Իշխանությունների աչքի առաջ (թողտվությամբ) թալանում են ժողովրդին
Ֆինանսական համակարգի ամենաթղթությունը Հայաստանում հասել է գագաթնակետին։ Իշխանությունների աչքի առաջ բանկերը բացահայտ թալանում են ժողովրդին, բայց ոչ մեկը չի ուզում բռնել նրանց ձեռքը՝ ո՛չ կառավարությունը, ո՛չ խորհրդարանը, և ո՛չ էլ Կենտրոնական բանկը։ Բոլորն էլ անտարբեր հետևում են, թե ինչպես են բանկերը սնանկացնում քաղաքացիներին ու դատարկում նրանց գրպանը։
Ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը «շան լափ էր լցնում» նախկինների գլխին, թե թույլ են տալիս բանկերին թալանել ժողովրդին։
Այսօր ոչ մի ընդդիմադիր «շան լափ չի լցնում» Նիկոլ Փաշինյանի գլխին, որ թույլ է տալիս բանկերին թալանել քաղաքացիներին։ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ «շան լափ չի լցնում» իր գլխին, որ բանկերին մտցրել է քաղաքացիների գրպանն ու թալանում է նրանց։ Նրան այլևս նման բաները քիչ են մտահոգում։ Ժողովրդի իրական խնդիրները թողած՝ խարդավանքներով է զբաղված, ընկել է եկեղեցու, հոգևորականների, քաղաքական ընդդիմախոսների հետևից։
Բանկային համակարգում արդեն տևական ժամանակ տեղի են ունենում երևույթներ, որոնք վաղուց դուրս են տրամաբանությունից։ Չնայած վերջին 2 տարիներին էապես նվազել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այլ կերպ՝ Կենտրոնական բանկից դուրս եկող փողի գինը, բայց դա ոչ մի կերպ չի ազդում վարկերի տոկոսադրույքների վրա։
Սկզբում թվում էր, թե դրա համար ժամանակ է պետք։ Ժամանակի ընթացքում բանկերը կգնան վարկերի տոկոսադրույքների նվազեցման՝ թեթևացնելով քաղաքացիների ու տնտեսության վրա վարկային բեռը։ Բայց ժամանակն անցնում է, իսկ տոկոսադրույքները ոչ միայն շարունակում են բարձր մնալ, այլև ավելի են բարձրանում։
Վերջին տվյալներով, բանկային համակարգում մինչև 1 տարի ժամկետով դրամային վարկերի միջին տոկոսադրույքն այս տարվա հոկտեմբերին կազմել է 13.91 տոկոս։ Մեկ տարի առաջ այդ վարկերի միջին տոկոսադրույքը 13.75 էր։ Երկու տարի առաջ՝ նույնիսկ ավելի ցածր։
2023թ. հոկտեմբերին մինչև 1 տարի ժամկետով դրամային վարկերի միջին տոկոսադրույքը 12.34 տոկոս էր՝ 1.57 տոկոսային կետով ցածր, քան այս տարի։
Ու սա՝ այն պարագայում, որ վերջին 2 տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կամ փողի գինն էապես նվազել է. 2023թ. հոկտեմբերին 9.75 տոկոս էր, այս տարվա հոկտեմբերին՝ 6.75 տոկոս։
Երկու տարում 3 տոկոսային կետով իջել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, բայց վարկերն էժանալու փոխարեն՝ նույնիսկ թանկացել են։
Թանկացել են, որովհետև մեծացել է բանկերի աշխորժակը։ Հիմա բանկերը շատ ավելի մեծ մարժայով են աշխատում, քան տարիներ առաջ։
Երկու տարի առաջ վերաֆինանսավորման տոկոսադրույքի ու վարկերի գնի տարբերությունը 2.59 տոկոսային կետ էր։ Այսօր արդեն հասել է 7.16-ի։ Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի ու տրամադրվող վարկերի միջև առկա այն գինն է, որի վրա աշխատում են բանկերը։
Մինչև 1 տարի ժամկետով դրամային վարկերի տոկոսադրույքն այսօր ավելի քան կրկնակի գերազանցում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այդպիսի բան դժվար է հիշել՝ նախկինում երբևէ եղե՞լ է, թե՞ ոչ։
Բանկերի աշխորժակն այնքան է բացվել, որ նման մանրուքներին նույնիսկ ուշադրություն չեն էլ դարձնում։ Բարձր պահելով վարկերի գինը՝ քաղաքացիների ու տնտեսության հաշվին հսկայական շահույթներ են ստանում։
Վերջին տարիներին, որ իշխանություններն այդքան հպարտանում են, թե հավաքվող հարկերն ավելացրել են, ավելացրել են նաև այս գումարների հաշվին։ Այդ գումարները ժողովրդի գրպանից են դուրս եկել։
Այսօր Հայաստանում գրեթե ընտանիք չկա, որ վարկային բեռի տակ չլինի։ Ընտանիքներ կան, որոնք մեկի փոխարեն՝ մի քանի վարկեր ունեն։ Երբեմն էլ նոր վարկեր են վերցնում, որպեսզի փակեն նախկինները։ Ու այսպես նրանց վարկային բեռը ձնագնդի նման գնալով ավելանում է՝ մշտական կախման մեջ դնելով բանկերից։
Իշխանությունները հնարավորինս ամեն բան արել ու անում են ժողովրդին վարկերի մեջ թաղելու համար։ Տարբեր ձևերով ու միջոցներով գայթակղել են ու դրել վարկերի տակ։ Հիմա արդեն անգամ մեծագույն ցանկության դեպքում նրանցից շատերն ի վիճակ չեն դուրս գալու այդ ծանր շրջափուլից ու ստիպված են լինելու տարիներ շարունակ աշխատել բանկերի, նրանց հարուստ սեփականատերերի համար։
Վերջին տվյալներով՝ բանկային համակարգի վարկային պորտֆելը, միայն Հայաստանի ռեզիդենտների մասով, հասել է 7.5 տրիլիոն դրամի։ Եթե վերածենք տարադրամի՝ կստացվի գրեթե 20 մլրդ դոլար։ Ճիշտ է, դա ամբողջությամբ քաղաքացիների վրա չէ, բայց մեծ մասը քաղաքացիների վարկային բեռն է. Շուրջ 20 միլիարդից գրեթե 10.8 մլրդ դոլարը։ Միայն 4.5 մլրդ դոլարի է հասել քաղաքացիների սպառողական վարկերի բեռը։ Սրանք հիմնականում մինչև 1 տարի ժամկետով դրամային վարկեր են, որոնց տոկոսադրույքները վերջին տարիներին զգալիորեն բարձրացել են՝ նվազելու փոխարեն։
Եվս 4.2 մլրդ դոլար կազմում է քաղաքացիների հիփոթեքային վարկերի պորտֆելը։ Ի տարբերություն սպառողականի, սրանք երկարաժամկետ վարկեր են, բայց դրանից շատ բան չի փոխվում քաղաքացիների համար։ Տարիներ շարունակ նրանք ստիպված են լինելու փակել այդ վարկերը։ Բացի դա էլ՝ դրանք ևս ոչ պակաս թանկ վարկեր են։
Քաղաքացիները հասցրել են ևս 2.1 մլրդ դոլարի սպառողական վարկեր կուտակել։ Նման վարկերի ներգրավումն ակտիվացել է հատկապես վերջին շրջանում՝ պայմանավորված հիփոթեքով վերցրած բնակարանների նորոգման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։ Ներքին հարդարումից զուրկ բնակարանները վերանորոգելու համար միջոցներ չունենալով, մարդիկ ստիպված կրկին վարկեր են վերցնում ու հայտնվում ավելի խորը վարկային ճահճի մեջ։
Որքան քաղաքացու վարկային բեռն ավելանում է, այնքան ավելանում են նաև բանկերի շահույթները։
Մի կողմից՝ փողն են թանկ գնով ծախում քաղաքացիների վրա, մյուս կողմից՝ քաղաքացիներից ավանդների տեսքով էժան փող են գնում։ Մինչև 1 տարի ժամկետով ավանդների տոկոսները վերջին 2 տարում իջեցրել են, իսկ վարկերը՝ թանկացրել։ Այստեղ էլ փող են աշխատում՝ էլի քաղաքացիների հաշվին։
Քաղաքացիների հաշվին բանկերը փող են աշխատում ոչ միայն վարկերի ու ավանդների, այլև բանկային ծառայությունների գները բարձր պահելու միջոցով։ Դրա համար էլ այդպիսի շահույթներ են ստանում։ Այս տարի բանկերի շահույթները կանցնեն 1 մլրդ դոլարից, որի մեծ մասը, տարբեր ծառայությունների ու վարկային տոկոսների սպասարկման միջոցով, դուրս է գալիս քաղաքացու գրպանից։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
