«Այս պահին նժարի ծանր կողմն Իրանինն է. Ադրբեջանում ամեն օր քնում ու արթնանում են «Հարավային Ադրբեջան» անուրջով». Դավիթ Ջամալյան

Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իսրայելի և Իրանի միջև պատերազմական գործողությունները շարունակվում են արդեն 8 օր։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանում արդեն զոհվել է առնվազն 1,332 խաղաղ բնակիչ, ներառյալ՝ կանայք և երեխաներ, կան հազարավոր վիրավորներ։

Ռազմական գործողությունների ֆոնին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը վրեժ կլուծեն ռազմական գործողությունների ընթացքում զոհված յուրաքանչյուր իրանցու համար։

«Իրանի «քաջարի և հզոր զինված ուժերը» վրեժ կլուծեն սպանված յուրաքանչյուր երեխայի, մոր կամ հոր համար»,- ասել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Կարդացեք նաև

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ հաշվի առնելով այն, թե հարևան Իրանում ինչ է տեղի ունենում, ինչպես նաև այն հանգամանքը, որ օրերս հարված եղավ Նախիջևանի ուղղությամբ, շատ հնարավոր է, որ ՀՀ սահմաններին ևս վտանգ սպառնա։

«Ի՞նչ եղավ Նախիջևանում. շատ խորհրդանշական հարված հասցվեց Նախիջևանի օդանավակայանին՝ աննշան նյութական վնասով, որին անմիջապես հաջորդեց Ադրբեջանի առաջին հայացքից անտեղի թվացող կոշտ արձագանքը։

Հիմա հարց՝ արդյո՞ք հարևան Իրանին ձեռնտու է իր դեմ որևէ լրացուցիչ պետության ագրեսիա տրամադրել, բնականաբար՝ ոչ։ Իսկ ո՞ւմ է ձեռնտու, որպեսզի Իրանի դեմ նոր պետություն մտնի պատերազմի մեջ՝ Միացյալ Նահանգներին և Իսրայելին։ Այն սխեման, որն ի սկբանե իրենք որդեգրել էին՝ ձախողվեց, քանի որ Իրանը կայուն է։

Այս պահին հստակ կարող ենք արձանագրել՝ նժարի ծանր կողմն անկասկած Իրանինն է, քանի որ Իրանի կողմից այն հարվածները, որոնք հասցվում են Իսրայելին ու Միացյալ Նահանգների ռազմական բազաներին, արդեն իսկ բեկել են ագրեսիայի ընթացքը՝ ի շահ Իրանի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ջամալյանը։

Ըստ ռազմական փորձագետի, Իրանի դեմ հարձակվողներին այս իրավիճակում անհրաժեշտ կլինի, այսպես ասած, «թնդանոթի միս»՝ այլընտրանքային լուծումներ։ Ըստ այդմ, առաջին լուծումը կարող են լինել Իրաքում քրդերն ու բուն Իրանում, որը, սակայն, այդքան էլ իրատեսական չէ, քանի որ Իրանը կանխարգելիչ հարվածներ է հասցնում Հյուսիսային Իրաքում գտնվող այն հատվածի քրդերին, որոնք պատրաստվում էին Իրանի դեմ ներխուժման։

Բացի այդ, ինչպես նշեց Դավիթ Ջամալյանը՝ քրդերի շրջանում կան նաև պրոիրանական տրամադրություններ ունեցողներ և մի կառույց, որն արդեն հանդես է եկել ի պաշտպանություն Իրանի։ Հաջորդ սցենարով, ըստ նրա՝ Իրանի դեմ հարձակվողները ցանկանում են այդ ամենի մեջ ներքաշել Ադրբեջանին, և, ի տարբերություն քրդերի, Ադրբեջանում իրավիճակն այլ է։

«Ադրբեջանում ամեն օր քնում ու արթնանում են «Հարավային Ադրբեջան» անուրջով, Իրանի հյուսիսում գտնվող տարածքներն են երազում և Նախիջևանում տեղի ունեցող միջադեպից մեկ օր առաջ լուրեր շրջանառվեցին, որ ադրբեջանական բանակը բերվում է մարտական վիճակի։

Այսինքն՝ Ալիևը պատրաստվում է, և հարցերի հարցը հետևյալն է, թե երբ կհարվածի, որովհետև Իրանը կայուն է։ Ադրբեջանի համար սա լավ առիթ է իր երազանքը կատարելու համար, դրա համար մի «լեգիտիմ» առիթ էր փնտրում։ Առհասարակ Ադրբեջանը կարծես թե չի լսում Իրանից եկող պաշտոնական հերքումները, որ Նախիջևանին հարվածելու հետ որևէ կապ չունեն»,- հավելեց Դավիթ Ջամալյանը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Ադրբեջանը վստահաբար տեղյակ է եղել, որ իր դաշնակից Իսրայելը պետք է խորհրդանշական հարված հասցնի Նախիջևանին։ Իրանի կայուն մնալու դեպքում Ադրբեջանը որևէ բան չի անելու, իսկ եթե նրա դիրքերը սասանվեն, Ադրբեջանը զինված է՝ կհարվածի։

«Հարվածելու դեպքում, բնականաբար, մենք ևս պետք է մտածենք մեր անելիքների մասին»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը։

Տեսանյութեր

Լրահոս