Ինչո՞ւ պետք է սպառողը վճարի 8 տարվա ձախողումների համար. «ջրային մաֆիա՞», թե՞ անկարողունակ կառավարում

2018թ. երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց կառավարության ղեկավարումը, ասում էր՝ ոռոգման համակարգի ոլորտում տիրում է «վակխանալիա», և այսօրվանից պետք է զբաղվենք, որ նույն կոտրած տաշտակի առաջ չկանգնենք։

Ութ տարի հետո խոստովանում է, որ ջրային համակարգը շարունակում է կանգնած մնալ կոտրած տաշտակի առաջ, չկա գեթ մեկ բնակավայր, որը ոռոգման ջրի հետ կապված էական և շոշափելի խնդիրներ չունի, վարելահողերի ու այգիների գրեթե կեսը շարունակում են մնալ առանց ջրի։ Այնպես է ասում՝ կարծես դրա մեղավորն էլ են նախկիններն, ու 8 տարի ինքը չի ղեկավարել կառավարությունը, իսկ իր նշանակած մարդիկ՝ ջրային համակարգը։

Համակարգի կառավարումն իրենք ձախողել են, ձախողման պատասխանատվությունը փորձում են դնել սպառողի վրա։ Ոռոգման համակարգում այսօր էլ ջրի կորուստներն ահռելի չափերի են հասնում։ Կորուստները կրճատելու, ջրամատակարարման ինքնարժեքը նվազեցնելու, կառավարման որակը բարելավելու փոխարեն, Նիկոլ Փաշինյանը որոշել է սակագները բարձրացնել։ Սկսել է հիմքեր ստեղծել դրա համար։

Ժամանակին, երբ նա որակումներ էր տալիս ջրային համակարգին, նրա իշխանությունը դեռ ամիսների պատմություն ուներ, ուստի՝ կարող էր իրեն թույլ տալ վիճակի ամբողջ պատասխանատվությունը դնել նախկինների վրա։ Ինքնամոռաց խոսում էր ստվերային այգիների, չհաշվառված ջրօգտագործման, չվճարող խոշոր տնտեսությունների, հսկայական կորուստների, «ջրային մաֆիայի» մասին, որին սպառնում էր արագ «կապիտուլյացիայի ենթարկել»։

Կարդացեք նաև

Ութ տարի անց նույն Նիկոլ Փաշինյանը, ով այդքան տարի անընդմեջ ղեկավարել է կառավարությունը, ինքն է նշանակել ոլորտի պատասխանատուներին, հայտարարում է, որ ջրային համակարգը ծանր վիճակում է, լրջագույն խնդիրներ կան, ուստի՝ պետք է ձևավորել ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ։

Հարց է առաջանում, իսկ ի՞նչ է արել այսքան տարի իշխանությունը, որ նոր պիտի ճանապարհային քարտեզ մշակի՝ ջրային համակարգն այս վիճակից հանելու համար։

Ութ տարին բավական երկար ժամանակ էր՝ ոչ միայն համակարգի խնդիրներն ուսումնասիրելու, կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, այլև շատ խնդիրներ լուծելու համար։ Եթե 2018թ. «վակխանալիայի», ջրի կորուստների, գողությունների, ստվերային այգիների համար կարելի էր մեղադրել նախկիններին, 2019թ. կարելի էր արդարանալ ժառանգություն ստացած համակարգի վատ վիճակով, 2020թ. կարելի էր ասել, որ բարեփոխումները ժամանակ են պահանջում, 2026թ. այլևս անհնարին է նույն թեզերով խաբել հասարակությանը։ Պետք է պատասխան տալ համակարգի կառավարումը ձախողելու համար։

Իսկ ո՞վ է մինչև հիմա պատասխան տվել. Ջրային կոմիտեի ղեկավարնե՞րը, պատասխանատու նախարարնե՞րը, փոխնախարարնե՞րը, թե՞ ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարները։ Նրանք բոլորը գործել են կառավարության ենթակայության տակ։ Ու եթե համակարգը շարունակում է մնալ ծանր վիճակում, թող ցույց տան գոնե մեկ պաշտոնյայի, ով պատասխանատվություն է կրել ձախողումների համար։ Թե՞ այս դեպքում էլ պատասխանատու կա, մեղավոր չկա։

Զավեշտն այն է, որ այս մարդիկ տարիներով պետությունից՝ պարգևավճարներ, վերջերս էլ՝ ֆինանսական ահռելի խրախուսումներ են ստանում՝ կատարած աշխատանքի համար։ Այն աշխատանքի համար, որը ձախողել են։

Ոռոգման համակարգի արդյունավետությունը գնահատելուց առաջ  կարևոր է մի պարզ հարցի պատասխանել՝ ջրի կորուստները նվազե՞լ են, թե՞ ոչ և եթե նվազել են, ինչքա՞ն։

Պաշտոնապես հրապարակված թվերը փաստում են, որ գրեթե չեն նվազել։

Կառավարության 2025թ. գործունեության վերաբերյալ պաշտոնական հաշվետվության մեջ արձանագրված է, որ 2017թ. մատակարարված ոռոգման ջրի կորուստները կազմել են 45.2 տոկոս։ 2025թ. դարձել են 44.5 տոկոս։

«Տպավորիչ» արդյունք է, այդպես չէ՞։

Ութ տարվա ընթացքում ոռոգման համակարգում կորուստները կարողացել են նվազեցնել ընդամենը 0.7 տոկոսային կետով, միջին տարեկան 0.1 տոկոսային կետից պակաս։

Ավելին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով, 2024թ. համակարգում ոռոգման ջրի կորուստները կազմել էին շուրջ 200.3 միլիոն խորանարդ մետր։ Նախորդ տարվա համեմատ այն գրեթե չէր փոխվել։

Ու դեռ այսքանից հետո, այս մարդիկ իրենց թույլ էին տալիս խոսել նախկինների ժամանակ առկա «վախկանալիայի», «ջրային մաֆիայի», ահռելի կորուստների մասին։ Ո՞ւր մնացին «ստվերային այգիները», ո՞ւր մնաց «ջրային մաֆիան»։ Այդ ամենը մի՞ֆ էր, թե՞ այսօր էլ շարունակում են մնալ «ստվերային այգիներն» ու «ջրային մաֆիան» և ծառայել օրվա իշխանություններին։

Ջրային այս հսկայական կորուստների ֆոնին Նիկոլ Փաշինյանն «օբյեկտիվ սակագների» մասին է խոսում։ Նախ մտածեք կորուստների ճանապարհը փակելու, նոր «օբյեկտիվ սակագներ» հաստատելու մասին։ Ի՞նչ օբյեկտիվ սակագնի մասին կարող է խոսք լինել մի համակարգում, որտեղ ջրի գրեթե կեսը հայտնի ու անհայտ պատճառներով կորում է։ Կորում է ոչ ամենևին միայն համակարգի մաշվածության հետևանքով ու տեխնիկական կորուստների պատճառով։ Կորում է գողությունների, ստվերի, Նիկոլ Փաշինյանի ասած՝ «ստվերային այգիների», «ջրային մաֆիայի» գոյության ու այլ պատճառներով։

Ինչո՞ւ սպառողը պետք է ավելի «օբյեկտիվ» սակագնով վճարի մի համակարգի մատուցած ծառայությունների համար, որի արդյունավետությունն 8 տարվա ընթացքում գրեթե ոչնչով չեն կարողացել բարելավել ու դրա հետևանքով համակարգը ֆինանսական ահռելի կորուստներ է կրում։ Եթե համակարգում ջրի գրեթե կեսը շարունակում է անհետանալ, ինչո՞ւ պետք է այդպիսի անարդյունավետ կառավարման ֆինանսական բեռը կրի սպառողը։

Այս իրավիճակը ոչ թե սակագնի, այլ վատ կառավարման հետևանք է։ Ուստի՝ պետք է կառավարիչներին փոխել, կառավարման խնդիրները լուծել և ոչ թե, ինչպես միշտ, մտածել սակագները բարձրացնելու մասին։ Բայց ինչ սպասել մի իշխանությունից, որը սովոր է ամեն ինչում ուրիշներին մեղադրել՝ չտեսնելու տալով սեփական ձախողումները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930