Հասավ ընդերքին. ԱՄՆ-ի հետ մեր նոր երկրաբանական քարտեզն ենք ձևավորելու. ԵԱՏՄ-ից դուրս չենք գալու. Նիկոլ Փաշինյան
«Հանքարդյունաբերության ոլորտը վերջին 10 տարիների ընթացքում էականորեն փոխվել է, ինչպես գիտեք, արհեստական բանականության զարգացման համատեքստում էական նշանակություն են ձեռք բերել հազվադեպ միներալները»,- այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Մարկո Ռուբիոյի Հայաստան կատարած այցի և հանքարդունաբերության ոլորտում ԱՄՆ-ի հետ ստորագրած փաստաթղթի մասին։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, կա մեկ շատ կարևոր ծրագիր, որը պետք է իրականացնեն Միացյալ Նահանգների հետ, խոսքը վերաբերում է Հայաստանի ընդերքի ուսումնասիրությանը ժամանակակից տեխնոլոգիաներով և ժամանակակից տնտեսության պահանջներին համապատասխան։
«Կան միներալներ, որոնք 40-50 տարի առաջ որևէ հետաքրքրություն չեն առաջացրել, բացի գիտականից, իսկ այսօր նրանք էական նշանակություն ունեն տնտեսության, արտադրության և արդյունաբերության, արհեստական բանականության, տեխնոլոգիական ապրանքների արտադրության մեջ։ Եթե նկատել եք, հուշագրում խոսվում է Հայաստանի երկրաբանական ծառայությունների կարողությունների զարգացման մասին, որովհետև հիմա միշտ չէ, որ ընդերքը հորատումով են հետազոտում։
Արդեն տիեզերական տեխնոլոգիաներ կան, որ երկրի սքանավորմամբ, նաև որոշակի տեղեր են տեղորոշում։ Նկատի ունեմ, որ, ըստ էության, Միացյալ Նահանգների հետ մենք աշխատելու ենք Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ։ Եթե նույնիսկ նախկինում տվյալներ կան, դրանք չեն հետազոտվել, որովհետև որոշ նյութեր, հանքանյութեր, որոշ միներալներ 50 տարի առաջ արտադրական հետաքրքրություններ չեն ներկայացրել»,- նշեց Նիկոլ Փաշինյան։
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների հետ Հայաստանի ունեցած հարաբերություններին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բոլորն էլ տեսնում են, թե հրապարակավ ինչ է տեղի ունենում։
«Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ այսուհետև մենք երբեք որևէ հարցում առանց այլընտրանքի չենք ունենալու՝ չի լինելու որևէ հարց, որ Հայաստանի Հանրապետությունը չունենա այլընտրանք։ Կարծում եմ՝ այսօրվա զորահանդեսը դրա վառ ապացույցն էր, որովհետև ինչպես առիթ ունեցա ասելու՝ 7 տարբեր երկրների արտադրություն էր ցուցադրված։ Սա նշանակում է, որ մենք դիվերսիֆիկացնում ենք մեր բոլոր հարաբերությունները։ Էլ չեմ ասում էներգետիկ ոլորտում՝ Կառավարությունում մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ Հայաստանն անկախ էներգետիկ ոլորտ ունենալու հնարավորություն ունի։
Արևային այն ռեսուրսը, որն ունի Հայաստանը, մեզ անսահմանափակ հնարավորություն է տալիս։ ԵՄ-ի հետ առաջիկա մեր համագործակցության կարևոր ուղղություններից մեկը վերաբերելու է վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցությանը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Շարունակելով՝ նա ասաց, որ միջուկային էներգետիկայի ոլորտում ակտիվ բանակցությունների մեջ են բոլոր գործընկերների հետ և սպասում են լավագույն առաջարկին, կամ ընտրում լավագույն առաջարկը։
«Եթե լավագույն առաջարկը լինի ՌԴ գործընկերներից, նրանց հետ կկառուցենք մոդուլյար ատոմակայան, եթե ԱՄՆ-ից լինի՝ ապա նրանց հետ, եթե Չինաստանից ու Ֆրանսիայից՝ նրանց հետ։
Մեր ռազմավարությունը հետևյալն է, որևէ հարց չպետք է ունենանք, որտեղ մենք այլընտրանքներ չունենանք, հետևաբար՝ մենք այս ճանապարհով գնալու ենք։ Քչերից կախված անկախությունը փոխարինել՝ շատերից կախվածությամբ, եթե այդ կախվածությունը քչերից է, ապա ինչ-որ պահի միշտ էլ կարող է չաշխատել կամ օգտագործվել ՀՀ-ի դեմ, միաժամանակ՝ մինչև վերջին կետը զարգացնել ԵԱՏՄ-ում՝ օգտագործելով մեր լծակներն այնտեղ ՀՀ շահերը պաշտպանելու համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ ԵԱՏՄ-ից չեն պատրաստվում դուրս գալ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26-ին 1 ժամով այցելել էր Հայաստան, որի ընթացքում հայկական կողմի հետ ստորագրել էր մի քանի փաստաթուղթ, դրանցից մեկը վերաբերում է ՀՀ ընդերքին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



