Ամունդի-Ակբա. Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների ազդեցությունը ֆինանսական շուկաների վրա
Ամունդի ներդրումային ինստիտուտի փորձագետները «ԱՄՆ-ի և Իսրայելի Իրանին հասցրած հարվածների հետևանքները» խորագրով վերլուծություն են հրապարակել, որում ներկայացրել են Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ ռազմական գործողության, Մերձավոր Արևելքում դրան հաջորդած լարվածության ազդեցությունները մակրոտնտեսական և ներդրումային միջավայրի վրա, ինչպես նաև այս պայմաններում ներդրումային շուկաների հեռանկարները և նոր հնարավորությունները։
«Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ ռազմական գործողության մեկնարկը՝ թիրախավորելով հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, գործող իշխանությունը և ռազմական ենթակառուցվածքները, վերափոխել է տարածաշրջանային ռիսկերի քարտեզը և անմիջապես արտացոլվել համաշխարհային տնտեսության ու ֆինանսական շուկաների վրա։ Տարածաշրջանում լարվածության նոր փուլը մեծացրել է Պարսից ծոցի երկրների (ԱՄԷ, Քուվեյթ, Բահրեյն, Սաուդյան Արաբիա) շուրջ ռիսկերը՝ բարձրացնելով աշխարհաքաղաքական անորոշությունն ու շուկաների զգայունությունը։
Սրացման գլխավոր մակրոտնտեսական առանցքում նավթի շուկան է։ Նավթի գները աճում և արձագանքում են տարածաշրջանային զարգացումներին՝ կրկնելով 2025թ.-ի հունիսյան հարվածների ժամանակ դիտված շարժը»,-նշում են փորձագետները։
Երկարատև «նավթային ցնցումը» գործում է որպես ստագֆլյացիոն իմպուլս՝ միաժամանակ բարձրացնելով գնաճային սպասումները, խստացնելով ֆինանսական պայմանները և դանդաղեցնելով համաշխարհային տնտեսական աճը։ Առավել զգայուն խմբում են Ասիայի և Եվրոպայի մաքուր նավթ ներմուծող տնտեսությունները, որոնց համար էներգակիրների գնի աճը մեծացնում է ինչպես արտաքին հաշվեկշռի, այնպես էլ գնաճի ռիսկերը։
«Էսկալացիայի ազդեցությունը խորանում է մատակարարումների հնարավոր խափանման միջոցով։ Հորմուզի նեղուցը, որն ապահովում է համաշխարհային նավթային փոխադրումների շուրջ 20%-ը, օդային հարվածների հետևանքով կանգ է առել՝ շուկաներում բարձրացնելով մատակարարման արժեքները։ Միաժամանակ, Իրանի նավթի վաճառքը՝ հատկապես դեպի Չինաստան ուղղված հոսքերը, կարող են սահմանափակվել կամ դադարել։ Այս պայմաններում OPEC+-ի պլանավորված թողարկման ավելացումը և տարածաշրջանից խողովակաշարային մատակարարումները չեն ապահովում բավարար փոխհատուցում՝ ավելացնելով գների տատանումների հավանականությունը։
Ներդրումային միջավայրում խաչաձև ակտիվների տեսանկյունից՝ ոսկին ամրապնդվում է որպես կառուցվածքային դիվերսիֆիկացնող ակտիվ, իսկ ավելի ընդհանուր՝ հումքերը և հումքային արժույթները առավելություն են ստանում։
Այս ֆոնին ԱՄՆ ակտիվները, հավանաբար, կմնան համեմատաբար գրավիչ։ Զարգացող շուկաներում կլինեն և՛ հաղթողներ, և՛ պարտվողներ. նավթ ներմուծողներն ամենախոցելին են, իսկ հումքային արտահանողները կարող են շահել»,-եզրակացրել են փորձագետները։
Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիան ձևավորում է նոր շուկայական իրականություն՝ որտեղ ռիսկերը փոխանցվում են նախ և առաջ էներգետիկ ալիքով՝ ազդելով գնաճի, տոկոսադրույքների սպասումների և համաշխարհային աճի վրա։ Հիմնական գործոնը մնում է նավթի մատակարարման ռիսկի տևողությունը․ որքան երկար պահպանվի խափանման հավանականությունը, այնքան ավելի բարձր կլինեն շուկաների տատանումներն ու մակրոտնտեսական ճնշումները։
Ամունդի ներդրումային ինստիտուտ
Ամունդի ներդրումային ինստիտուտը ստեղծվել է հաճախորդների հետ ռազմավարական երկխոսությունը բարելավելու և Ամունդիի առաջատար դիրքը տնտեսական և ֆինանսական հետազոտությունների ոլորտում ամրապնդելու համար: Այն վերլուծություններ է տրամադրում տնտեսական և շուկայական զարգացումների վերաբերյալ, ներառյալ դրանց ազդեցությունը ներդրողների վրա:
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասին
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2026թ․ փետրվարի 28-ի դրությամբ կառավարման ներքո ակտիվերը կազմել են շուրջ 785.8 մլրդ դրամ։
Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2․38 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2025թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 66 մասնաճյուղ։



