Լավ լսեք Ալիևի խոսքերը․․․ դրա գինը վճարելու է ՀՀ քաղաքացին․ Սևակ Հակոբյան

«Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն այն կարծիքին է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը, Իսրայելի վարչապետից բացի, ոչ ոքի համար դրական արդյունք չի կարող ունենալ։

«Խոշոր բառերի հետևում կան Նեթանյահուի անձնական հարցերը․ նա վարչապետ է, որն ունի իր ներքին խնդիրները։ Երբ երկիրը պատերազմի մեջ է՝ կառավարության փոփոխություն կամ ընտրություններ չեն կատարվում, և վարչապետը մնում է։ Ինքը գիտի՝ այն օրը, որ վարչապետ չլինի, տարբեր հարցերով հայտնվելու է դատարանում, հետևաբար, պետք է մինչև իր կյանքի վերջին օրը վարչապետ մնա։ Այսինքն՝ այս պատերազմը, և ոչ միայն, կարող է շարունակվել, քանի դեռ Նեթանյահուն ունի վարչապետ մնալու անձնական հարց, ինչը որոշակիորեն մեզ է նմանվում, կարելի է զուգահեռներ տանել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանքով իսլամական աշխարհում հնչած ջիհադի կոչերին կարող են լինել հետևողներ և լուրջ գլխացավանք պատճառեն աշխարհին։

Ադրբեջանի նախագահ Ալիևն Իրանին պատասխանելիս հերթական անգամ նշել է, որ «ջարդել են հայերի գլուխը», և, որ Իրանը չպետք է մոռանա ադրբեջանական «Երկաթե բռունցքի» մասին։

Կարդացեք նաև

Սևակ Հակոբյանը նկատեց՝ Հայաստանի իշխանությունները թող լավ լսեն Ալիևի խոսքերը և հասկանան, որ նման կողմի հետ հնարավոր չէ խաղաղություն ակնկալել։

«Իրանը Հայաստանի անմիջական հարևանն է։ Ես չգիտեմ, գուցե մեր հայրենակիցների մի մասի ենթագիտակցության մեջ ՀՀ աշխարհագրական դիրքը հստակ չէ՞, գուցե մտածում են՝ Հայաստանը գտնվում է Բրյուսելի հարևանությա՞մբ։ Սիրիայում, երբ խնդիրները թեժացան, հանկարծակի կերպով Լիբանանում հայտնվեց 2 մլն սիրիացի գաղթական, որոնք «անմեղ գաղթականներ» չէին, այնտեղ ամեն տեսակի մարդ կար։ Հիմա, եթե հանկարծ քաղաքացիական լուրջ վտանգ սպառնա Իրանի ժողովրդին, նրանց միակ ելքը լինելու է ՀՀ փախչելը։ ՀՀ այսօրվա իշխանությունը, որ զբաղված է պերաշկի և կուկուրուզ ուտելով կամ այնպիսի նամակ է գրում իր ժողովրդին, որ ամեն ինչ լավ է, ի՞նչ կարող է անել, եթե, օրինակ՝ 200 հազար փախստական հայտնվի ՀՀ-ում։ Մարդիկ ուրախանալու են, որ կարող են իրենց տները թանկ գնով վարձով տա՞լ, բայց այդպիսի իրավիճակ չի լինելու, այդ տեսակի «փախստականական ներխուժման» պարագայում լուրջ ծրագրեր պետք է իրականացվեն»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է TRIPP-ի շուրջ հնարավոր զարգացումներին, նա նշեց, որ այն որևէ պահի կարող է հայտնվել ԱՄՆ-ի դեմ պայքարող որևէ երկրի թիրախում․ «Այն անապահովությունը, որ պետք է ստեղծի այդ թիրախավորումը, ի վերջո, լինելու է ՀՀ տարածքում, և դրա գինը վճարելու է ՀՀ քաղաքացին»։

Նրա տպավորությամբ՝ գործող իշխանությունների նախընտրական քարոզչությունն «աթոռին կառչած մնալու վերջին փորձերի» է նման․ «Բայց նրանց հաջողությունը կամ ձախողումը պայմանավորված է նաև ընդդիմության գործելակերպով։ Ես կուզեի, որ ընդդիմությունը մեկ ճակատով ներկայանար, որպեսզի ընտրատուփերին մոտեցներ այն 50 տոկոսին, որոնք ընտրություններին չեն մասնակցում»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս