Ջոն Այբները Կապիտոլիումի շենքից Թրամփին կոչ է արել հալածանքներից պաշտպանել Հայ Առաքելական եկեղեցին․ քննարկում՝ ԱՄՆ Կապիտոլիումի շենքում
«Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) իրավապաշտպան կազմակերպությունը դիմում է Թրամփի վարչակազմին՝ խնդրելով ցուցաբերել վճռականություն և հաստատակամություն՝ պաշտպանելու Հայ Առաքելական եկեղեցին հալածանքներից»,- հայտարարել է Christian Solidarity International (CSI) կազմակերպության նախագահ Ջոն Այբներն ամերիկյան Կապիտոլիումի շենքում։
CSI-ի տարածած հաղորդագրության համաձայն, հինգշաբթի օրը Վաշինգտոնի Կապիտոլիումի շենքում կայացած մարդաշատ քննարկման ժամանակ CSI-ի նախագահ, դոկտոր Ջոն Այբները հայտարարել է, որ պետության հարկադրական լիազորությունների կիրառումը՝ եկեղեցիների և այլ կրոնական համայնքների ներքին գործերին միջամտելու նպատակով, «զզվելի է» ամերիկյան կրոնական ազատության ավանդույթների տեսանկյունից։ Ուստի Այբները կոչ է արել Թրամփի վարչակազմին վճռականություն ցուցաբերել՝ պաշտպանելով Հայ Առաքելական եկեղեցին հալածանքներից։
CSI-ի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ քննարկումը տեղի է ունեցել Վաշինգտոնում գտնվող պետական Rayburn House Office Building-ում, իսկ ելույթներով հանդես են եկել Ջոն Այբները, MEMRI կազմակերպության ներկայացուցիչ, դեսպան Ալբերտո Ֆերնանդեսը և կրոնի կամ հավատքի ազատության հարցերով ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Յան Ֆիգելը։
Հաղորդագրութունում նշվում է, որ 2025 թվականի մայիսից ի վեր Նիկոլ Փաշինյանը պահանջում է հեռացնել Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Վերջին ինն ամիսների ընթացքում, ըստ Այբների, «ավելի քան մեկ տասնյակ ազդեցիկ հոգևորականներ կալանավորվել են, գտնվել տնային կալանքի տակ կամ մեղադրվել են բազմաթիվ չհիմնավորված հոդվածներով, ներառյալ՝ ահաբեկչություն, պետական հեղաշրջման նախապատրաստում, արդարադատությանը խոչընդոտում և թմրամիջոցների տեղադրում»։ Այբների խոսքով՝ Հայ եկեղեցու նկատմամբ հալածանքները մաս են կազմում ավելի լայն նախագծի, որի նպատակն է թուլացնել Հայաստանի քրիստոնեական ինքնությունը և երկիրը ենթարկել իր հզոր մահմեդական հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությանը։ Վերջինս, նրա պնդմամբ, Հայաստանը ներկայացնում է՝ որպես «Արևմտյան Ադրբեջան»։
Եթե այս գործընթացը չկասեցվի, Այբների կարծիքով, «ոչ միայն հնարավոր է, այլև շատ հավանական, որ մեկ սերնդի ընթացքում հայ քրիստոնյաները Հայաստանում կդառնան փոքրամասնություն՝ առանց քաղաքական ազդեցության, հիմնականում ապրելով Երևանի փոքրացող հայկական թաղամասում, ինչպես այսօր կարելի է տեսնել Հալեպում կամ Երուսաղեմում»։ Այբները նաև տեղեկացրել է, որ փետրվարի սկզբին իրեն հաջողվել է այցելել Երևանի բանտում գտնվող արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին։ Նա նշել է, որ կարողացել է բանտարկված արքեպիսկոպոսի նամակը փոխանցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ Վենսի փետրվարյան այցից առաջ։
Սակայն, ըստ Այբների, Վենսն իր այցի ընթացքում հրապարակավ աջակցել է Փաշինյանի վերընտրության քարոզարշավին, և դրանից օրեր անց ՀՀ իշխանությունները քրեական մեղադրանքներ են առաջադրել նաև Կաթողիկոսի դեմ։
Այբներն ընդգծել է․ «Գիտակցաբար թե անգիտակցաբար, Վենսի այցը փաստացի կանաչ լույս է վառել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանքների շարունակության համար»։
Դեսպան Ֆերնանդեսը Հայաստանի կառավարության քայլերը Հայ Առաքելական եկեղեցու դեմ համեմատել է Վիետնամի պատերազմի ժամանակ ԱՄՆ հրամանատարի հայտնի արտահայտության հետ․ «Պետք էր ոչնչացնել գյուղը՝ այն փրկելու համար»։
Ֆերնանդեսը, որը երկար տարիներ ծառայել է ԱՄՆ դիվանագիտական կորպուսում և ներկայումս զբաղեցնում է Մերձավոր Արևելքի Մեդիա Հետազոտությունների Ինստիտուտի (MEMRI) փոխնախագահի պաշտոնը, նշել է, որ Փաշինյանի՝ եկեղեցին վերահսկելու փորձերը հիշեցնում են այն, թե ինչպես են ավտորիտար ռեժիմները Ռուսաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում վարվում կրոնական հաստատությունների հետ։ Ֆերնանդեսի խոսքով, թեև Փաշինյանը ձգտում է իր կառավարությունը ներկայացնել որպես արևմտամետ, ցանկանում է լինել լիբերալ Արևմուտքի մաս, բայց միաժամանակ ընդօրինակել Էրդողանի կամ Ասադի վարչակարգերի կրոնական քաղաքականությունը։
«Պետությունները, որոնք օգտագործում են կառավարության հարկադրական ուժը որևէ անկախ կազմակերպություն իրենց կամքին ենթարկելու համար, անխուսափելիորեն նույն ուժը կիրառում են նաև այլոց դեմ։ Ես չեմ ճանաչում որևէ ռեժիմ, որը հալածում է կրոնական կառույցներ և միաժամանակ բաց է քննադատության նկատմամբ։ Կրոնական ազատությունն ու խոսքի և խղճի ազատությունը միասին են գնում»,- հստակեցրել է Ֆերնանդեսը։
Յան Ֆիգելն էլ լսարանին հիշեցրել է, որ իր կյանքի «կեսն ապրել է կոմունիզմի պայմաններում»։
«Այն, ինչ այսօր տեսնում ենք Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու դեմ, նույնն է, ինչ տեսել ենք Չեխոսլովակիայում՝ կոմունիստական ճնշումների ժամանակ ազատ մարդկանց և ազատ եկեղեցիների նկատմամբ»,- նշել է նա՝ զուգահեռներ անցկացնելով կիրառվող մեթոդների միջև։ Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանն աշխարհի ամենահին քրիստոնյա պետությունն է։
«Հայ Առաքելական եկեղեցու դերը վճռորոշ է եղել այս ազգի գոյատևման համար։ Եթե նրանք կորցնեն այն, կկորցնեն ամեն ինչ»,- նշել է Ֆիգելը։
Այնուամենայնիվ, նա հիշեցրել է, որ կոմունիստական Չեխոսլովակիայում «հաղթանակ էին արձանագրել հավատավոր առաջնորդներն և հավատավոր եկեղեցին»։ «Եկեղեցին, քրիստոնեությունն ու հավատը ներկայացնում էին ռեժիմի դեմ ամենավճռական ընդդիմությունը»,- ասել է Ֆիգելը, հավելելով, թե դա ժամանակ է պահանջում, բայց վերջում հաղթանակը նրանցն է լինում։



