Բաժիններ՝

Ի՞նչ ակնկալել մարտից. Սուրենյանը` Սև ծովից եկող ակտիվ ցիկլոնի և «ուշացող» գարնան մասին

Մարտի 7–ին և 8–ին Հայաստանը գտնվելու է Սև ծովից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի հետևանքով շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով` մարտին կանխատեսվել էր, որ օդի ջերմաստիճանը ամսական կլիմայական նորմայից ցածր կլինի 1– 2 աստիճանով։

«Ներկա պահին օդի ջերմաստիճանը բավականին ցածր է։ Մենք փետրվարին ունեինք ավելի բարձր ջերմային ֆոն, քան հիմա։ Ներթափանցած ցիկլոնի արդյունքում մարտի 7–ից 8–ը շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյուն կտեղա, հովտային գոտիներում տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով»,–ասել է Սուրենյանը։

Ըստ կանխատեսումների` ցիկլոնն իր հետ կբերի արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում մարտի 7ից 8–ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 2–ից 5 աստիճանով։ Մարտի 9–ին տեղումներն աստիճանաբար կդադարեն և աստիճանաբար կդիտվի եղանակի պարզեցում։

«Եղանակի պարզեցման արդյունքում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4–ից 6 աստիճանով, բայց ցերեկային ժամերին արեգակի առկայության պայմանավորված կունենանք ջերմաստիճանի որոշակի բարձրացում` մոտ 2–ից 4 աստիճան»,–ասել է նա։

Սուրենյանի խոսքով` մարտի 10–ից 13–ն ընկած ժամանակահատվածում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակը։ Սակայն առաջիկա տասը օրերին հանրապետությունում օդի ջերմաստիճանի առանձնապես բարձրացում պետք չէ ակնկալել։

Հարցին, թե կարելի՞ է գոնե ակնկալել, որ մարտի 2-րդ կեսին գարնան շունչը կզգազվի, Սուրենյանը նշել է, որ ըստ կանխատեսումների` այս պահին հորիզոնում տաք օդային հոսանքների բուռն ներթափանցում չի երևում։ Այս պահին, իհարկե, հնարավոր չէ հստակ ասել` ջերմաստիճանը լուրջ կբարձրանա, թե ոչ, սակայն ըստ կանխատեսումների` մարտի երկրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի լուրջ բարձրացում չի դիտվի։

Սուրենյանը հիշեցրել է, որ նախորդ տարի այս օրերին ջերմաստիճանը շատ ավելի բարձր է եղել, իսկ տեղումները` քիչ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս