ԱՅԴ ԽԱՌՆԱԿԻՉ ՁԵՌՔԸ ՊԵՏՔ Է ԿՏՐԵԼ. ՉՊԵ՛ՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱԼ, ՈՐ ՄԵԾ ԳԱՅԼԵՐԸ ՄԵՐ ՌԵԳԻՈՆՈՒՄ ԻՐԱՐ ՀՈՇՈՏԵՆ. ՀՐԱՆՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Ընտրություններ լինելու են։ ՔՊ-ի վարկանիշը նվազում է, բայց ընտրությունները հետաձգելն իրենց շահերից չի բխում, և հավանաբար 2026թ․ հունիսին ընտրությունները տեղի կունենան։
- Որքան ժամանակը գնում է, այնքան միջամտությունը Հայաստանի ընտրություններին մեծանում է, բայց ոչ թե Ռուսաստանի, այլ Եվրամիության կողմից։ Բրյուսելից արդեն հայտարարում են, որ այս ընտրություններն աշխարհաքաղաքական նշանակություն ունեն, ու չի կարելի թույլ տալ, որ Հայաստանում իրավիճակ փոխվի։ Այսինքն՝ անցանկալի են բոլոր այն ուժերը, որոնք կարող են խանգարել Միջանցքի իրագործմանը։ Հենց այս տրամաբանության մեջ են հիբրիդային հարձակումները Հայաստանի դեմ։ Սրանք տիպիկ արտաքին միջամտության արտահայտություններ են։ Արտաքին միջամտության վառ օրինակ է Մոլդովայի օրինակը։ Հիբրիդային վտանգներ կան, բայց կրկնում եմ, ոչ թե Ռուսաստանի, այլ ԵՄ-ի կողմից։
- Հայաստանում իրականում պայքարը լինելու է ինքնիշխանամետ և թուրքամետ ուժերի միջև։ Մենք արդեն կորցրել ենք Արցախը, դրանից ավել բան կորցնելու չկա։ Մենք պետք է դուրս գանք մեզ առաջարկված սցենարից։
- Եթե Մեղրիի միջանցքում տեղակայվեն ամերիկյան զինված ուժեր, պարզ է, որ դրանք անմիջապես հետախուզություն են իրականացնելու Իրանի հյուսիսի նկատմամբ՝ հետագա հարձակմանը պատրաստվելու համար։ Մյուս կողմից՝ պետք է նկատի ունենալ, որ Իրանի նախագահ Փեզեշքիանի և հոգևոր առաջնորդի՝ Խամենեիի մոտեցումները տարբեր են Միջանցքի վերաբերյալ։ Տարածաշրջանային տրամաբանությունից ելնելով՝ Իրանի դիրքորոշումը պետք է լինի կարմիր գիծ, և Իրանի դիրքորոշումը շատ կարևոր է։ Իրանն իր հյուսիսային սահմանին ունի 150 000 զորք, և այդ գործոնը զգալիորեն կայունացնում է Հայաստանի հարավը։
- Արևմուտքը չի ուզենա վերացնել Հայաստանը, բայց պատրաստ չէ խանգարել դրան։ Արևմուտքը, իհարկե, ուզում է, որ այս իշխանությունը 2026թ․ հաղթի։

- Ռուսաստանը քանի որ արդեն որպես պարտվող է դուրս եկել տարածաշրջանային զարգացումներից, ավելի սկեպտիկ է այս իշխանությունների նկատմամբ։ Եթե ուկրաինական պատերազմից հաղթող դուրս գա, ավելի ակտիվ կլինի այս տարածաշրջանում։
- Որքան մեծ գայլեր գան ու մեր տարածաշրջանում իրար հոշոտեն, այնքան դա մեզ ձեռնտու չէ։ Պետք է ամեն ինչ անել դա բացառելու համար։ Այն ձեռքը, որը մտնում է մեր քաղաքականության մեջ, պետք է կտրել։
- Այլևս այս տարածաշրջանը չի լինելու ամբողջությամբ ռուսամետ կամ արևմտամետ։ Թափ են հավաքում Հնդկաստանն ու Իրանը, արաբական, աֆրիկյան երկրները, և իրենց անտեսել այս տարածաշրջանում՝ կլինի մեծագույն սխալ։ Այս կենտրոնների հետ հնարավորինս լավ հարաբերություններ պետք է ունենալ, և առհսարակ բոլոր երկրների հետ պետք է ունենալ ավելի լավ հարաբերություններ, քան նրանք ունեն Ադրբեջանի հետ։ Իսկ բոլոր գիտակից մարդիկ հասկանում են՝ Ադրբեջանի հետ խաղաղություն գոնե հիմա չի լինելու։
- Ռամիլ Սաֆարովին կոչում տալը մեսիջ էր ադրբեջանական ժողովրդին՝ սպանեք հայերին և առաջ կգնաք։ Բացի դրանից, պատրաստում է մեծ համաներում։
- Ադրբեջանի պահանջներից մեկը համաներումն է, իսկ այդ համաներումը պետք է տա Հայաստանը՝ միջազգային դատական ատյաններից հայցերի հետկանչի տեսքով։ Իսկ եթե դա տեղի ունենա, մենք կզրկվենք մեր վերջին բանակցային հաղթաթղթից։ Հայցերի հետկանչն է խաղաղության պայմանագրի ստորագրման պահանջներից մեկը։
- Մենք այլընտրանք ունենք, և դա մեր անվտանգային ճարտարապետության ընդլայնումն է, դրանում նոր խաղացողների ներգրավումը։

- Եթե դու մանկապարտեզից երեխաների մեջ հայատյացություն ես սերմանում, նա մեծանում է այն գիտակցությամբ, որ 20 տարի հետո ինքը գնալու է և սպանի հայերին։ Հետևաբար՝ ո՛չ հիմա, ո՛չ 20 տարի հետո Ադրբեջանի հետ խաղաղություն չի լինելու։ Սրա հեղինակն Ալիևն է, և եթե նա մնում է իշխանության, ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք գնալ։
- Ամենաազնիվ հոգևորականներին բանտարկում է, ամենաստոր կեղծավորներին հավաքում իր շուրջը․ պարզ է, չէ՞, եկեղեցու դեմ արշավն ի՞նչ նպատակով է արվում, որքան էլ որ մարդկանց ասեն, որ դա եկեղեցու դեմ չէ, այլ Գարեգին Բ կաթողիկոսի։
- Մենք պետք է ատենք ոչ թե Եվրոպան, այլ այն քաղաքականությունը, որ հիմա Եվրոպան վարում է մեր նկատմամբ։ Մեր ընդդիմությունը, նախկին իշխանությունը սովորություն չունի իր վերաբերյալ տարածվող կեղծիքներին չարձագանքել, մինչդեռ պետք է արձագանքել հայտարարություններով, զրպարտության վերաբերյալ հայցերով և այլն։ Ընդդիմությունը մեդիա հարձակումները հիմնականում բաց է թողնում, և սա մեծ խնդիր է։ Բացի դրանից, ընդդիմությունը պետք է սեփական օրակարգերը ձևավորի, ոչ թե արձագանքի Նիկոլ Փաշինյանի ասածներին։
- Եթե դու ուզում ես, որ ինչ-որ մեկը քեզ աջակցի, դու նրան պետք է չանտեսես։ Հենց այդպես է վարվում Նիկոլ Փաշինյանը։ Արտաքին գործոնը ևս անտեսել չի կարելի, պետք է չեզոքացվի արտաքին միջամտության գործոնը։ Ընդդիմությունը պետք է ներգրավվի այս գործընթացում։
- Նիկոլի օրակարգը հայանպաստ օրակարգ չէ, ով ուզում է կանգնած լինի TRIPP-ի ուղու վրա։ Ամերիկայի քաղաքական վերնախավն անպայման ուզում է իրագործել այս Միջանցքը։ Ղարաբաղյան պատերազմը հենց այս Միջանցքի համար է եղել։ Հայաստանի ներսից էլ սիգնալ կա՝ ուզում եք Միջանցքը, աջակցեք ինձ՝ վերընտրվեմ։
- Կարս-Գյումրի երկաթգիծը շատ քիչ հավանական է, որ բացվի։ Թուրքիան հիմա ուզում է բացել Կարս-Նախիջևան երկաթգիծը, իսկ եթե Մեղրիի միջանցքը բացվի, կմիացվի դրան, ու Հայաստանը կընկնի շրջափակման մեջ։

- Թրամփի էգոյի վրա խաղալը շատերի համար դարձավ գործիք։ Արման Թաթոյանը ենթադրում է, որ Թրամփին հաճոյանալը կարող է օգուտ բերել։ Իմ կարծիքով՝ նրա ամենամեծ սխալն այն է, որ ինքը մտածում է, որ կարելի է այս կերպ արդյունքի հասնել։ Ի դեպ, Ռուսաստանն էլ էր խաղում Թրամփի էգոյի վրա։ Մեր պարագայում դա չի աշխատի։ Ռուսաստանին ու եվրոպական որոշ երկրների պետք է, որ Թրամփն իրենց չխանգարի, բայց շահագրգռել Թրամփին, որ ինքը գա ու մեր հարցերը լուծի, չի ստացվելու, որովհետև նա չի ուզում դա անել։
- Ցավոք սրտի, հայկական քաղաքական դաշտն ԱՄՆ հանրապետականների հետ չի աշխատել, աշխատել է դեմոկրատների հետ, որոովհետև հայերն ապրում են դեմոկրատների ազդեցության նահանգներում։ Ադրբեջանը, հակառակը, աշխատել է։
- Պետք է հայկական կողմից նախաձեռնողականությունն ԱՄՆ-ի հետ աշխատելիս ակտիվ լինի, բայց մենք շատ ենք ուշացել։ Պետք է աշխատել, բայց նկատի ունենալ, որ Ամերիկան զգալիորեն փողի ու բիզնեսի մասին է։ Դժվար է լինելու համոզել Թրամփին աջակցել Հայ Առաքելական եկեղեցուն, որովհետև նա բողոքականներին է աջակցում, մի քիչ էլ կարող է կաթոլիկներին աջակցել փոխնախագահ Վենսի պատճառով։ Բայց մյուս կողմից՝ մենք տեսանք, որ Հռոմի պապը Ստամբուլում աղոթեց Գարեգին կաթողիկոսի համար։ Եղանակներ կան, պետք է նախաձեռնողական լինել։
- Գաղափարախոսությունից խուսափելու քաղաքականությունն ընդդիմությանը չի ներվելու։ Պետք է այդ հարցն ընդդիմությունն իր ձեռքը վերցնի։ Պետք է սահմանի այն սկզբունքները, որի շուրջ հնարավոր է համախմբվել։
- Եկե՛ք ինքներս մեզ չխաբենք։ Թրամփի ուղին նույն Զանգեզուրի միջանցքն է, Հայաստանի տարածքի օտարում՝ ամերիկյան ենթակայության ներքո։ Օրերից մի օր Ամերիկան կգնա այս տարածաշրջանից, ու թուրքերն այդ տարածքը կխժռեն։
- Իշխանափոխությունը կարևորագույն գործիք է ինչ-որ փուլում ինչ-որ ծրագիր իրականացնելու համար, բայց չի կարող լինել նպատակ։ Բայց հետո ի՞նչ պետք է արվի, դա է կարևորը։
- Իշխանությունը կուտ է տալու․Ղազախստանից անասնակերը մտել է Ռուսաստան, ապա՝ Ադրբեջան, հետո՝ Վրաստան, ու եկել Հայաստան։ Ի՞նչն է այստեղ ոգևորիչ, եթե առանց այդ էլ մեր բեռները Վրաստանով են գալիս, ինչո՞ւ էր պետք այն մտցնել, թշնամական երկրով բերել։ Սա պետք է բացատրվի ժողովրդին։
- Հայաստանի ԱԱԾ դե ֆակտո ղեկավարը գնաց Բաքու, գերիների հարց չբարձրացրեց։ Հիմա միգուցե ընտրություններից առաջ Ալիևն ազատի որոշ քանակի գերիների, բայց այստեղ մեկ այլ հարց կա․ որքան ոչ քաղաքական գերիներ ազատ արձակվեն, այնքան քաղաքական գերիները կգտնվեն ավելի աննախանձելի վիճակում։ Պետք է ողջունել յուրաքանչյուր գերու գալը, բայց պետք է բոլորը միասին գան։
- Արման Թաթոյանի հայտարարությունը նախկին նախագահների՝ ընտրությանը չմասնակցելու մասին վերլուծական է, բայց ոչ քաղաքական։ Այն իրեն օգուտ չտվեց, բայց վնասեց։ Կա քաղաքական գործընթաց, որի մեջ նախկին-ներկա բաժանումը չի աշխատելու։ Ընդդիմությունը պետք է թարգի իրար միս ուտել ու հայտարարի այդ մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
