ԵԱՀԿ ԽՎ բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Վրաստան
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանականների բարձրաստիճան պատվիրակությունը, ԽՎ նախագահ Պերե Ժոան Պոնս Սամպիետրոյի գլխավորությամբ, մարտի 8-10-ը կլինի Վրաստանում։ Այս մասին նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պատվիրակության կազմում են լինելու նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասան, Քաղաքական հարցերի և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Եվրոսիմա Պեյովիչը, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Քրիստին Բլոուերը և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան։
ԵԱՀԿ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ այցը հնարավորություն կտա ԵԱՀԿ ԽՎ անդամներին կարծիքներ փոխանակել վերջին քաղաքական զարգացումների և ժողովրդավարության, անվտանգության և տարածաշրջանային կայունության հետ կապված հարցերի շուրջ։
Եվրոպացի խորհրդարանականները կհանդիպեն նաև քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների լայն շրջանակի հետ՝ քննարկելու ԵԱՀԿ ԽՎ-ի՝ Վրաստանի հետ շարունակական համագործակցությունը։



