Փաշինյանի՝ «իրավունքի ուժով» ոչ իրավական պայքարն ընդդեմ բանակի և Մայր Աթոռի

Դեռ տարիներ առաջ մանրամասն և փաստերով ներկայացրել ենք, թե ինչպես է իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը միանգամից անցել Հայաստանում և Արցախում դավադիր ուժերի և օտարերկրյա գործակալների փնտրտուքի, որոնք իբր իրենց դեմ դավադրություններ էին նախապատրաստելու կամ իրականացնելու: Այս դեպքում օրակարգում հող հանձնելու թեման էր, որը խաղարկվել է նաև պատերազմի օրերին:

Արդեն պատերազմից տարիներ հետո՝ 2023 թվականի մարտին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն»:

«Ես հիմա մի բան եմ ասելու, որը շատ մեծ աղմուկ է առաջացնելու: Եվ դա իմ այս պահի գնահատականն է՝ հիմնված փաստերի վրա: Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն: Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում»,- 2023 թվականի մարտին հրավիրված ասուլիսին պնդել էր Փաշինյանը, որը հետո հաղթահարվել էր, երբ արդեն իր թիմակից Սուրեն Պապիկյանն էր պաշտպանության նախարարի պաշտոնում:

2024 թվականի հոկտեմբերին էլ պատերազմի ժամանակ ինքն իրեն գերագույն հրամանատարի լիազորություններ վերապահած այս անձն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ լրացրել էր իր վերը նշված «մեղադրանքը»:

Կարդացեք նաև

«44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է, և այդ սցենարը չի գրվել Հայաստանում, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ այդ սցենարի մեջ են եղել: Նրանք, ընդ որում, իմանալով են դրա մեջ եղել, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ: Հիմա քրեական գործեր կան, քննություններ կան, հույս ունեմ՝ իրենց տրամաբանական ավարտը կհասնի:

Ինձ պետք չէ որևէ քրեական գործի մասին նյութ, որպեսզի ես իմ հետևություններն անեմ, որովհետև ես այնքան ինֆորմացիա ունեմ այդ պատերազմի մասին, որ ամբողջ իրավապահ համակարգն իրար հետ վերցրած՝ դրա կեսի ինֆորմացիան էլ չունի»:

Իսկ այս տարի նոյեմբերին Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասել էր, թե ներառյալ 2022 թվականը զինված ուժերում ազդեցության գործակալներ են եղել, և առաջարկել 2018 թվականի դրությամբ ՌԴ ազդեցության գործակալ հանդիսացողների և չհանդիսացողների ցուցակ կազմել:

«2018-ին էլ, 2019-ին էլ, 2020-ին, 2021-ին, մինչև 2022-ը ներառյալ՝ մեր բանակի սոցիալ-հոգեբանությունը, մտածողությունը, եղել է ազդեցության գործակալի։ Մեր բանակում չի եղել ինքնիշխան կամքի կենտրոն: Ես չեմ ասում, որ բոլորը եղել են ազդեցության գործակալ, ես մթնոլորտի մասին եմ խոսում, ես տրամադրության մասին եմ խոսում, ընկալման մասին եմ խոսում: Եվ սա է ճշմարտությունը, և սրա հետ պետք է առերեսվենք»,- շարունակել էր նա:

Փաշինյական այս մեղադրանքները, մասնավորապես, բանակի ավագ և բարձրագույն սպայակազմին ուղղված, ըստ էության, «իրավական ուժ» չեն ստացել, թեպետ երկրի ղեկավարը պնդել է, թե իր ձեռքին «իրավարար ծրար» կա, որոնցում առկա շատ տեղեկություններ 44-օրյային առնչվող, չգիտես ինչու, չեն հայտնվել իրավապահ և քննչական մարմինների մոտ, ինչպես խոստովանել է անձամբ Փաշինյանը:

Ավելին, օրերս գրել ենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրավոր հարցադրումներին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նրա ղեկավարած կառույցը խուսափել է պատասխանել հետևյալ հարցերին՝ կա՞ պաշտոնական հստակ ձևակերպում և բանաձևում՝ ինչ ասել է «5-րդ շարասյուն» և «ազդեցության գործակալ», քանի՞ հոգի է ավագ և բարձրագույն սպայակազմից ազատվել իբր «5-րդ շարասյունից» կամ «ազդեցության գործակալ» և այլն:

Պաշտպանական գերատեսչությունը գտել է, որ այս հարցադրումները «չեն առնչվում ՀՀ պաշտպանության նախարարության գործառույթներին»:

Հիմա նույն «տրյուկները» Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, անում է Մայր Աթոռի պարագայում: 

Հոկտեմբերին 168.am-ը «Ալիևը հուշել է Փաշինյանին՝ ինչ հիմնավորմամբ Մայր Աթոռը «մաքրել» անցանկալիներից, ինչպես ժամանակին ՀՀ զինված ուժերը» վերտառությամբ հոդված էր հրապարակել:

Եվ այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ Վեհափառն իբր օտարերկրյա գործակալ է, կամ՝ նրա եղբայրը ԿԳԲ գործակալ է: Հարցին, թե ինչո՞ւ դրան չեն հետևել քննչական գործողություններ, նա պատասխանել է.

«Փաստաթղթեր են հրապարակվել, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ գործակալ է եղել՝ Խորհրդային Միության ժամանակ։ Այդ սկանդալն ինչու չի պայթում, պարզել եք՝ ճիշտ է, թե ճիշտ չի: Հայտարարություններ են եղել հրապարակային հոգևոր ծառայողների կողմից Գերմանիայում տեղի ունեցած միջադեպերի մասին: Հետաքրքրվել եմ՝ մեր ծառայություններն էլ այդ տեղեկությունն ունեն։ ԿԳԲ գործակալ լինելու համար հնարավոր չէ վարույթ նախաձեռնել, որովհետև նրանք եղել են ԽՍՀՄ քաղաքացի։

Հիմա արդյո՞ք օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցություն կա։ Ամեն ինչ չէ, որ քրեական վարույթների ռեժիմով է աշխատում, կա օպերատիվ աշխատանք, կա հակահետախուզական աշխատանք, հետախուզական, բոլոր անհրաժեշտ միջոցառումներն արվում են: Ձեզ համար նորությո՞ւն է, որ Կաթողիկոսը ղեկավարվում է դրսից: Չե՞ք տեսել փաստեր, ուշադիր լրատվությանը հետևեք, կտեսնեք այդ փաստերը: Քրեական գո՞րծ է ձեզ պետք դա տեսնելու համար, ամեն ի՞նչ է, որ քրեական գործով է լինում: Իրավապահ պրոցեսն ունի բազմաթիվ նրբություններ, այդտեղ միջպետական հարաբերությունների հազար հարց կա»:

Այսինքն, Փաշինյանը բանակին, եկեղեցուն մեղադրում է հատկապես ռուսական ազդեցության գործակալ լինելու մեջ, բայց նպատակահարմար չի գտնում իրավական գործողություննե՞րը, ու նաև իբր չի ցանկանում միջպետական հարաբերություններ փչացնել, թերևս, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի հետ: Եվ ոչինչ, որ անվտանգային հարթությունում դրանք շատ են վնասվել և դեռ չեն վերականգնվել:

Իսկ սրա տակ ստորագրել են նաև Կաթողիկոսի դեմ դուրս եկած եպիսկոպոսները, բայց Փաշինյանն այսօր Եկեղեցու և Վեհափառի դեմ պայքարի հիմնական պատասխանատվությունն արդեն գցել է նրանց «գրպանը», ինքն իբրև ընդամենն աջակից է նրանց առաջ քաշած օրակարգին և գործողություններին, չի ուղղորդում: Իսկ արդյունքում, Աստված չանի, եթե տիրադավների և Փաշինյանի օրակարգը հաղթեց, ունենալու են «իրավունքի ուժով» դրված վերադաս, իսկ իրականում ոչ մի բարենորոգում էլ չի լինելու, կամ՝ համակարգ է քանդվելու, որը հետո դժվար է լինելու խելքի բերել, ինչպես բանակի դեպքում:

Ի դեպ, ադրբեջանական կողմի համար «հոգևոր» այս մարտում Փաշինյանի հաղթելը կարևոր է նաև առաջիկա ընտրություններում հաջողություն գրանցելու և «ռևանշիստական ուժերին զինաթափելու» համատեքստում:

Բաքուն ողջունում է նաև Փաշինյանի տակտիկան՝ հենց հոգևորականների միջոցով եկեղեցական հանրույթում տարաձայնություններ առաջացնելը:

Հետաքրքիր է, որ Փաշինյանը «5-րդ շարասյուն» և «ազդեցության գործակալներ» ման է գալիս և «գտնում» միայն ֆիզիկական և հոգևոր անվտանգության ապահովմանը կոչված երկրի կարևոր երկու ինստիտուտներում՝ բանակ և եկեղեցի, իսկ ինչո՞ւ լրտեսներ կամ գործակալներ հետևողական չի փնտրում Արտաքին գործերի նախարարությունում, կամ, ասենք, մեկ այլ ուժային կառույցում:

Տեսանյութեր

Լրահոս