Եթե ՀՀԿ-ի կողմից առաջնորդություն լինի, իմպիչմենտը կարող է ընտրությունների ֆոնն ավելի բարենպաստ դարձնել․ Վիգեն Հակոբյան
Հրապարակվել են IRI-ի՝ փետրվարի սկզբին արված հարցման արդյունքները, ըստ որոնց, օրինակ, ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ ունի 24 տոկոս, երկրորդ տեղում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է՝ 9 տոկոսով, ապա «Հայաստան» դաշինք/ՀՅԴ միավորումը՝ 3 տոկոսով, և Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն՝ դարձյալ 3 տոկոսով։
Քանի որ այս հարցումներին նախորդել էին տարատեսակ տեղեկություններ, թե Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դիմել են Միջազգային հանրապետական ինստիտուտին՝ խնդրելով չհրապարակել իրենց հարցումների արդյունքները, հանրային ու քաղաքական շրջանակներում այս հարցումների առնչությամբ առկա են թերահավատ մեկնաբանություններ։
Ի դեպ, մամուլում այս օրերին պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկություններ էին տարածվել նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչների՝ իշխանական պաշտոնյաների և ՔՊ-ականների հետ տեղի ունեցած հանդիպումների մասին։
ԶԼՄ-ներից մեկը գրել էր, թե «Քաղաքացիական պայմանագրի» խնդրանքն այն է, որպեսզի այդ հարցումները չհրապարակվեն, քանի որ, ի տարբերություն այլ կազմակերպությունների, Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումներն ավելի վստահելի են համարվում, իսկ վերջին հարցումներով Փաշինյանը բավականին լուրջ հետընթաց է արձանագրել։
Որքանո՞վ է հնարավոր IRI-ի հարցումներում՝ իշխանություններին աջակցելու նկատառումներով ուղղորդման հնարավորությունը՝ 168․am-ը հետաքրքրվեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանից։
Ի պատասխան՝ Վիգեն Հակոբյանը չբացառեց նման մոտեցումը։ Համենայնդեպս նա հիշեցրեց, որ այստեղ հնարավոր է՝ դերակատարում է ունեցել ԱՄՆ Հանրապետականների դիրքորոշումը․
«Այդ թվերն այնքան էլ արժանահավատ չեն թվում, կարծում եմ` ուղղորդում եղել է՝ հաշվի առնելով նաև հենց նույն ԱՄՆ Հանրապետական կուսակցության դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի հանդեպ (հիշենք Վենսիկ հայտարարությունները և այլն), իսկ IRI-ը, այսպես ասած, նրանց տակ գտնվող սոցիոլոգիական ծառայությունն է։
Նույնիսկ հնարավոր ուղղորդման պայմաններում, թեև չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի վարկանիշը մաքսիմումը լինի 20 տոկոս, բայց ակնհայտ է, որ մյուս ուժերի պարագայում կորեկտիրովկա է արվել»։
Վերլուծաբանից հետաքրքրվեցինք նաև, թե, առհասարակ, ներքաղաքական պրոցեսներն այս փուլում ինչպե՞ս է գնահատում, և հաշվի առնելով դրսում ստեղծված իրավիճակը՝ ՀՀ-ի ներսում ի՞նչ է կանխատեսում․ մինչ ընտրությունները պրոցեսների ականատես կլինե՞նք, ինչի մասին, օրինակ, առաջարկ է եղել ՀՀԿ-ից, թե՞ ամեն դեպքում հարցերը կլուծվեն ընտրություններում կամ գուցե դրանից հետո։
«ՀՀԿ առաջարկի՝ իմպիչմենտի շուրջ պաշտոնական ռեակցիաներ դեռևս չկան, բայց չեմ կարծում, որ ընդդիմադիր այլ ուժերի կողմից մեծ ակտիվություն լինի այդ առումով։ Բոլորը զբաղված են ավելի շատ սեփական նախընտրական ծրագրերով, բայց դա չի նշանակում, որ եթե, օրինակ, նույն Հանրապետականը, որն այդ առաջարկի հեղինակն է, սկսի գործընթաց՝ մանավանդ փողոցային գործընթացի մասին եմ ասում, դա որոշակի ռեզոնանս չի առաջացնի և չի բերի նրան, որ մյուսներն էլ միանան։
Այսինքն՝ այստեղ առաջնորդության հարց կա․ եթե առաջնորդություն լինի հեղինակների կողմից, չեմ կարծում, որ փողոց գեներացնելու գործընթացում լինեն հակառակորդներ, որովհետև դա կարող է իսկապես հեշտացնել գործը նաև ընտրական գործընթացներում, այսինքն՝ ֆոնն ավելի բարենպաստ դարձնել»,- մանրամասնեց նա։
Դրսի պրոցեսների հնարավոր ազդեցության մասին իր դիտարկումներում՝ քաղտեխնոլոգն ընդգծեց, որ այդ ազդեցությունն այս պահի դրությամբ շատ մեծ չէ, սակայն առավել հավանական համարեց, որ այն ազդի Հայաստանում որոշակի հետաքրքրություն ունեցող արտաքին քաղաքական խաղացողների՝ օրինակ, Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Չինաստանի․․․ դիրքորոշումների վրա։
«Կարող է այնպիսի լարվածություն լինել, որ շատերին, ովքեր որ իրենց դիրքորոշումներն էին հայտնում հայաստանյան ընտրությունների վերաբերյալ, «ни до этого» լինի, որովհետև մենք տեսնում ենք՝ պատերազմը ծավալվում է»,- հավելեց նա




