդեն համարում են, որ Հայաստանը բացահայտ գործում է իրենց դեմ․ տեսնենք՝ դա ինչ հետևանքներ է բերելու»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
