Ո՞վ է հարվածել Նախիջևանին. իրանական հարձակո՞ւմ, թե՞ ադրբեջանական սադրանք. վերլուծում է իրանագետը
Ադրբեջանի երեկվա բուռն արձագանքից այն տպավորությունն էր, որ սպասում էին առիթի՝ Իրանի դեմ գրոհելու համար։ Հարցն այն է, թե եթե սա ադրբեջանական սադրանք էր, այլ ոչ թե Իրանի կողմից իրականացված հարձակում, ապա կոնկրետ ի՞նչ նպատակով էր Ալիևին պետք այս առիթը։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց իրանագետ Ժաննա Վարդանյանը՝ խոսելով երեկվա միջադեպի՝ մարտի 5-ին անօդաչուներով Նախիջևանի տարածքին հասցված հարվածների մասին։
Ո՞վ է կանգնած Նախիջևանի տարածքին անօդաչուներով հասցված հարվածների հետևում, կամ ո՞վ էր կազմակերպել այդ հարձակումը՝ Իրա՞նը, Իսրայե՞լը, թե՞ Ադրբեջանն ինքն էր կազմակերպել այդ սադրանքը՝ Իրանի դեմ պատերազմի առիթ՝ «կազուս բելի» ստեղծելու նպատակով, և ընդհանրապես, արդյոք դա դիտավորությամբ իրականացված հարձակո՞ւմ էր, սխալմունք կամ պատահականությո՞ւն, թե՞ կազմակերպված սադրանք։
Իրանի դեմ ռազմական գործողությունների համատեքստում խոսելով թեմայի շուրջ՝ իրանագետն ընդգծում է, որ այս պահի դրությամբ հստակ պատասխան չկա, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, սակայն առնվազն ունենք տեսանելի երկու վարկած։
Իրանագետի մեկնաբանությամբ՝ վարկածներից մեկի համաձայն՝ իրանական կողմն է նախաձեռնել այդ հարձակումը, իսկ մյուս վարկածով՝ դա եղել է սադրանք։

«Առաջինի դեպքում, եթե իսկապես Իրանն է այդ գործողությունը ձեռնարկել, մենք կարող ենք ունենալ հետևյալ բացատրությունները. Իրանն ունեցել է մտավախություն, որ այդ տարածքից կարող են իր դեմ ինչ-որ գործողություններ ձեռնարկվել, և այս առումով մեզ համար գաղտնիք չէ, որ իրանցիները մեծ անվստահություն ունեն ադրբեջանցիների հանդեպ՝ որպես Իրանի դեմ հարթակ ծառայելու համատեքստում, և այդ անվստահությունը եղել է տարիներ շարունակ։ Այս առումով, եթե իրանցիներն են իրականացրել այդ գործողությունը, դա տարբերակներից մեկն է՝ դիտարկել են որպես իրենց դեմ գործողությունների հնարավոր թիրախ, ընդ որում՝ այս մասին են խոսում նաև իրանցի պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ իրենք հարևան երկրները չեն թիրախավորում, այլ թիրախավորում են այն բազաները կամ օբյեկտները, որտեղից կարող են գործողություններ իրականացվել Իրանի դեմ։ Ըստ էության, սա կարող է դիտարկվել՝ որպես անուղղակի հաստատում։ Նաև արաբական երկրների դեպքում են այդ հռետորաբանությունը կիրառում»,- մեկնաբանեց իրանագետը։
Ժաննա Վարդանյանի խոսքով՝ նշված վարկածի հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Իրանը փորձում է ընդլայնել արդեն 7-րդ օրը շարունակվող իրանա-իսրայելա-ամերիկյան պատերազմի աշխարհագրությունը՝ իր դեմ պատերազմի գինը բարձրացնելու, պատերազմին ներքաշված երկրների միջոցով Միացյալ Նահանգների ու Իսրայելի նկատմամբ ճնշում գործադրելու և այդպիսով պատերազմը դադարեցնելու նպատակով։ Սա նախիջևանյան առեղծվածի իրանական վարկածն է։
Ըստ իրանագետի՝ մյուս տարբերակն իսրայելական սադրանքի վարկածն է կամ սցենարը։ Իրանագետի խոսքով՝ երկրորդ վարկածը ևս տրամաբանական է թվում՝ հաշվի առնելով միջադեպին հաջորդած արձագանքները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի հոխորտալից ելույթն Անվտանգության խորհրդի նիստում։
«Իրանական կողմի պաշտոնական տեսակետը հենց դա է. և՛ զինված ուժերի գլխավոր շտաբը, և՛ արտգործնախարարը հայտարարել են, որ սա իսրայելական սադրանք է՝ հարևանների հետ հարաբերությունները խաթարելու նպատակով, և այս համատեքստում ևս մի քանի հետաքրքիր հանգամանք կա մեզ համար, մասնավորապես՝ թուրքական կողմի արձագանքը։ Տեղի են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաների հեռախոսազրույցներ, և թուրքական կողմն այդ հեռախոսազրույցների ընթացքում չի մատնանշել իրանական գործոնը. թուրք պաշտոնյաները խոսել են Նախիջևանի դեմ իրականացված հարձակման մասին, բայց չեն նշել՝ Իրանի կողմից, և թուրք փորձագետների շրջանում էլ տեսնում ենք գնահատականներ, որ իրենք ևս չեն բացառում իսրայելական սադրանքի տարբերակը»,- նշում է իրանագետը։
Ժաննա Վարդանյանի խոսքով՝ ուշադրության արժանի մյուս հանգամանքն ադրբեջանական կողմի արձագանքն էր՝ անմիջապես մեծ աղմուկ բարձրացնելը և այդ միջադեպն «ահաբեկչական գործողություն» որակելը, ինչպես նաև՝ ադրբեջանական կողմը սկսել է հապճեպ աշխատել միջազգային արձագանքի ուղղությամբ, ինչը ևս, իրանագետի կարծիքով, հարցեր է առաջացնում։
«Իսրայելի դեպքում մեզ համար պարզ է, թե որն է Իսրայելի նպատակը։ Եթե սա իսկապես Իսրայելի ձեռնարկած գործողությունն է, պարզ է, որ նպատակն Իրանի դեմ նոր ճակատ բացելն է և այլ երկրների այդ ճակատում ներգրավելը կամ առնվազն այդ երկրների հնարավորություններից օգտվելը։ Ադրբեջանի դեպքում դեռ պարզ չէ, թե Ադրբեջանն այստեղ կոնկրետ ի՞նչ նպատակներ ունի, և այստեղ նաև մեկ այլ հարց է, թե այդ «ճակատ» կոչվածն ի՞նչ տեսքով է լինելու՝ Իրանում պանթյուրքական տարրերի ակտիվացմա՚՞ն, թե՞ այլ տեսքով, հետևաբար՝ այստեղ հարցերը դեռ շատ-շատ են, և գուցե Ադրբեջանի և Իսրայելի առաջիկա գործողությունների տրամաբանությունն ավելի շատ հուշումներ տա մեզ՝ հասկանալու համար, թե իրականում ո՞ր տարբերակն է աշխատել տվյալ դեպքում»,- նկատում է իրանագետը։
Ժաննա Վարդանյանը համամիտ է մեր այն հարցադրմանը, թե Ալիևի երեկվա ռազմատենչ ելույթից այն տպավորությունն էր, որ նա, կարծես, մեկ շաբաթ սպասում էր նման մի միջադեպի, որ սկսեր սուր ճոճել և հոխորտալ Իրանի վրա։
«Ես հենց դա նկատի ունեի՝ ադրբեջանական արձագանքի մասին խոսելիս, որ տպավորություն էր, որ իրենք սպասում էին առիթի։ Այստեղ հարցն այն է, թե ի՞նչ նպատակով է պետք Ադրբեջանին այդ առիթը, ինչի՞ համար են ցանկանում հիմքեր ստեղծել կամ այդ առիթն օգտագործել, որովհետև ադրբեջանական կողմի արձագանքն իսկապես շատ բուռն էր, և եթե մինչև երեկ Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությունն ավելի հավասարակշռված էր թվում, ապա երեկվա միջադեպից հետո այն անմիջապես փոխվեց Իրանի դեմ այս գրոհներով, նաև աստիճանական ինչ-որ քարոզչական նյութեր սկսեցին միանգամից դաշտ նետել, հետևաբար՝ սա հատուկ ուշադրության է արժանանում, ու պետք է հետևել՝ հասկանալու համար, թե ուր է տանում նրանց այս գործողությունների տրամաբանությունը, ինչի՞ համար էր պետք նրանց այս առիթը»,- հավելեց իրանագետը։
Ժաննա Վարդանյանի խոսքով՝ հնարավոր չէ ասել՝ որքան կտևի և ինչով կավարտվի փետրվարի 28-ին Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան կոալիցիայի սանձազերծած պատերազմը, քանի որ իրադարձությունները չափազանց արագ են զարգանում և շատ դեպքերում՝ խիստ անկանխատեսելիորեն։

Իրանագետի կարծիքով՝ պատերազմի ելքը կախված է նրանից, թե Միացյալ Նահանգներն, ի վերջո, ինչ վերջնանպատակ կսահմանի՝ կապված Իրանում վարչակարգի փոփոխության հարցի հետ, ինչպես նաև կախված է այն հանգամանքից, թե որքան Իրանը կշարունակի դիմակայությունը, և դրանից ելնելով՝ ինչպես կփոխվեն Նահանգների և Իսրայելի պլանները։
Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան պաշտոնական Բաքուն հայտարարեց Իրանից անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) Նախիջևանի տարածքին, այդ թվում՝ Նախիջևան քաղաքի օդանավակայանին հասցված հարվածների մասին։ Նշվում էր, որ Իրանի տարածքից արձակված 4 անօդաչու է ընկել Նախիջևանի տարածք։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ԱԹՍ-ներից մեկն ընկել է օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մյուսը՝ Շեքարաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։ Ադրբեջանն անօդաչուներով հարվածների համար մեղադրեց Իրանին։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ ադրբեջանական կողմը սպասում է Նախիջևանի վրա անօդաչուներով հարձակման փաստի ճանաչում Իրանի զինված ուժերի կողմից և ակնկալում է, որ իրանական կողմը ներողություն կխնդրի կատարվածի համար։
Պաշտոնական Թեհրանը հերքել է այն լուրերը, որ Նախիջևանին հասցված հարվածների հետևում Թեհրանն է եղել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նույն օրը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ հերքելով Իրանի կողմից որևէ սպառազինության արձակումը Նախիջևանի ուղղությամբ։ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը կհետաքննեն տեղի ունեցած միջադեպը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն օրը՝ մարտի 5-ին, Նախիջևանի վրա հարձակման կապակցությամբ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում ԱԹՍ-ներով հարվածն անվանել է «նողկալի ահաբեկչություն» ադրբեջանական պետության դեմ։ Բաքվի բռնապետը հոխորտացել է պատերազմական հռետորությամբ՝ կոչ անելով Իրանին «չփորձել Ադրբեջանի ուժը»։
«Ինչպես որ վերջ տվեցինք հայկական օկուպացիային, այնպես էլ պատրաստ ենք ցուցադրել մեր ուժը ցանկացած չարամիտ ուժի դեմ, և թող Իրանում չմոռանան այդ մասին»,- սպառնացել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանը բազմիցս տեղեկացրել է իրանական կողմին, որ Ադրբեջանի տարածքը չի օգտագործվելու որևէ հարևան պետության դեմ։ Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը, պետական սահմանապահ ուժերը և մնացած ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության վիճակի։ Մարտի 6-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդեց, որ զորահավաքային միջոցառումների շրջանակում ադրբեջանական զորամասերը դուրս են բերվել մարտական դիրքեր։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



